Արտաշատի մարզադպրոցի դահլիճում ներկայում մնացել է բռնի տեղահանված միայն 2 ընտանիք։ Նրանք ևս առաջիկա օրերին կտեղափոխվեն։ Այս մասին հայտնել են ՏԿԵՆ-ից։
Այս հարկի տակ ավելի վաղ տեղակայվել էին 104 բռնի տեղահանվածներ։ Նախաձեռնությունը «Բռունցք 2020» բարեգործական հասարակական կազմակերպությանն է, որը ստեղծվել է 44-օրյա պատերազմի օրերին։
«Ա1+»-ը զրուցել է «Բրունցք-2020» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Մարկուս Ազադիանի հետ։
-Ինչպե՞ս կայացրիք տեղահանվածներին Արտաշատ քաղաքի մարզադպրոց տեղավորելու որոշումը։
Կարդացեք նաև
-Մտածեցինք կացարանով օգնել ու գնացինք Գորիս։ Բայց մեզ ասացին, որ այնտեղ կարիքն այդքան էլ չկա։ Հետո ծանոթներով հասանք Արտաշատ։ Համայնքապետի հետ հանդիպեցինք, և իրենց դուրը եկավ մեր գաղափարը։ Մենք ասացինք, որ մեզ միայն տարածք է պետք, իհարկե, լավ կլինի փակ տարածք, որ անհրաժեշտ պայմանները լինեն։ Իրանք մեզ ցույց տվեցին Արտաշատի բասկետբոլի նախկին սպորտդպրոցը, հիմա էլ չի գործում։ Մենք տարածքը նայեցինք ու հավանեցինք։ Մեր նպատակը եղել էր 100 մահճակալ, իսկ մյուս օրը 50 մահճակալ ունեցել ենք, որոնցից 46-ը երեկոյան արդեն զբաղված էին։ Մենք այդ ամենը ստեղծեցինք 24 ժամում։ Իհարկե, համայնքապետարանը մեզ շատ օգնեց` վերանորոգելով մարզադպրոցի քանդած հատվածները։Մեր նպատակն էր, որ մեր հայրենակիցները դրսում չլինեին։
-Քանի՞ հոգի եք ընդունել այս ընթացքում։ Հետո ու՞ր են տեղափոխվում նրանք։
-Ամեն անգամ փոփոխվում է բնակիչների թիվը, քանի որ շատերը դուրս են գալիս, շատերը գալիս են։ Ընդհանուր 104 հոգի են եղել։ Սպորտդպրոցից դուրս եկող ընտանիքները բնակություն են հաստատում և՛ Արտաշատում, և՛ Երևանում, և՛ մի շարք այլ բնակավայրերում։
-Առաջիկայում կազմակերպությունը նախատեսո՞ւմ է այլ աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը։
-Ապագայի մասին մենք դեռ քննարկում ենք ու չգիտենք։ Ինչքան դեռ կարողանում ենք, կարող ենք օգնել և ֆինանսավորել։ Մենք նման ենք շտապ օգնության։ Օրինակ, երբ մարդ վատանում է, մենք գալիս ենք ու ցուցաբերում ենք շտապ, առաջնային օգնություն, իսկ հետո մեկը պետք է գա, որպեսզի բուժի հիվանդին։ Իսկ բուժելու գործը մենք չենք կարող անել։
Լուսանկարը` «Բրունցք-2020» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից
Զրուցեց Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆԸ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում