Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղից է գալիս Ռուսաստանի նկատմամբ հայերի կայուն հակասական վերաբերմունքը․ «Հայացք Երևանից»

Հոկտեմբեր 15,2023 10:27

Գրեթե անվիճարկելի է, որ Ռուսաստանի համար հայ ժողովուրդն ու նրա խնդիրները միշտ եղել են ընդամենը օսմանցիների եւ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները կարգավորելու միջոց, եւ Հայաստանն ու հայերը երբեք ռուսական քաղաքականության թիրախ չեն եղել: Հայերը կարող են միայն տարաձայնություններ ունենալ ռուսական քաղաքականության մեթոդների շուրջ, որոնց լույսի տակ էլ ոմանք ի դեմս Ռուսաստանի՝ տեսնում են փրկչի, ոմանք՝ թշնամու։

Եթե մեր ժողովուրդը կամ գոնե նրա քաղաքական դասը տարրական պատկերացում ունենար միջազգային քաղաքականության տրամաբանության մասին, նման հակասական ընկալում ընդհանրապես չէր առաջանա։ Բոլորը կիմանային, որ աշխարհում ընկերներ ու փրկիչներ չկան։ Կա ժողովրդի ինքնորոշման եւ ուժերի հավասարակշռության սկզբունքը, եւ նրանք, ովքեր դա հասկանում են, կարողանում են պաշտպանել իրենց շահերը։ Նրանք գիտեն՝ ինչպես պաշտպանել, քանի որ գիտակցում են, թե ինչ է ուժը եւ որտեղից է այն գալիս: Իսկ չիմացողները միշտ հովանավորություն են փնտրում։ Հովանավորի բանը դժվար է. վերջինս կա՛մ խնայում է իր «հաճախորդին», կա՛մ տալիս է որեւէ մեկին՝ խժռելու:

Բայցեւայնպես՝ հովանավոր կոչվածը, որը պարբերաբար զոհաբերում է հովանավորյալին, միշտ կարողանում է իր զոհին համոզել, որ ինքն է նրա փրկիչը։ Սա է քաղաքական կյանքի ճշմարտությունը, որը հայերիս մեծ մասը դժվար է հասկանում։ Բայց դա առանձին խոսակցության նյութ է: Հիմա փորձենք հասկանալ, թե որտեղից է գալիս Ռուսաստանի նկատմամբ հայերի այս կայուն հակասական վերաբերմունքը։ Դրա համար պարզապես պետք է հետահայաց դիտարկել վերածնված հայկական պետականության տարածքը եւ բնակչության կազմավորման գործընթացը։

Ինչո՞վ է սա առանձնահատուկ: Իմ նախորդ գրառումից պետք է պարզ լինի, որ ՀՀ-ն ծնվել է Շահ Աբաս I-ի կողմից ավերված մի տարածքում՝ նրա «վայրի» գոյությունից երկու դար անց։ Իսկ պատճառն աննշան էր. Կովկասում աշխարհաքաղաքական նոր խաղացողին՝ Ռուսաստանին, նոր ծրագրեր էին պետք, եւ այդ ծրագրերը հայերի հետ էին կապված: Այսպես ուրեմն՝ Ռուսաստանը որոշել է նրանց վերադարձնել լքված «ավետյաց երկիր»։ Շեշտում ենք՝ հայերը վերադարձան բնիկներից դարերով զրկված, գրեթե ավերակված մի տարածք, որտեղ բնակեցված էին այստեղ քշված քրդական եւ թյուրքական փոքրաթիվ քոչվոր ցեղեր։ Բայց սկզբում վերադարձան նույնպես սակավաթիվ հայեր՝ հիմնականում վերաբնակիչների ժառանգներ Պարսկաստանից։

Հայերի համար այս ճակատագրական վերաբնակեցման պատմությունը նույնպես աննշան էր։ Պարսկաստանում ներքաղաքական ճգնաժամի բերումով Ռուսաստանը 1722-ին արշավ ձեռնարկեց Կովկասում, որի արդյունքում ստացավ կասպիականի արեւմտյան ափը։ Օսմանյան կայսրությունը եւս առաջ էր գնացել այնտեղ։ Երկու կայսրություններն էլ 1724թ.-ին պետք է պայմանագիր կնքեին՝ ճանաչելով տարածաշրջանում Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները։ Փաստաթղթի դերն այն էր, որ տարածագոտին այդուհետ դադարում էր պատկանել բացառապես միջազգային պայմանագրերի օբյեկտ Սեֆյան Պարսկաստանին եւ Օսմանյան կայսրությանը։ 1724 թվականից Ռուսաստանը դարձել էր նման պայմանագրերի անփոխարինելի մասնակից։

 

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031