Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կա – չկա

Հոկտեմբեր 14,2023 12:30

«Ո՞նց ես-ո՞նց չես», «ի՞նչ կա-չկա». սովորություն դարձած պարզ ու անմեղ հարցեր, որ հանդիպելիս տալիս ենք մեկմեկու: Պատասխանն էլ հարցի պես կարճ է ու անմեղ` «Շնորհակալություն, լավ» կամ «Ողջ լինես, առանձնապես` ոչինչ չկա»: Բայց, արդյոք, դրանք բուն իմաստով հարցեր են, պատասխանի կարոտ հարցեր: Հայկական հեքիաթներն էլ ռացիոնալ մտածողությամբ չմեկնաբանվող «նախերգ» ունեն` «Լինում է – չի լինում…», «Կար-չկար…», «Եղել է – չի եղել…»: «Կա-չկա»-ն մեզ հետ է ամենուր` թե՛ առօրյա կյանքում, թե՛ գրավոր կամ բանավոր խոսքում, «Սասնա ծռեր» եւ ժողովրդական այլ պատումներում, նաեւ` բարձրակարգ բանաստեղծական արվեստում: Ահա՛ «կա-չկա»-ի նման տարածվածության պատճառն ենք փորձել հասկանալ սույն հոդվածում:

Առօրյա պատկերացումներում «կա»-ն ու «չկա»-ն ունեն կոնկրետ իմաստ. կա` նշանակում է գոյություն ունի, ներկա է, առկա է, իսկ չկա՝ գոյություն չունի, բացակա է, անհայտ: Այնինչ միասին` որպես «կա-չկա», կերպարանափոխվում են, դառնում անհասկանալի, արտաքուստ անտրամաբանական, ներքուստ հակասական արտահայտություն, ինչը, այնուամենայնիվ, մեզանում օգտագործվում է ամենատարբեր առումներով:

Հեքիաթներում, առասպելներում, առակներում ու տարբեր կարգի պատումներում «կա-չկա»-ն ընկալվում է իբրեւ կախարդական աշխարհին հատուկ իրավիճակ, որտեղ ամեն ինչ պատրանքային է, բայց եւ հնարավոր: Մի այլ իմաստային «բեռ» է կրում այն, երբ ասում ենք, օրինակ` «Եկողը կա-չկա այսինչն է»: Դա նշանակում է` թերեւս, հավանաբար, ըստ երեւույթին: Իսկ մեկ այլ դեպքում, դիցուք` Հովհաննես Թումանյանի «Աղջկա սիրտը» պոեմում, «Կա-չկա նա է, որ նա է» նախադասության մեջ ստացել է միայն, միմիայն, լոկ իմաստը:

Վերհիշում ենք Ավետիք Իսահակյանի այս քառատողը եւ հասկանում, որ այստեղ «կան ու չկան» արտահայտությունն ունի ամեն ինչ, ամբողջը իմաստը.

Շատ մի՛ տխրիր, շատ մի՛ խնդար, սիրելիս,

– Այս աշխարհում եւ ոչ մի բան հիմք չունի.

Վաղանցուկ են, կան ու չկան, սիրելիս,

Բոլոր իրերն ու աստղերը անհունի:

Կարելի է նաեւ ենթադրել, որ «չկան» արտահայտում է նախկինում եղածը՝ մինչեւ ինչ-որ բանի «չկա» դառնալը: Մեծն  Թումանյանը «Դեպի անհունը» պոեմում խորհելով ներկայի, այս պահի մասին` այն մեկնաբանում է անցյալի հետ առնչակցության մեջ.

Էսօրն ինչ է որ, – մի երեկ է  նոր,

Էսօրն էլ կանցնի, երեկ կըդառնա,

Եվ սակայն կըրկին միեւնույն է նա:

Հարափոփոխ է ժամանակը Թումանյանի ընկալմամբ, սակայն ներքին անքակտելի մի տեւողություն է ժամանակը, ընթացք, որտեղ ներկան հասկանալ կարելի է միայն անցյալի հետ միաժամանակ:

«Կա»-ի եւ «չկա»-ի հարաբերակցությունը մի իմաստ եւս ունի. մեկի համար «կան» եղածն է, մյուսի համար «չկան» չունեցածն է։

«Կա-չկա»-ի բոլորովին մի այլ հարթություն է հայտնաբերում Հ. Թումանյանն իր այս քառյակում.

Բարձր է հընուց աշխարհըն Հայոց ու Մասիսը երկնադետ.

Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ-

Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,

Մինչեւ վախճանն անվախճանի քընընում է դարե դար:

Հասկանալ այս քառյակում պարփակված մտքերը, դրանում առաջադրված հարցերը, մեկնաբանել ու մեկնել դրանք, բացահայտել դրանցում գաղտնագրված մտածումները, բազմաթիվ շերտերն ու ծալքերը` իմ ուժերից վեր է: Կփորձեմ ընդամենը նշել մի քանի նկատառումներ, սակայն մինչ այդ մի քանի պարզաբանումներ իմ որոշ պատկերացումների վերաբերյալ:

  • 1921 թվականին գրված այս քառյակն ստիպում է անդրադառնալ հին հունական փիլիսոփայությանը, իսկ դրա համար պետք է պարզել, թե ինչ է նշանակում «հունականը»: Արդյո՞ք այդ փիլիսոփայությունը հունական է այն պատճառով, որ ձեւավորվել է Հին Հունաստանում եւ փիլիսոփաներն էլ եղել են հույն: Տվյալ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է նկատի ունենալ` որեւէ փիլիսոփայական դպրոց, ուղղություն հասկանալու համար հարկ է սկսել նրա հիմքերի բացահայտումից, այսինքն` առաջնային պատկերացումներից, սկզբունքներից, հիմնական հասկացություններից: Առանց դրանց` փիլիսոփայություն չի՛ք: Ահա, ուրեմն, տեսնում ենք, որ հույն ժողովուրդը իր զարգացման որոշակի աստիճանում սկսում է հղանալ տիեզերքի, մարդու, հասարակության, շրջապատող աշխարհի մասին պատկերացումները, փորձում դրանք համակարգել պատումներում, առասպելներում, հեքիաթներում, երգերում, ժողովրդական բառ ու բանում, ավելի ուշ շրջանում` նաեւ թատերգություններում, արվեստի գործերում: Այսպես է ձեւավորվել դիցաբանական աշխարհայացքը:
  • Առասպելական այդոս Հոմերոսին վերագրվողը հանճարեղ «Իլիական»-ում նկարագրված են հույների պատկերացումներն աշխարհի մասին, տարբեր խնդիրների լուծման եղանակներն ու նրանց գործողությունները, աստվածների գործերը, մարդկանց վերաբերմունքն աստվածների նկատմամբ եւ այլն: Ընդ որում, աստվածները մի կողմից` անմահ եւ գերբնական էակներ են, որոնք կարող են կատարել այն ամենը, ինչ չեն կարող մահկանացու մարդիկ, մյուս կողմից` աստվածները մարդեղացված են եւ ունեն այն ամեն լավ կամ հոռի հատկանիշները, որոնք բնորոշ են մարդկանց: Հոմերոսի շնորհիվ մեր առջեւ պարզվում են հին հույների մտածելակերպը, իրադարձությունների եւ երեւույթների ծագման պատճառահետեւանքային կապերը բացահայտելու նրանց, թեկուզ` պարզունակ, «ճաշացանկը», որի հիման վրա վեր են բարձրացել հունական քաղաքակրթությունն ու փիլիսոփայությունը: Եթե ինչ-ինչ պատճառներով հետագա սերունդներին չհասնեին Հոմերոսի պոեմները, միեւնույն է` հին հունական միտքը անպայման կբարձրանար գիտության, փիլիսոփայության աստիճանի` շնորհիվ զարգացող արտադրական հմտությունների, տեխնոլոգիաների, արհեստների, արվեստի, մշակույթի: Սա վերաբերում է շատ ժողովուրդների, այդ թվում նաեւ` հայերիս: Կոնկրետ մենք ունեցել ենք մեր «Իլիականը»՝ «Սասնա ծռեր» դյուցազներգությունը, որն առաջին անգամ գրառվել է միայն 19-րդ դարում եւ, կարծում եմ` անաղարտ վիճակում չի հասել մեզ: Այդուհանդերձ, «Սասնա ծռերի» եւ բազում այլ պատումների վերլուծությունը ուսումնասիրողներին բերել է եզրահանգման, որ հայերս ունեցել ենք ուրույն մտածելակերպ, ստեղծել մեր սեփական նյութական եւ հոգեւոր մշակույթը: Մեր ձեռքի եւ մտքի արգասիքը հանդիսացող մշակութային արժեքները, ինչը եղել են մեր հազարամյա պատմության ե՛ւ արդյունքը, ե՛ւ ուղեկիցը, բայց եւ ամեն հաջորդ սերնդի դարձրել նախնիների ձեւավորած մտածելակերպի «գերին»: Ի դեպ, ուշադրություն դարձրե՛ք դյուցազներգության վերնագրին. ինչո՞ւ է մեր ժողովուրդն ինքն իրեն անվանում «ծուռ»: Գուցե «ծուռը» նույն «կա-չկա»-ն է, չէ՞ որ հայերենում «ծուռ» բառն ունի  ե՛ւ գովելի, ե՛ւ պախարակելի իմաստ:
  •  Հին հունական միտքը կրկին դեպի իրեն է ձգում: Հիշատակվող առաջին փիլիսոփաներից Պարմենիդեսի ուսմունքի համաձայն` գոյություն ունի կեցություն եւ այն արտահայտվում է մտածողության մեջ: Իսկ չգոյություն գոյություն չունի, այն անկարելի է ո՛չ մտածել, ո՛չ արտահայտել: Այստեղից հետեւություն` ողջ Տիեզերքը հենց տրված կեցությունն է, իսկ ոչինչ դրանից դուրս գոյություն չունի, հակառակ դեպքում գոյություն կունենար նաեւ չգոյությունը: Եթե ասվածը փոխադրենք «կա»-ի եւ «չկա»-ի հարթություն, ապա կարող ենք ասել, որ «կա»-ն կա՛, «չկա»-ն չկա՛, իսկ «կա-չկա»-ն առհասարակ ավելորդ է, կարելի է ասել` անիմաստ է: Նման երկարժեք մտածողության հիման վրա է Արիստոտելը ձեւակերպել ձեւական տրամաբանությունը:
  • Հին հունական փիլիսոփայությունը միաժամանակ առաջադրել է մտածողության ներքին հակասականությունը բացահայտող դրույթներ: Մասնավորապես, Պլոտինոսը, երբ քննարկում է պատճառահետեւանքային առնչությունները, հանգում է նախագոյի գաղափարին, որը կատարյալ Սկզբնապատճառն է, կախված չէ ոչնչից, սակայն որից կախված է ամեն ինչ: Քանզի այն ստեղծում է գոյություն ունեցող ամեն ինչը, ապա վեր է գոյից, այն չկա: Բայց որովհետեւ ոչ մի գոյ չի կարող լինել առանց մեկ գոյ լինելու եւ տարբերվում է այն ամբողջից, որի մասն է կազմում, ուրեմն Սկզբնապատճառը, որ ո՛չ կա, ո՛չ էլ չկա, Մեկն է: Այսպիսով, եթե աշխարհը դիտարկում ենք գոյի եւ ոչ գոյի, կեցության եւ ոչ կեցության տեսանկյունով, հանգում ենք մտածողության հակասությունների, անբացատրելի պարադոքսների (օրինակ, «Սուտասանը» պարադոքսը):
  • Եթե մի պահ անտեսենք հին հունական մտածողության դրսեւորումները, ապա «կա-չկա»-ի տեսանկյունից՝ «կա»-ն եւ «չկա»-ն վերածվում են միասնության՝ «կա-չկա»-ն ամբողջականանում է, ազատվում ներքին լարումներից:
  • v Իսկ ի՞նչ է հուշում հայկական ուրույն մշակույթը, որի հնագույն հետքերը պահպանվել են ժայռապատկերներում: Ի՞նչ խորհուրդ ունեն հայկական ժայռապատկերները: Կարծում եմ` մեր հեռավոր նախնիները միանգամայն ի զորու են եղել հասկանալու, որ աշխարհը փռված է մեր շուրջը, մեր չորս բոլորը՝ ե՛ւ աջ, ե՛ւ ձախ, ե՛ւ վերեւ, ե՛ւ ներքեւ: Թեեւ յուրաքանչյուր ոք գտնվում է երկրի վրա, այսինքն՝ դեպի ներքեւ ուղղությունը սահմանափակված է, սակայն եթե մարդն աննշան իսկ երեւակայության ուժով մտովի «պոկվի» երկրից, կհայտնվի մի կետում, որտեղից արդեն կարող է պատկերացնել չորս ուղղությունները, որոնցից յուրաքանչյուրը ձգվում է անսահմանություն: Ստացվում է, որ ժայռապատկերներում հանդիպող քառաթեւ խաչը պատկերում է ողջ շրջապատը, այսինքն՝ տարածությունը, ինչը հենց Տիեզերքն է:
  • Բայց ասվածը դեռ ամենը չէ: Բանն այն է, որ մարդը մշտապես առնչվում է ամեն ինչի փոփոխության, անընդհատ շարժման հետ: Հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում այդ հանգամանքը նույնպես ինչ-որ ձեւով ամրագրել, եւ այդ ամենի արդյունքում ծնվում է շարժվող, փոփոխվող խաչի պատկերը՝ կեռխաչը, որը գտնվում է փոխակերպումների հավերժական հոլովույթի մեջ: Ուրեմն, համաձայնենք` եթե խաչը խորհրդանշում է Տիեզերքը, տարածությունը, ապա կեռխաչը խորհրդանշում է փոփոխվող, շարժվող Տիեզերքը եւ տարածությունն ու ժամանակը։
  • Խաչի եւ կեռխաչի մասին խորհրդածումները անպայմանորեն բերում են հավերժության խորհրդանիշին, որը փաստորեն խաչի եւ կեռխաչի ընդհանրացումն ու ամբողջացումն է: Չպետք է մոռանալ, որ խաչը, կեռխաչը, հավերժության խորհրդանիշն ունեն կենտրոն, եւ այդ կենտրոնը մարդն է: Այս երեք խորհրդանշաններն էլ, ըստ իս, «ինչ կա-չկա»-ի արտահայտությունն են: «Ինչ կա-չկա»-ն հավերժությունն է, որովհետեւ «կա»-ն արտահայտում է այսօրը, ներկան, կոնկրետը, իսկ «չկա»-ն վերաբերում է ամբողջին՝ ե՛ւ երեկվան, ե՛ւ այսօրվան, ե՛ւ վաղվան. Այսինքն` «կա-չկան» հնարավոր է ըմբռնել միայն անսահմանության, հավերժության ընդգրկումով:
  • Չափազանց ուշագրավ մտահանգումների է բերում «կա»-ի եւ «չկա»-ի դիտարկումը մաթեմատիկական առումով: Առիթ եղել է նշելու, որ մարդկային մտքի յուրաքանչյուր արդյունք աստիճանաբար օտարվում է, անջատվում իր հիմքից եւ սկսում զարգանալ սեփական ներքին տրամաբանությամբ: Ասվածը հավասարապես վերաբերում է նաեւ մաթեմատիկային: Բնական թվերի ի հայտ գալուց հետո հանդես են գալիս բացասական թվերը, արմատը, լոգարիթմական թվերը, կեղծ թվերը, զրո թիվը (0), անվերջությունը (∞ ), ձեւավորվում է հանրահաշիվը, էվկլիդեսյան երկրաչափությունից հետո ձեւավորվում են նաեւ ոչ էվկլիդեսյան երկրաչափությունները, բազմությունների տեսությունը եւ այլն, եւ այլն:

Մաթեմատիկայում բացասական թվի գաղափարի առաջացումից հետո բնական թիվը սկսում է կոչվել նաեւ դրական թիվ, եւ եթե իրական՝ բնական թիվն արտահայտում է գոյություն ունեցող իրական առարկաների քանակական կողմը, ապա հարց է հղանում, թե ի՞նչ է արտահայտում բացասական թիվը, այսինքն՝ այն ի՞նչ առնչություն ունի իրականության հետ:

Պայմանականորեն բացասական թիվն սկսեցին համարել որպես պարտքի արտահայտություն: Կարճ ասած, եթե դրական թիվը ցույց է տալիս առկա իրական առարկաները, ապա բացասական թիվը՝ ուրիշի համար առկա իրական առարկաները: «Կա-չկա»-ի լեզվով ասած՝ այն, ինչը ես չունեմ, չկա, ունի ուրիշը՝ կա: Նույնը վերաբերում է կեղծ (կոմպլեքս) թվերին, որոնք համարվում էին իրականության հետ առնչություն չունեցող մեծություններ, որի համար էլ կոչվեցին «կեղծ»: Սակայն շատ ավելի ուշ պարզվեց, որ դրանց օգնությամբ կարելի է նկարագրել միկրոաշխարհը (ինչպես, օրինակ, Շրյոդինգերի հավասարումը):

Ինչ վերաբերում է 0-ին, ապա ակնհայտ է, որ այն, մի կողմից` արտահայտում է ինչ-որ բանի սկիզբը, մյուս կողմից՝ գոյություն չունեցողը, բացական, «չկա»-ն: Սակայն 0-ն միաժամանակ նաեւ թիվ է, որքանով կարող է լինել թվաբանական գործողությունների մասնակից: Դրանով հանդերձ 0-ն ունի որոշակի առանձնահատկություններ, մասնավորապես, 0-ի վրա բաժանել չի կարելի: 0-ի վրա բաժանումը մաթեմատիկայում արտահայտվում է ∞ նշանով: Ընդ որում, նշանակություն չունի, թե ինչ թիվ է՝ մե՞ծ, թե՞ փոքր, բոլոր դեպքերում ստանում ենք ∞ (անվերջություն): Արտաքուստ ստացվում է, որ մեծ ու փոքր թվերը նույն բանն են: Նույն բանն է նաեւ 0-ով բազմապատկելիս. միեւնույն է` մե՞ծ, թե՞ փոքր, արդյունքում ստանում ենք 0: Կարճ ասած, 0-ով գործողություն կատարելը հանգեցնում է անորոշության, ընդ որում, ե՛ւ 0-ն, ե՛ւ ∞-ը մնում են տարբեր կարգի անորոշություններ:

Փորձենք ասվածը փոխադրել «կա-չկա»-ի լեզվին: Եթե 0-ն «չկա»-ն է, իսկ  ∞ -ը «կա»-ն է, միեւնույն է, դրանց միջոցով մենք առնչվում ենք իրականությանը: Սա չի՞ հիշեցնում Մեծ պայթյունի տեսությունը: Թումանյանի քառյակը հենց այս ամենի արտահայտությունը չէ՞:

Մեծ պայթյունը ստեղծեց Տիեզերքը: Դա չի՞ նշանակում, որ այն աշխարհը, որ ցանկանում ենք հասկանալ, ի սկզբանե, իր ամեն ինչով, օրինաչափություններով, նաեւ մարդկային բանականությամբ, պարփակված է եղել նախագոյի մեջ, «երբ չըկան էլ դեռ չըկար մինչեւ վախճանն անվախճանի», որը «քընընում է դարե դար»:  Եվ ի վերջո, այս ամենը չի՞ հանգեցնում «Ի ՍԿԶԲԱՆԷ էր Բանն» պնդմանը. այն «Բանը», որը մշտապես ուղեկցում է հայոց լեզվով հաղորդակցվողներին։

Շարունակելի

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031