Իսպանիայում թոքաբան աշխատող Արթուր Եսայանը միացել է «Սանտե Արմենի» (Santé Arménie) ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամի թիմին եւ այս օրերին վերապատրաստման դասընթացներ է անցկացնում Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի համար։
Ասում է՝ շտապ օգնության թիմում աշխատելը սթրեսային է, նախ պիտի կարողանաս զսպել հույզերդ։ Զարմացած է Հայաստանում բուժառուների հարազատների կողմից բժիշկների նկատմամբ արձանագրվող բռնության դեպքերից։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին՝ նման միջադեպ արձանագրվել էր Կապանի հիվանդանոցում․բուժառուի հարազատները ծեծել էին շտապօգնության աշխատակիցներին։
Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական հետապնդում եւ գործն այժմ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում է։ «Կոնկրետ Իսպանիայի օրինակը բերեմ։ Այնտեղ բժշկի ասածը օրենք է։ Շատ հազվադեպ է լինում, որ իրենք բժշկից բողոքեն։ Վստահում են բժշկին, ու եթե որեւէ թերացում կա, ապա դա չնչին է լինում ու հիվանդը չի նկատում, սուսուփուս սպասում է։ Հայաստանը բարդ ժամանակաշրջան է ապրում, կարծրատիպեր կան, որը կարծում եմ ՝ պիտի կոտրենք»,-ասում է Արթուր Եսայանը։ Եվրոպայում աշխատող բժիշկը սյունեցի իր գործընկերներին խորհուրդ է տալիս բուժառուի հարազատներին տեղեկացնել վիճակի մասին՝ նշելով թե ինչ աշխատանք են անում։ Այս դեպքում՝ բժիշկ Եսայանը համոզված է՝ բոլորը հանգիստ կսպասեն։
Կարդացեք նաև
«Ավելին ասեմ՝ երբեմն հարկավոր է հիվանդի հարազատներին ընդգրկել թիմային աշխատանքում։ Օրինակ սրտի մերսում է հարկավոր․ 12 տարեկանից սկսած բոլորին կարելի է սովորեցնել ու երբ, հարազատին ընդգրկում ես աշխատանքի մեջ, ապա ինքը կենտրոնանում է, չի խանգարում բժիշկներին»,-համոզված է Արթուր Եսայանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ