«ԼՂ-ի հայաթափումը երբեք մեր պլանների ու քաղաքական ցանկությունների, նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանության մեր օրակարգում չի եղել»,– կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արձագանքելով դիտարկմանը, որ մի կողմից՝ եթե հողի վրա մարդիկ չեն ապրում՝ այն անվերադարձ կորսվում է, ինչպես եղել է, ասենք, Նախիջեւանի պարագայում, բայց մյուս կողմից՝ մի՞թե Փաշինյանը մտածում էր, որ արցախցիները դառնալու են Ադրբեջանի քաղաքացիներ՝ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանն ասաց, թե պատահական չէ, որ նման տեքստեր են ասվում․ «Պատմության էջերում գրվելու են այս օրերի իրադարձությունները, եւ եթե ուղիղ տեքստով չգրվի էլ, թե ովքեր են մեղավորները՝ հաջորդ սերունդները հասկանալու են։ Հետեւաբար, իրենք պետք է անընդհատ շեշտադրեն, նարատիվներ ստեղծեն, թե իրենց պլաններում նման բան չկար։ Բայց եկեք գնանք դեպի անցյալ․ ցավոք, մեր ժողովրդի հիշողությունը իրականում կարճ է, դրա համար այն մարդիկ, ովքեր հանրային քաղաքական տիրույթում գործունեություն են ծավալում՝ պետք է պարբերաբար հիշեցնեն այս իշխանության ամեն քայլ, հայտարարություն ու գործողություն, որ արվել է, եւ արվել է, իմ խորին համոզմամբ, պլանավորված ձեւով։ Այդ հայտարարությունները եւ քայլերը պետք է տրամաբանորեն բերեին այսօրվա իրավիճակին»։
«Ոչ վաղ անցյալում՝ մինչ պատերազմը, վարչապետի տիկինը խաղաղության կեղծ օրակարգի շրջանակներում Ալիեւի տիկնոջը հրավիրում էր Շուշի թեյ խմելու,– մի օրինակ մատնանշեց Աննա Կոստանյանը։– Հանրային դաշտում ուղերձներ էին տարածվում, որոնք ենթագիտակցորեն, հասարակության մոտ դառնում էին օրինաչափություն։ Եվ հասարակությունը նմանատիպ նարատիվների ազդեցության ներքո սկսում էր հարմարվել այն իրականությանը, որը հետո պիտի ստեղծվեր, այսինքն՝ տրամադրվել, թե դե նորմալ է, միգուցե կարող է այդպիսի պահ գա, որ իրոք գան Շուշի թեյ խմելու Ալիեւի տիկինը կամ Ալիեւը․․․»։
Դիտարկմանն ի պատասխան, թե այսուհանդերձ՝ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրեց հրամանագիր, ըստ որի՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ՝«ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության անդամը հիշեցրեց, թե ինչ իրավիճակում է ստորագրվել այդ հրամանագիրը եւ վիճահարույց դիտեց, թե արդյոք նախագահն ունե՞ր պետության կազմալուծումը վավերացնող փաստաթուղթ ստորագրելու իրավունք։
Կարդացեք նաև
Արցախի եւ Հայաստանի որոշ շրջանակներ պնդում են, թե Արցախի հայաթափումն արագացրեց այն փաստը, որ զանց առնվեց Ադրբեջանի վերջնագիրը, որ եթե ընտրություն տեղի ունենա ու Սամվել Շահրամանյանն ընտրվի, ապա «հակաահաբեկչական օպերացիա» են սկսելու»։ Մինչդեռ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամները հոկտեմբերի 12–ին ընդունված բանաձեւում իրենց գործողությունն արդարացնել փորձող այլ դրդապատճառ են նշել՝ բնավ ոչ Արցախում իշխանափոխությունը։ Եվ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ 2517 (2023) բանաձևում այժմ նշված է, որ իրավիճակը սրվել է ականի պայթյունից ադրբեջանցի քաղաքացիական անձանց և իրավապահների սպանությունից հետո (a contributing factor to the escalation of the situation was the killing of Azerbaijani civilians and law enforcement personnel in a mine explosion and Azerbaijan took the decision to launch this show of force)։
Ինչո՞ւ են ուրեմն հայկական այդ շրջանակները, հակառակ ադրբեջանցիների պաշտոնական պատճառաբանության՝ շարունակում փորձել մեղքը բարդել Արցախի իշխանության վրա՝ հարցին ի պատասխան Աննա Կոստանյանը մասնավորապես ասաց․ «Ինքնարդարացում է, որովհետեւ 8-9 ամիս շրջափակումից հետո օբյեկտիվ հարցադրում է արվում ՀՀ իշխանությանը, թե ինչ արվեց, որ Արցախն ապաշրջափակվի։ Իհարկե, ոչ մի արդարացում չունեն, քանի որ Ադրբեջանի հետ համատեղ տանում են մի գործընթաց, որը եթե Ադրբեջանի շահերից է, ապա ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի շահերից է։ Նախագահի վրա մեղքը բարդելն էլի տրամաբանական է՝ իրենց տեսանկյունից, քանի որ իհարկե, քավության նոխազ պետք է սարքեն, որպեսզի մեղքի վեկտորներն իրենցից ուղղեն դեպի այն մարդը, որն այդ իրավիճակում համարձակվել է պատասխանատվություն ստանձնել»։ Ամփոփեց․ «Ամեն ինչ պլանավորվել, արվել, փաթեթավորվել է եւ կոտրվել այս մարդկանց գլխին, որ նրանք դառնան քավության նոխազ»։
Հաղորդման մյուս հյուրի՝ Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանի տեսակետներից հատվածներ կներկայացնենք քիչ անց։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ