Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հետ բանակցելու իրավունք Սամվել Բաբայանին Արայիկ Հարությունյա՞նն էր տվել

Հոկտեմբեր 14,2023 17:17

Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին ԱՀ նախագահի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը՝ հիմնավորելով, որ ստորագրված փաստաթղթով մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ն Արցախի Հանրապետությունը գործում է: «Միակ լեգիտիմ մարմինը Արցախի խորհրդարանն է, որը որ պետք է նայի այդ որոշումը, ուղարկի գլխավոր դատախազություն, որը կնայի՝ կասի՝ որքանո՞վ է այդ որոշումն իրավական առումով համապատասխանում կամ չի համապատասխանում»,- ասաց Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ գլխավոր դատախազության որոշումից հետո արդեն խորհրդարանը կարող է քայլեր ձեռնարկել՝ հեռացնելով նախագահին, ընտրելով մարմին, որի կառավարման ընթացքում պետք է կարգավորվեն մարդկանց վերաբնակեցման եւ դրանով պայմանավորված այլ խնդիրներ:

Սամվել Բաբայանը մանրամասնեց՝ այս առաջարկն ամփոփող նամակով դիմել են Հայաստանում ԱՀ ներկայացուցչություն, նաեւ ԱՀ խորհրդարանի փոխնախագահին, որպեսզի կազմակերպեն: Թե ի՞նչ արդյունքներ կան, չգիտի: Տեղյակ է, որ առաջիկա երկուշաբթի-երեքշաբթի օրերին ԱՀ պառլամենտում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւ այդ կուսակցությունների ղեկավարները պետք է հավաքվեն եւ քննարկեն. «Եթե չհավաքվեն՝ պետք է այդ մարդկանց հետ խոսել եւ հասկանալ, ասենք, ի՞նչն է պատճառը: Իրենք ընդունում են, որ ճի՞շտ են վարվել ու վե՞րջ: Բայց դեռ չշտապենք, սպասենք՝ տեսնենք՝ կհավաքվե՞ն, կքննարկե՞ն»:

Ինքը՝ Սամվել Բաբայանը, միանգամայն իրատեսական է համարում արցախահայերի վերաբնակեցումը. «Առաջին հերթին մենք պետք է հասկանանք՝ Ադրբեջանն ինչի՞ է պատրաստ, ի՞նչ բանակցությունների է պատրաստ: Այն փաթեթը, որը մենք ուղարկել ենք, եթե պատրաստ է, ապա կասենք դրա մասին, այդ լիազորությունները կստանանք, կհասկանանք՝ ո՞վ է բանակցելու: Հիմա փորձել արդեն քննարկել՝ ճիշտ չէ: Ամեն դեպքում, հատուկ ծրագրերի վարչության մասին, որ ես խոսում էի, այդ ծրագիրը պետք է իրականացնել՝ լինի դա վերադարձ Արցախ, թե՞ վերաբնակեցում Հայաստանում»:

Ադրբեջանցիների հետ բանակցությունների մասին էլ ասաց. «Ես Եվլախի ձեւաչափ չգիտեմ. ո՞վ է բանակցել, ի՞նչ է բանակցել, ինչի՞ մասին է: Ես խոսում եմ այն փաթեթից, որ ես եմ ուղարկել Բաքու: Մնացածն ի՞նչ են խոսում, ինձ հետաքրքիր չի»:

Թե իր առաջարկած բանակցային փաթեթում ի՞նչ է գրված, Սամվել Բաբայանը չի մանրամասնում: Լրագրողի հարցին՝ ուղի՞ղ եք բանակցում նրանց հետ, պատասխանեց. «Հարցեր ես տալիս, որ խելքին մոտիկ չի, թեման փակի… չէ, հարեւանով»: Ասաց, որ մինչեւ սեպտեմբերի 19-ի պատերազմը, Բաքուն պատրաստ էր առաջարկների իր փաթեթը քննարկել: Լրագրողի հարցին՝ ո՞վ է այդ տեղեկությունն իրեն փոխանցել, պատասխանեց. «Տատիկս… դա լուրջ չի, ինձ հետ խոսում ես, ուզում ես քննես: Ադրբեջանը չի ուզում ՀՀ-ի հետ քննարկի իր ներսի խնդիրը: Ղարաբաղի խնդիրը ինքը համարում է իր ներսի խնդիրը եւ քո հետ պատրաստ չի քննարկի, իսկ եթե Ղարաբաղի ժողովուրդը՝ ընտրած իր ղեկավարով քննարկում է, դա արդեն այլ խնդիր է»:

Սամվել Բաբայանն ասաց, որ իր համար կանխատեսելի էր, որ արցախցիները մեկ մարդու նման դուրս են գալու Արցախից, եթե այն քաղաքականությունը, որը վարվում էր, շարունակվեր եւ այդ մասին ինքը ասել էր բոլորին՝ թե Արցախի, թե ՀՀ իշխանություններին:

Իր՝ իրավական պատասխանատվության ենթարկվելու մասին, քանի որ չլինելով իշխանության ներկայացուցիչ, բանակցել է ադրբեջանցիների հետ, հայտարարություններին էլ, Սամվել Բաբայանը պատասխանում է, որ պառլամենտական ուժը ներկայացնող կուսակցության ղեկավարը ունի դիվանագիտություն վարելու իրավունք. «ԱՀ Սահմանադրությամբ, ԱՀ նախագահը միակ արտաքին քաղաքականություն վարողն է, որը ինձ՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին, տվել է հնարավորություն, որ ես բանակցեմ: Եվ դրա մասին, պառլամենտում, իմ ելույթի ժամանակ, ես ասել եմ. բոլորն էլ քար լռությամբ լսել են ու ձեն չեն հանել: Շրջվել են դեպի Արայիկ Հարությունյանը, որը գլխով ասել է՝ այո ու դրանով ամեն ինչ ավարտվել է: Հիմա ես ուզում եմ հասկանամ՝ էդ 5-րդ շարասյունը ինչո՞ւ է այդպես գոռգոռում, ի՞նչ ա պատահել, հիվանդացե՞լ են: Քննչական վարչության տեղը գիտե՞ն, դիմումները գրեն, որ Բաբայանին դատեն: Ես իրենց մասին արդեն գրել եմ, որ իրենցով զբաղվեն: Կարում ե՞ն իրենք էլ գրեն, եթե կարում են՝ խնդրեմ»:

Մեկ այլ հարցի՝ հույսեր կա՞ն, որ Արցախն ինչ-որ կարգավիճակ կունենա, նա առաջարկեց չշտապել, բայց եւ հայտարարեց՝ եթե Արցախին հատուկ կարգավիճակ չտրվի՝ ինքնավար մարզի կարգավիճակ, արցախցիները հետ չեն գնա եւ չեն վերաբնակեցվի Արցախում: Հայաստանում վերաբնակեցման հարցը երկրորդ խնդիրն է, որի շուրջ խոսակցություն կգնա՝ կախված Ադրբեջանի պատասխաններից: Իսկ վերաբնակեցման պարագայում, ասաց, որ անվտանգության ապահովման տարբեր մեխանիզմներ կան եւ դա կազմակերպվելու է հիմնականում մեր ուժերով. «Ոչ մի միջազգային մեխանիզմ պետք չի, այդ թվում նաեւ այն ուժը, որը պիտի մեզ պաշտպաներ, վերջում պարզվեց, որ չի պաշտպանում»:

Սամվել Բաբայանը շարունակում է պնդել՝ Արցախը հանձնվել է Արցախի տվյալ պահի իշխանության ղեկին եղողների ամբիցիաների պատճառով: Կրկնում է՝ «մարդիկ հանցագործ են, պիտի պատասխան տան, որպեսզի չգա նոր մարդ, իրենք պատասխան չտան, իրենց դրածոն դնում են ու վերջ…Ղարաբաղ չկա, արխիվը վառած է, իրենց իսկ խելքով ոչ ոք չի կարա իրենց քննի»: Նա նկատի ունի Արցախի նախկին իշխանություններին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031