Մենք արտաքին քաղաքական վեկտոր չենք փոխում. հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի մոտ շատ հարցեր է առաջացրել:
«Ես ինքս ինձ համար չունեմ պատասխան ՝ ինչ է նշանակում վեկտորը չի փոխում եւ որ վեկտորի մասին է խոսում: Վարչապետի խոսույթը, բառապաշարը վերջին շրջանում պահանջում է պետական թարգմանիչ նոտարական մակարդակի, որը հաստատի՝ որ խոսքը ինչ է նշանակում, որովհետեւ սա բառախաղ է: Վեկտորը, իհարկե, քաղաքական կատեգորիա չէ եւ ինչ նկատի ունի նա, ես հիմա դժվարանում եմ ասել, իսկ միգուցե նա նկատի ունի հենց այն վեկտորը, որը նա վերջին շաբաթներին ու ամիսներին է հայտարարել: Ես չգիտեմ՝ որ վեկտորի մասին է խոսքը ու հոգնել եմ այդ բառախաղերից: Չեմ ուզում մեկնաբանել այն, ինչն ինքս չեմ հասկանում: Ես խոսքերին չեմ հավատում, մենք հավատում ենք գործողություններին: Վարչապետի ու իր թիմի գործողություններն իրականացվում են արեւելյան մարտարվեստի ոճով, որտեղ երբեմն անգործությունը փոխարինում է գործողությանը: Այսինքն՝ ինքն ավելի շատ խուսափում է, քան քայլ է անում: Նա գործում է չգործելով, տեսեք՝ չգնալ Բիշքեկ, չգնալ Տուլա, չգնալ ռազմական վարժանքների, չգնալ որեւէ գագաթաժողովի, չմասնակցել, բոլոր այդ գործողություններն ունեն ժխտական «չ» մասնիկը: Մենք հիմա քննարկում ենք ոչ թե ռազմավարություն, այլ՝ մարտավարություն, իսկ սա միշտ վտանգավոր է: Իմ տպավորությամբ՝ ռազմավարությունը 2022-ին փոխվել է, եւ մենք գիտենք դրա օրինակները: Հոգնեցուցիչ է ազգի համար հետեւել այդ մարտավարական ելեւէջներին, հոգեմաշ է: Ես համարում եմ, որ դա մեծ սխալ է ու ափսոսում եմ, որ մեր հոգնած ժողովուրդը ստիպված է օրը մեջ ամեն հայտարարությունից կամ ճառից հետո մեկնաբանել, թարգմանել: Ես պարզապես չեմ կարող հավատալ, որ ՀՀ ղեկավարությունը ու հասարակությունը կարող է շարունակել այն փակուղային ընթացքը, որը մեզ արդեն բերել է անդունդի եզրին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:
Մեր զրուցակիցը վստահ է, որ մեր ինքնության պահպանումը, ազգային անվտանգությունը արեւմտյան ոչ թե վեկտորի, այլ կողմնորոշման մեջ է. «Որովհետեւ Հայաստանը Եվրոպա է, մենք պատկանում ենք Եվրոպական քաղաքակրթությանը, քրիստոնեական քաղաքակրթությանը: Այդ ռուս-բոլշեւիզմը, կայսերապաշտ տոտալիտարիզմը միշտ խորթ են եղել մեր ժողովրդին: Միթե դեռ պետք է բացատրել, երբ մենք առայսօր դուրս չենք եկել ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ ԱՊՀ-ից, նույնիսկ տեխնիկապես իրավունք չունենք մեղադրել որեւէ մեկին մեր պաշտոնապես հակառակ դաշինքից: Այսինքն՝ դուրս չգալով մի ռազմաքաղաքական դաշինքից՝ ինչպես կարելի է պահանջել ուրիշ, հակառակորդ դաշինքի աջակցությունը: Ուրիշ հարց է՝ ինչ կլիներ, եթե դա մենք անեինք շուտ: Միանգամայն համոզված եմ, որ մենք կխուսափեինք բազմաթիվ կորուստներից… եթե մենք ճիշտ կողմնորոշվեինք 2018-ին, չէինք ստանա 2020 թվականի պատերազմը մարդկային ու տարածքային, բարոյական այդպիսի կորուստներով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Երբ արտախորհրդարանական ուժերով հանդիպում էիք նրա հետ, ումից հիմա դժգոհում ես, չէիք հասկանում?, որ նա վեկտոր չունի (վեկտորն իրենից ներկայացնում է մեծություն և ուղղություն)։ Մի մարդ եթե հայտարարում է, որ իզմ-երից զուրկ է, ինչպես? նա կարող է վեկտոր ունենալ։ Այդքան դժվար? էր հասկանալ, որ նա արևմտամետ կուսակցությունների հետ հանդիպելով ուզում էր արևմուտքին ցույց տալ, որ դեպի իրենց է թեքվել։ Բայց ռուսները դրանից չէին անհանգստանում, որովհետև նիկոլն իրենց ճուտիկն է։ Հիմա հասկացաք?, որ արևմտամետներդ օգտագործվում էիք գավառական “շուստրիի” կողմից, պարզապես ձգելով նրա իշխանությունը և նպաստելով նրա հանձնողական ծրագրերի իրականացմանը։