Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարության նմանօրինակ գործելաոճն ունի 1 պատճառ` կոծկել առարկայական հանձնաժողովի ամբողջական կազմը․ փորձագետ

Հոկտեմբեր 14,2023 20:03

ԿԳՄՍ նախարարությունը փորձում է կոծկել այն առարկայական հանձնաժողովի կազմը, որը հաղթող է ճանաչել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի այս պահին միակ դասագիրքը։

Ս/թ հոկտեմբերի 6-ին Սահմանադրությամբ ինձ վերապահված իրավանորմերի շրջանակներում հարցում էի ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին։

Հիշեցնեմ նաև, որ ավելի վաղ համապատասխան մասնագիտական հրապարակումներով դիմում էի ուղարկել ԿԳՄՍ նախարարին՝ առաջարկելով խոտանման ենթարկել ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված` հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» (հեղինակ՝ պ. գ. թ., դոցենտ Սմբատ Խ. Հովհաննիսյան) առարկայի դասագիրքը։ Սակայն անհիմն ու ոչ մասնագիտական հիմնավորումներով նախարարությունը մերժվեց իմ առաջարկը։

Այդ իսկ պատճառով ս/թ հոկտեմբերի 6-ին նախարարությունից հարցում կատարեցի` հետևյալ բովանդակությամբ.

«06» «10» 2023թ.

ՀՀ ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին

Հարգելի՛ տիկին Անդրեասյան.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով, խնդրում եմ ինձ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.

1. Ինձ տրամադրել` ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022թ. հունիսի 9-ի N 20-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» պահանջների հիման վրա ձևավորված այն առարկայական հանձնաժողովի ամբողջական կազմը (հստակ նշել հանձնաժողովի բոլոր անդամների անունները, ազգանունները, մասնագիտությունները և գիտական կոչումները), որը հավանության է արժանացրել` հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի այս պահին միակ դասագիրքը (հեղինակ՝ պ. գ. թ., դոցենտ Սմբատ Խ. Հովհաննիսյան)։

2. Ինձ տրամադրել հիշյալ առարկայական հանձնաժողովի փորձաքննության արդյունքները հավաստող փաստաթղթերի ամբողջական փաթեթի լուսապատճենները։

Վանո Կարապետյան
Պատմաբան, կրթության հարցերով անկախ փորձագետ

Դիմող` Վանո Կարապետյան

Օրեր անց` ս/թ հոկտեմբերի 13-ին, ԿԳՄՍ փոխնախարարի անունով ստացա հետևյալ պատասխանը.

N 02/09.2/28291-2023

Քաղաքացի՝ ՎԱՆՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Ի պատասխան Ձեր 2023թ. հոկտեմբերի 9-ին (իրականում հարցումը արվել է հոկտեմբերի 6-ին)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հասցեագրած դիմումի

Հարգելի՛ պարոն Կարապետյան

Տեղեկացնում եմ, որ «Հանրակրթության պետական նոր չափորոշչի» ներդրմամբ պայմանավորված նոր ստեղծվող դասագրքերի փորձաքննություն իրականացնող առարկայական հանձնաժողովների կազմը ձևավորվում է համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2022թ. հունիսի 9-ի N 20-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» 4-րդ գլխի 36-րդ կետի պահանջների, որոնց տվյալները հրապարակման ենթակա չեն:

Ինչ վերաբերվում է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի հանձնաժողովի փորձաքննության արդյունքների տրամադրմանը, ապա այն ներկայացվում է մրցույթային հանձնաժողովին: Վերջինս, հիմք ընդունելով փորձաքննություն իրականացնող առարկայական հանձնաժողովի կողմից տրամադրած եզրակացությունները, ամփոփում է դասագրքերի գնահատման արդյունքները՝ համաձայն սահմանված գնահատման սանդղակի:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՐԱՔՍԻԱ ՍՎԱՋՅԱՆ

ԱՄՓՈՓՈՒՄ

Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես տեսնում եք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իմ կողմից գրավոր հասցեագրած 2 (երկու) հարցերից ոչ մեկին չի պատասխանել։

Ես խնդրել էի ինձ տրամադրել այն առարկայական հանձնաժողովի ամբողջական կազմը, որը հավանության էր արժանացել Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագիրքը և ինձ տրամադրել տվյալ հանձնաժողովի փորձաքննության արդյունքները հավաստող փաստաթղթերի ամբողջական փաթեթի լուսապատճենները։

Նախարարության նմանօրինակ գործելաոճը ըստ իս ունի 1 (մեկ) պատճառ` կոծկել այն առարկայական հանձնաժողովի ամբողջական կազմը, որը հաղթող է ճանաչել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի խոտանման ենթակա դասագիրքը։

Այսքանով ամեն բան ավարտված չէ, ես շարունակելու եմ դասագիրքը խոտանման ենթարկելուն միտված իմ աշխատանքները։

Վանո ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Պատմաբան, կրթության հարցերով անկախ փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031