Լրահոս
Օրվա լրահոսը

Թադեւոս Ավետիսյան․ Եթե իշխանությունը նպատակ ունի, որ արցախահայությունն ամրանա մեր երկրում, շարունակի ապրել ու արարել Հայաստանում, պետք է լուծի երկու գլոբալ խնդիր․ «Փաստ»

Հոկտեմբեր 14,2023 10:44

«Արցախցիների խնդիրները վերաբերում են հանրային կյանքի բոլոր ոլորտներին, սոցիալական, հոգեբանական խնդիրներն ունեն նաև համալիր բնույթ: Պետության կողմից տրամադրվող աջակցությունը պետք է համարժեք լինի այդ համալիր բնույթին: Միայն ֆինանսական որոշակի հատուցումները, անկախ իրենց չափից, բավարար չեն և չեն էլ կարող լինել մարդկանց խնդիրները լուծելու իմաստով: Նրանք ֆինանսական կարճաժամկետ աջակցության խնդիր չունեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Գնահատելու համար, թե արդյոք պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության չափը բավարար է գոնե նվազագույն խնդիրները լուծելու համար, զրուցակիցն առաջարկում է դրանք համադրել Հայաստանում մեկ անձի հաշվով ամսական նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հետ: «Այն մոտ 80 հազար դրամ է: Մեկ անձի հաշվով դրանք նվազագույն ծախսեր են, որոնց մեջ ներառված չէ բնակարանի վարձակալության ծախսը: Հիմա, երբ մեկ անձին տրամադրվում է ամսական 50 000 դրամ, պետք է հասկանանք, որ դա նույնիսկ չի բավարարում բնակարանի վարձակալությանը և կոմունալ ծախսերին, եթե, օրինակ՝ վերցնենք չորս հոգանոց ընտանիքի հաշվով: Սա փաստ է: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ թռիչքային կերպով աճում է բնակարանների վարձավճարների չափը, ընդ որում՝ ոչ միայն Երևանում և խոշոր քաղաքներում, այլ նույնիսկ հեռավոր բնակավայրերում: Երկրորդը՝ մարդիկ չունեն կայուն եկամտի աղբյուր, և իրենց ծախսերը փոխհատուցելու համար իրենց միանվագ տվել են 100 հազար դրամ»,-նշում է ԱԺ պատգամավորը:

Հիշեցնում է՝ պետական ֆինանսական աջակցությունը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից ոչ բոլորն են ստացել: «Այստեղ իդենտիֆիկացնելու, լիարժեք հաշվառելու խնդիրները լուծված չեն: Բացի դա, բոլորին հավասարապես 100 հազար դրամ տալը՝ որպես առաջին քայլ, ինչ-որ ձևով արդարացված է, բայց հետագայում սոցիալական աջակցությունը պետք է լինի ընտանիքի գնահատված կարիքի հիման վրա, որ լինի հասցեական, խնդիր լուծող, արդար ու արդյունավետ: Բայց ինչ կարիքի գնահատման մասին է խոսքը, երբ ի սկզբանե փաստացի գոնե նվազագույն տեղեկատվության հաշվառում տեղի չունեցավ, և այն փնթի, բարձիթողի վիճակը, որը կար արցախցիներին ընդունելու օրերին, միանշանակ կարելի է համարել որպես առանցքային ձախողումներից մեկը: Առանց տեղեկատվության, մարդկանց հասցեների, ընտանիքի կազմի, սոցիալական խնդիրների մասին առանձնացված գնահատումներ անելը, եթե չասեմ անհնարին է, ապա էապես բարդացել է: Բայց պետք է այդ ճանապարհով անցնել, ոչ միայն հստակ հաշվառել ընտանիքի կազմն ու կառուցվածքը, այլ պետք է լիարժեք գնահատվեն առողջապահական, կրթական, սոցիալական և մնացյալ խնդիրները, որոնք ունեն արցախահայերը»,-հավելում է զրուցակիցը:

Շարունակում է՝ եթե իշխանությունը նպատակ ունի, որ արցախահայությունն ամրանա մեր երկրում, շարունակի ապրել ու արարել Հայաստանում, պետք է լուծի երկու գլոբալ խնդիր: «Առաջինը մարդկանց կայուն եկամտով՝ զբաղվածությամբ ապահովելու, իսկ երկրորդը դրան համակցված բնակարանի ապահովման խնդիրներն են: Ակնհայտ է, որ պետությունը 100 հազար արցախցու չի կարողանալու միանգամից ապահովել բնակարանային նվազագույն պայմաններով: Նախորդ տարիներին կային բազմաթիվ ծրագրեր, պետք է դրանք վերանայվեն, դրանցով պետական աջակցությամբ ստեղծվի իրական հնարավորություն և որոշակիություն արցախահայության՝ Հայաստանում բնակարանային ապահովման գործում: Այս հարցում պայմաններից մեկը մնալու է կայուն եկամտի խնդիրը: Մարդիկ պետք է նախ ունենան ապրելու հնարավորություն, այո, նաև պետք է իրենց մասնակցությունն ունենան իրենց բնակարանային խնդրի լուծմանը որոշակի վճարներով, իսկ դրա համար կարևոր է զբաղվածության խնդիրը:

60 հազարից ավելի չափահաս, աշխատանքային տարիքի մարդ Արցախում եղել է աշխատավարձ ստացող վարձու աշխատողներ, փոքր ու միջին բիզնեսով զբաղվող մարդիկ և այլն: Հիմա նրանք ունեն ներուժ, մեծ կարիք ու օբյեկտիվ անհրաժեշտություն կա, որ այդ ներուժը, հատկապես ու նաև պետական աջակցությամբ, գործադրվի Հայաստանում, ինչը բազմաթիվ մուլտիպլիկատիվ արդյունքներ կարող է ապահովել: Մարդկանց կայուն եկամտով ապահովումը նշանակում է նրանց սոցիալական բեռի թեթևացում, ընտանիքների խնդիրների լուծման ճանապարհի հարթում ՝ սեփական քրտինքով ու աշխատանքով, եկամուտներ պետական բյուջեում և ներդրում տնտեսության մեջ: Աճող տնտեսությունն արդյունավետ պահանջարկ է ներկայացնում աշխատուժի նկատմամբ»,-ասում է Թադևոսյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031