«Դեբատ» բանավեճի ակումբում ԱԺԲ խորհրդի անդամ, «Մոդուս Վիվենդի» ՀԿ ղեկավար, նախկին դեսպան Արա Պապյանը ասաց․ «Միանշանակ է, որ Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ, անցել է նախորդող բավականին ծանր շաբաթների միջով, բայց սա, ցավոք, դեռեւս զարգացող գործընթաց է, որը մեզ համար կարող է լինել եւ վատ, եւ լավ։ Ամեն ինչ կախում կունենա ՀՀ իշխանության գործունեությունից, ինչպես նաեւ աշխարհում տեղի ունեցող զարգացումներից։
Բնականաբար, ամենահրատապը մնում է Արցախի հարցը, գաղթականների հարցը։ 100 հազարից ավելի մարդ է եկել։ Իշխանությունը ինչ-որ բան անում է, բայց ես չէի ասի, թե դա բավարար է, որովհետեւ նման մեծածավալ ներգաղթը լուրջ խնդիր է բոլորի համար»,-ասաց բանախոսը եւ հիշեցրեց 1940-ականների մեծ հայրենադարձությունը, որը մեծ ազդեցություն էր թողել Հայաստանի վրա։ Սակայն նկատեց, որ այն ժամանակ Հայաստան ներգաղթել էր ավելի քիչ՝ 99 հազար մարդ։ «Դա եղել է երեք տարվա ընթացքում, ԽՍՀՄ-ը համեմատաբար պատրաստ էր եւ մարդիկ իրենց հետ բերում էին տարբեր բաներ, այդ թվում՝ ունեցվածքը։ Այս առումով արցախցի մեր հայրենակիցները դասական գաղթականներ են եւ մենք առաջինը նրանց ամեն ինչով պետք է օգնենք»,-ասաց Արա Պապյանը։
Սակայն նա Արցախի հարցը փակված չի համարում եւ հույս ունի, որ առաջիկայում այն բանաձեւը, որ Ֆրանսիան ուզում է Անվտանգության Խորհրդին ներկայացնել, միջազգային ներկայություն պետք է նախատեսված լինի Արցախի տարածքի համար։ «Թե ինչ է միջազգային ներկայություն, այսօր դժվար է ասել։ Եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով լուրջ եւ անժամկետ խաղաղապահ ուժեր, կարծում եմ, որ արցախահայության մի մասը կվերադառնա հայրենի տուն։ Բայց սա պետք է լինի վստահելի, երկարաժամկետ եւ ապահով ներկայություն։
Մյուս կողմից տեսնում ենք, որ մեր շրջապատում ամեն ինչ շատ արագ է փոփոխվում։ Մասնավորապես, արաբա-իսրայելական պատերազմը ահագին շեղեց աշխարհի ուշադրությունը Արցախի նկատմամբ աճող հետաքրքրությունից։ Մենք տեսնում էինք, որ ամեն շաբաթ մի քանի անգամ տարբեր առաջատար պարբերականներում եւ հեռուստաալիքներում խոսվում էր Արցախի մասին, բայց հիմա դա գնաց ավելի հետին պլան։ Ես կասեի, հիմա լրատվական դաշտում առաջին տեղում արաբա-իսրայելական պատերազմն է, երկրորդում՝ ռուս-ուկրաինական պատերազմը եւ մեր տեսանկյունից Արցախը երրորդն է»,-ասաց նա։
Կարդացեք նաև
Արա Պապյանը, սակայն, թվարկեց միջազգային կառույցներում վերջին օրերին Արցախին վերաբերող գործընթացները ու կրկին շեշտեց, որ շատ ու շատ բան կախված է լինելու Հայաստանի իշխանության գործողություններից, եթե կարողանա դրանք վերածել ինչ-որ արդյունքի։
«Մի բան հստակ է եւ կարծես Հայաստանի իշխանություններն էլ սկսում են հասկանալ, որ զիջումները անվերջ են։ Այսինքն, չկա մի եզր, որ մինչեւ այդտեղ զիջես եւ Ադրբեջանը բավարարված լինի»,-ասաց բանախոսը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ