Ի լրումն Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին Արցախի նախագահի հրամանագրի վերաբերյալ իմ 28.09.2023թ. հրապարակման:
Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը 2023թ. սեպտեմբերի 28-ին ստորագրել է Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին հրամանագիր: Տվյալ հրամանագրի տեքստը չի հրապարակվել, այն առկա չէ նաև Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական՝ arlexis.am կայքում: Արցախի նախագահի կողմից նման բովանդակությամբ հրամանագիր ստորագրելու մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի 2023թ. սեպտեմբերի 28-ին հրապարակած հայտարարությունից:
Արցախի Հանրապետության ներպետական օրենսդրությունն Արցախի Հանրապետության որևէ պաշտոնատար անձի, այդ թվում նաև հանրապետության նախագահին, իրավունք չի տալիս դադարեցնել հանրաքվեով հռչակված Արցախի Հանրապետության գոյությունը: Հետևաբար, նշված հրամանագիրն ԱՊՕՐԻՆԻ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՈՐԵՎԷ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ: Սակայն, քաղաքական առումով, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեօկուպացիայի համատեքստում, անհրաժեշտ է չեղարկել տվյալ հրամանագիրը:
Նշված հրամանագիրը մինչև 2024թ. հունվարի 1-ը չեղարկելու համար առկա է իրավական երկու ճանապարհ՝
Կարդացեք նաև
Առաջին. Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ըստ որի՝ սահմանադրական արդարադատություն իրականացնելիս Գերագույն դատարանը օրենքով սահմանված կարգով՝ որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը, և 142-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ըստ որի՝ Գերագույն դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով սահմանված դեպքերում, կարող է դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի 2023թ. սեպտեմբերի 28-ի հրամանագրի համապատասխանությունը Արցախի Հանրապետության Սահմանադրությանը որոշելու համար:
Երկրորդ. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2019 թվականի մայիսի 30-ի ՀՕ-24-Ն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով, կարող է ստորագրել հրամանագիր Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին իր՝ 2023թ. սեպտեմբերի 28-ի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին:
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի և Գերագույն դատարանի բնականոն աշխատանքները վերսկսելուն խոչընդոտող հնարավոր խնդիրները՝ առավել իրատեսական է խնդրի լուծման երկրորդ տարբերակը, ըստ որի Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրում է Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին իր՝ 2023թ. սեպտեմբերի 28-ին ընդունած հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանագիր, որի մասին էլ հայտարարությամբ հանդես է գալիս Արցախի տեղեկատվական շտաբը:
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ