Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Բաքու էլ կգնամ, Աֆրիկա էլ». Սամվել Բաբայանը՝ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին

Հոկտեմբեր 14,2023 18:40

«Բանակցություններ տեղի չեն ունենում, սկզբունքները համաձայնեցնելու շուրջ խոսակցություն է: Այ եթե սկզբունքները համաձայնվեն, նրանից հետո դեմ առ դեմ Բաքվում նստելու ենք խոսեք: Ես Բաքու էլ կգնամ, Աֆրիկա էլ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով իր կողմից առաջարկվող բանակցային փաթեթին: Նա տեղեկացրեց, որ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրն իր առաջարկի քննարկմանը՝ ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչությունում, ինքը մասնակցելու է, իսկ թե այլ ձեւաչափով ի՞նչ քննարկումներ են գնում զուգահեռաբար, իրեն չի հուզում:

Լրագրողի դիտարկմանը՝ եթե գնաք Բաքու, ձեզ կձերբակալեն, Սամվել Բաբայանն արձագանքեց, որ հանուն իր ժողովրդի՝ անձնազոհության է պատրաստ. «Էն որտեղ ձերբակալած հիմի պահում են, ես 26 տարեկան եմ եղել, որ ինձ պահել են: Իրենք ինձ գիտեն, ինձ չեն ձերբակալի, արխային մնացեք, ձերբակալում են նրանց, ովքեր իրենց պետք են»:

Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ ինքը, լինելով ՊԲ հրամանատար, չձերբակալվեց, բայց Ռուբեն Վարդանյանը, որը ռազմական գործողությունների համար հրամաններ չէր տվել, ձերբակալվեց, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Կխնդրեի ձեզ, որ Բաքու այդ հարցումն ուղարկեք: Ես իրենց ոչ պրեզիդենտն եմ, ոչ ոստիկանապետն եմ, որ իմանամ՝ ինչի՞, ո՞ւմ, ինչո՞ւ…Դուք եք Ռուբեն Վարդանյանին ձերբակալել՝ 5-րդ շարասյան լրատվական միջոցները: Ի՞նչ եք արել, երբ Սամվել Բաբայանը դուրս ա եկել, սկսել եք թմբկահարելը, որ սա ո՞նց ա անցել, սրան պիտի ձերբակալեին, խի՞ չեն ձերբակալել… սա պարիկով ա անցել, սա՝ կանանց շորերով… երբ որ թմբկահարել են, էս ամբողջը եփել են, էս ադրբեջանցիք հասկացել են, որ արա՝ տղերք, կարելի ա սրանց ձերբակալել, մի հատ էլ շոու անել»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ այսինքն, այն ցուցակները, որոնք ադրբեջանցիների ձեռքի տակ կային, ոչինչ չէի՞ն նշանակում, հայկական լրատվամիջոցների հրապարակումնե՞րն են հիմք հանդիսացել ձերբակալությունների համար, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Իհարկե, եւ ինձնից հետո, եւ ինձ հետ՝ 25 հոգի մարդ է անցել՝ գլխավոր դատախազներ, շտաբի պետեր, գեներալներ, բրիգադի հրամանատարներ. խի՞ չեն ոչ մեկի ձերբակալել, ինձ էլ հետը: Հենց դուք ասեցիք՝ «Հասան-Հասան, գազան ա թութ», ասին՝ էս ա: Հետո էլ ասում եք՝ Բաբայան, դու ես մեղավոր»:

Լրագրողները հիշեցրին մինչ այդ առեւանգումները, օրինակ, Վագիֆ Խաչատրյանին, ում առեւանգեցին իբրեւ Բաբայանի վարորդի: Սամվել Բաբայանը հայտարարեց, որ Վագիֆ Խաչատրյանին ինքը ծանոթ չէ ու կարծիք հայտնեց, որ ադրբեջանական բանտում նրան հավանաբար մի երկու անգամ ավել են ծեծել, քանի որ հայկական թերթերը գրեցին, իբրեւ նա եղել է Սամվել Բաբայանի վարորդը: Սամվել Բաբայանը հայկական լրատվամիջոցներին մեղադրեց «դիվերսանտ աշխատելու» մեջ:

Անդրադառնալով մյուս ձերբակալություններին՝ Սամվել Բաբայանը հիշեցրեց՝ Արայիկ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել, քանի որ նա ասել էր, որ ինքն է Կիրովաբադին հարվածելու հրաման տվել: Իսկ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին խոսելիս էլ հորդորեց լսել նրա վերջին շրջանի ելույթները ու հասկանալի կլինի, թե ինչի՞ համար են ձերբակալել:

Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններից նա ասաց, որ որեւէ մանրամասն չգիտի, գիտի այն, ինչ հայտնի է մամուլին:

Հարցին՝ ինչո՞ւ ռուսները նախկին նախագահներին դուրս չբերեցին, պատասխանեց, որ իր համոզմամբ, ՌԴ-ն որեւէ խնդիր լուծելու ունակություն չի ունեցել. «Դուք ձեր ուղեղում դրել եք, որ վսեմագուչի ա, կարար աներ, բայց չի արել: Ես էլ ասում եմ՝ ոչ, չեր կարում աներ. ոչ ճանապարհը փակելուց, ոչ էլ հետո, ոչ մի խնդիր չէր կարողանում, անկարող էր»:

Այսօրվա ՌԴ-ն նա համեմատում է 1917 թվականի ՌԴ-ի հետ, իսկ թե մի քանի տարուց հետո ի՞նչ կլինի, ՌԴ-ն նորի՞ց կհզորանա՝ ժամանակը ցույց կտա:

Սամվել Բաբայանը նաեւ հավելեց, որ այն փաթեթը, որը Բաքվին ներկայացվել է, ներառում է նաեւ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձ:

Սամվել Բաբայանը հայտարարեց, որ սեպտեմբերի 19-ին, երբ Արցախը ռմբակոծվել է, Սամվել Շահրամանյանին փոխանցվել է, որ ինքն անգամ այդ պայմաններում պատրաստ է վերցնել պատասխանատվությունը, եթե նա հրաժարական տա, բայց վերջինս գերադասել է ԱՀ-ն լուծարելու հրամանագիր ստորագրել՝ թեկուզ պարտադրանքի ներքո, բայց իշխանությունը չի փոխանցել իրեն:

«Եթե Ադրբեջանին կամ որեւիցե մի այլ պետության պետք է, որ մի 1000-1500 մարդ վերադառնան, իրենք էլ օրինականացնեն, իհարկե՝ ոչ, իրենց պետք է դա, բայց մեզ պետք չի: Բայց եթե խոսում ենք այն մասին, որ մեր կարգավիճակով, իհարկե, ղարաբաղցիները վերադառնալու են»,- հայտարարեց բանախոսը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031