Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի մասնագետները վերապատրաստում են սյունեցի բուժաշխատողներին (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 14,2023 18:14

Սյունիքի մարզպետի աշխատակազմի եւ «Սանտե Արմենի» (Santé Arménie) ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում Կապանի բժշկական կենտրոնին հատկացվեց համապատասխան սարքավորումներով հագեցած մեքենա։

Ընտանեկան բժիշկների շարժական թիմերը պարբերաբար կլինեն այն գյուղերում, որտեղ առողջապահական ծառայությունները սահմանափակ են։ Մոտ 2 տարի է, ինչ  կազմակերպությունը նման  շարժական ամբուլատոր ծառայություններ մատուցում է Գորիս համայնքի գյուղերում։ Կապանի գյուղերում ծրագիրը շարունակելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Սյունիքի եւ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպի միջեւ այս տարի մարտին՝ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։ Բացի սրանից, «Սանտե Արմենիի» (Santé Arménie) մասնագետներն այս օրերին Կապանի բժշկական կենտրոնում  վերապատրաստման դասընթացներ են անցկացնում։

Ֆրանսիացի բժիշկ Ստեֆանի Բուասոն հմտություններն է փոխանցում կենտրոնի շտապօգնության ծառայության բուժանձնակազմին։ Մինչեւ Կապան հասնելը՝ վերապատրաստել է Գորիսի հիվանդանոցի շտապօգնության թիմին։  Նրա խոսքով՝ չնայած հայ բժիշկները կարողանում են ժամանակին շտապ բուժօգնություն ցույց տալ, բայց դեռ շատ աշխատանք ունեն անելու։

«Օրինակ, սրտի կանգի ժամանակ մերսումը պետք է իմանան բոլորը, ոչ միայն բժիշկները։ Հայաստանում շտապօգնության մեքենաներում սարքավորումների ու դեղամիջոցների հագեցվածություն չկա։ Եվրոպայում մենք ունենք շտապօգնության բժշկի առանձին մասնագիտացում։ Իսկ Հայաստանում նման ֆակուլտետ չկա, կարծում եմ դրա անհրաժեշտությունը կա, մանավանդ այն պարագայում, որ սահմանամերձ մարզերում կարեւոր է շտապ բուժօգնության որակյալ ծառայությունների մատուցումը»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ստեֆանի Բուասոն։

Բացի մասնագիտական վերապատրաստումից, ֆրանսիական կազմակերպությունը Կապանի հիվանդանոցին սրտի էլեկտրական վիճակը վերականգնելու 2 սարք նվիրեց։ Հիվանդանոցի շտապօգնության ծառայության համակարգող Նարեկ Գաբրիելյանի համոզմամբ՝ եվրոպացի բժիշկների կողմից փորձի փոխանակումն ու վերապատրաստումը նոր հմտություններ կտան սյունեցի բուժաշխատողներին։ Արցախցիների բռնի  տեղահանությունից հետո Կապանի շտապօգնությունն աշխատում է գերծանրաբեռնված։ « Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված կանչերի կտրուկ ավելացում ենք  արձանագրել։  Եթե նախկինում, օրական 15 կանչ էր լինում, հիմա 30-40 կանչ ենք ունենում։ Հիմնականում սուր-շնչառական, սիրտ-անոթային խնդիրների հետ կապված են լինում կանչերը»,-ասաց Նարեկ Գաբրիելյանը։

Ստորագրված հուշագրի շրջանակում  «Սանտե Արմենի»-ն կիրականացնի նաեւ այլ գործողություններ՝ նեղ մասնագիտական բուժաշխատողների վերապատրաստումներ, վերականգնողական կենտրոնների հիմնում, հոգեբանների աջակցություն եւ այլն։ Սյունիքի մարզում «Santé Arménie»-ի կողմից ծրագրերն իրականացվում են Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի ու այլ կազմակերպությունների աջակցությամբ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031