Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ոչինչ էր, դառնում է ամեն ինչ: Հետո՝ նորից ոչինչ

Հոկտեմբեր 14,2023 10:00

Ինչո՞ւ են մարդիկ ձգտում իշխանավոր դառնալ: Ինչո՞ւ է նրանց մոտ առաջանում իշխելու, «գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ» ասելու ցանկությունը: Հավանաբար, դրդապատճառները կարող են տարբեր լինել, բայց ինձ թվում է, որ առանց հոգեվերլուծության հնարավոր չէ խնդիրը հասկանալ: Հավանաբար, այդ մարդիկ իրենց մանկության տարիներին կուտակել են ինչ-որ նեղվածություններ, դժգոհություններ, որոնք հասուն տարիքում փորձում են հաղթահարել՝ հրահանգներ տալով, ինչ-որ բաներ արգելելով, ուրիշների արժանապատվությունը նվաստացնելով:

Դա այս կամ այն չափով վերաբերում է բոլոր ժամանակների եւ բոլոր երկրների իշխանավորներին, բայց հատկապես նրանց, ովքեր եկել են, այսպես ասած, հեղափոխական ճանապարհով: Երբ նախկինում ճնշված դասակարգերի ներկայացուցիչները հայտնվում են իշխանական աթոռներին, ապա բացի նշված բարդույթներից, իր դերն է խաղում «չտեսության» գործոնը. «Ահա, ես եկել եմ. պատվեք ինձ՝ Արգիշտի թագավորի չափով, նստեցրեք ինձ ոսկեզօծ աթոռներին, կերակրեք ինձ արծաթե գդալներով»:

Յակոբինյանների, բոլշեւիկների եւ մնացածների փորձը ցույց է տալիս, որ թագավոր կամ իշխանիկ զգալու մոլուցքն ի հայտ է գալիս ոչ անմիջապես: Սկզբից նրանք «ժողովրդի ծոցից դուրս եկած են», համեստ ճամփորդներ են՝ ուսապարկերով, աշխատանքի են գնում ոտքով, հեծանիվով, մետրոյով, լրագրողների հետ շփվում են ազատ ու անկաշկանդ: Բայց վերջում գործը հասնում է նրան, որ լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել իրենց երդմնակալությանը, ինչպես որ դա տեղի ունեցավ երեկ:

Պարզ է, արարողությանը մասնակցում էր վարչապետը, եւ «սապոնվելու» ցանկություն ունեցողները շատ էին: Պալատականների ներկայությունն ավելի կարեւոր է, քան լրագրողներինը: Մանավանդ որ, ինչպես ասաց Արգիշտի թագավորի ներկայիս հետնորդ Տիգրան Ավինյանը, քաղաքապետարանը պաշտոնյաների եւ լրագրողների հանդիպման վայր չէ:

«Ով ոչինչ էր, նա դառնալու է ամեն ինչ»՝ այդպես էին երգում նույն բոլշեւիկները: Բայց դրանից հետո գալիս է անխուսափելի շարունակությունը՝ ով ամեն ինչ էր, դառնում է ոչինչ: Եվ այդպես շարունակ: Պատմության անիվը շարունակում է պտտվել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս, եւ նոյնանման մարդկային դասական իրականութիւնները եթէ նկատի առնուէին 2018ի պետական յեղաշրջումին ամենասկիզբները, եւ ըստ այնմ այ՛ն ժամանակ՝ խօսէին, գրէին եւ գործէին բաւարար չափով հայեր, ապա կը լինէր գոնէ հաւանականութիւն մը, որ չհասնէինք այս վիճակին:

    Գոնէ եւ նուազագոյնը՝ բոլշեւիկների օրինակը, ծանօթ չէ՞ր արդեօք բաւարար չափով հայաստանցիների, որպէսզի տեղի չունենար այդ հաւաքական ազգային ինքնասպանութիւնը… Կամ գոնէ, աւելի շատ հանդիսանային՝ այդ օրհասական մոլորումին դէմ, հանրային կերպով եւ համապատասխան ուժգնութեամբ արտայայտուողները, պայքարողները:

    Անակընկալ չկայ: Այժմու վարչակարգի պարագլուխները, սկսեալ Գերագոյնից՝ անծանօթներ չէին, գոնէ եւ վստահաբար Հայաստանի մէջ:

    Սակայն ի սկզբանէ, ոչ մի վայրկեան, խորքին մէջ, սիրոյ հետ կապ չունէր այդ «յեղափոխութիւնը»: Այլ՝ ատելութեան:

    Իսկ եթէ *սէրը կոյր է*, ապա ատելութիւնը՝ դեռ աւելի վստահաբար կոյր կը դարձնէ մարդս:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Լավատես says:

    Իրավունքին պաշտպանում է օրենքը, իսկ օրենքին պաշտպանում է ուժը: Եթե ուժ ես կիրառում, դու պետք է ներկայացնես այն օրենքը, որի պաշտպանության համար այդ ուժը կիրառել ես եւ որքանո՞վ էս դու իրավասու այդ ուժը կիրառելու, երբ հատուկ դրա համար ստեղծված են կենտրոնացված համակարգեր, որոնց ծառայության համար դու հարկեր ես վճարում: Այսօր խոսում են ինչ որ պետական շահերի մասին, բոլոր պետությունների շահը՝ դա իրենց ժողովուրդների անվտանգությունն ու զարգացումը պետք է լինի, որը բոլոր ժողովուրդների համար նույնն է, իսկ պետական շահերի բախումը նշանակում է, որ պետությունների ներկայացուցիչներից մեկը կամ էլ երկուսն էլ ուզուրպացրել են իշխանությունը իրենց ժողովրդի: Երբ խոսում ենք իրավունքից, հարց, մենք ո՞ր կառույցին ենք հարկ վճարում, որի պատգամավորները պետք է օրենք ստեղծեն այդ իրավունքը արդյունավետ իրականացնելու, ո՞ր ուժային համակարգին ենք հարկ վճարում՝ ոչ թե փողի տեսքով, այլ սեփական մարդկային ու ազգային շնորհքներով, որը արդյունավետ իրականացնում է օրենքը եւ օրենքի պաշտպանության տակ գտնվող իրավունքը: Վաղն, ասենք, մեզ վրացիների հետ կռվացրին, մենք հենց այսօր պետք է վրացիների հետ ստեղծենք վերպետական կենտրոնացված համակարգ, իր բոլոր կառավարական համակարգով՝ պարլամենտով, դատարանով ու գործադիր կառույցով, որը պետք է գործի երկու ազգային պետություն՝ մեկ կայսրություն կամ վերպետություն սկզբունքով, ապագայում ընդլայնվելով մյուս պետություններով, որն էլ պետք է իրագործի մեր ազգային պետությունների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Ուժն է ծնում օրենք, իսկ օրենքը ծնում է իրավունք:

    • Հ.Շ. says:

      Սակայն իշխանութիւնը համոզուած է որ, ամէն ինչ որ մտածում է, ծրագրում է, ասում ու անում է, ամէնը՝ յանուն Հայաստանի պետական շահերին է:

      Եւ փաստօրէն, Հայաստանի բնակիչների մեծամասնութիւնը համաձայն են, որ այդպէս է:

      Աւելի յստակ ըլլալու համար՝ ըստ վարչակարգին եւ ըստ այդ ժողովրդային մեծամասնութեան, Հայաստանի նախկին իշխանութիւնները չէին ծառայում Հայաստանի պետական շահերին, այլ՝ Արցախի շահերին, եւ նաեւ՝ Ռուսաստանի պետական շահերին: Ի հեճուկս Հայաստանի պետական շահերին: Իսկ հիմա, վերջապէս, Հայաստանի իշխանութիւնները զբաղւում են՝ Հայաստանով:

      Եւ այպէս ալ, կը շարունակուի: Նոյնիսկ յառաջիկայ պատերազմէն ետք ալ, եւ/կամ Հայաստանի վրայով թրքական միջանցքը բացուելէն ետք ալ:

      Չտեսա՞ք այսօր սիրուն օդապարիկները, Երեւանի երկնքում…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031