Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ կապիտանն ընդդեմ պաշտպանության նախարարության

Հոկտեմբեր 14,2023 13:00

2022թ. օգոստոսի 24-ին վարչական վերաքննիչ դատարան մուտքագրված բողոքի քննությունը նշանակվել էր 2024թ. ապրիլի 4-ին: Հետո նախագահող դատավոր Ա. Թովմասյանին նշանակեցին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, բնականաբար, ծագեց կազմը համալրելու խնդիր: Կազմը համալրվել էր եւ երեկ այս գործով որոշման հրապարակման օրն էր:

Զինվորական թոշակառու, պահեստի կապիտան Մկրտչյանը 17.09.1992 թվականից ընդգրկված է ՀՀ պաշտպանության նախարարության բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների հերթացուցակում եւ առ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունից բնակարանով կամ բնակարանի գնման վկայականով չի ապահովվել:

ՊՆ կապիտանն ընդդեմ պաշտպանության նախարարության հայցով դիմել էր դատարան: Զինվորական ծառայության ընթացքում, որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած եւ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների համար պահպանվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ստանալու իրավունքը: ՊՆ համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու գործընթացն իրականացնում է նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովը: Բնակարանային հաշվառման մեջ գտնվող երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, զինված ուժերից արձակված եւ առնվազն 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ստաժ ունեցող անձինք պահպանում են հաշվառման մեջ գտնվելու իրավունքը, իսկ հաշվառումից հանվում են Հանձնաժողովի որոշմամբ բնակարանային պայմանների բարելավման դեպքում:

Այս գործով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 09.11.2009 թվականի թիվ 1702 հրամանով, Վահրամաբերդի գյուղապետարանի 04.09.2002 եւ 26.03.2012 թվականների թիվ 2-47 տեղեկանքներով, Գյումրու քաղաքապետարանի բնակբաժնի պետ Ա. Պապիկյանի 02.04.2012 թվականի տեղեկանքով, Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ գյուղի վարչական ղեկավարի 27.09.2019 թվականի թիվ 111/19 եւ 112/19 տեղեկանքներով, հիմնավորվել է, որ Հ. Մկրտչյանը մինչեւ երկրաշարժը ընտանիքով բնակվել է մոր հետ՝ մորը պատկանող սեփական բնակարանում: 1988 թվականի երկրաշարժին տունը փլվել է, որից հետո Հ. Մկրտչյանը մինչեւ օրս ընտանիքով բնակվում է տնակում: Վերջինս երկարամյա ծառայության կապակցությամբ արձակվել է ՀՀ զինված ուժերի պահեստազոր՝ ուղարկվելով հաշվառման ՀՀ Ախուրյանի զինկոմիսարիատ: Ծառայությունը զինված ուժերում 23.10.2009 թվականի դրությամբ կազմում է 25 տարի 04 ամիս 23 օր: Հրաչյա Արտուշի Մկրտչյանը եւ ընտանիքի անդամները հաշվառման վայրից բնակարանով չեն ապահովվել եւ մինչեւ օրս հերթագրված չեն ԲԳՎ ծրագրում: Ընտանիքը բաղկացած է 5 անձից: Հ.Մկրտչյանը Գյումրու քաղաքապետարանի կողմից բնակարան չի ստացել, ԲԳՎ ծրագրից չի օգտվել: Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում նրա կողմից կնքված անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման կամ օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարված չէ:

Մարզի ընդհանուր իրավասության դատարանում բավարարվել է նրա պահանջը, ըստ դատարանի, ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը իրավունք չուներ հայցվոր Մկրտչյանին բնակարանի գնման վկայագրերի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ դրական եզրակացություն չտալու մասին որոշում կայացնել, քանզի վերջինիս բնակարանային պայմանները չեն բարելավվել եւ չեն վերացել հաշվառման մեջ գտնվելու հիմքերը: Պաշտպանության նախարարությունն իր հերթին բողոք էր բերել՝ պահանջելով բեկանել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031