Հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող Արթուր Չախոյանի վրա հնարավոր հարձակման դեպքով անցնող Էդգար Կուչուկյանի ներկայացուցիչ փաստաբան Սոս Քյարամյանը պնդում է, որ Չախոյանի ներկայացրած տեղեկությունները չափազանցված ու ճոխացված են: Փաստաբանը պնդում է, որ ճիշտ հակառակը՝ իր վստահորդին են դանակահարել, նա ունի բաց վնասվածք սրտի ձախ հատվածում, կողոսկրի կոտրվածք, թևերին ծակած տեղեր, ըստ փաստաբանի, ամենայն հավանականությամբ, էլի դանակով հասցված, նրան վիրահատել են, գտնվում է Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ-ում:
«Դեպքի վայրից Էդգար Կուչուկյանը փախուստի դիմելու որեւէ փորձ չի կատարել, հրապարակված տեսանյութի ֆոնի վրա Արթուր Չախոյանը հայտարարում է, որ ուզում էին շքամուտքում իրեն ծեծի ենթարկել, հետագայում արդեն լուրեր է տարածում, որ իր նկատմամբ մահափորձ են իրականացրել: Այն դեպքում, երբ իրենց կողմից հրապարակած նույն տեսանյութում թե՛ հարվածները, թե՛ վնասվածքները, թե՛ հայհոյանքները հնչեցվում են հենց իրենց կողմից, դանակը ցույց են տալիս հենց իրենք եւ հայտարարում, որ այն վերցրել են Էդգար Կուչուկյանից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Նրանից հետաքրքրվեցինք, թե ըստ իրենց, ինչպես է եղել դեպքը ու ինչպես է իր վստահորդը հայտնվել Չախոյանի շքամուտքի մոտ. «Ելնելով իմ պաշտպանական մարտավարությունից, գործի արդյունավետ ելքի հետ կապված ես իրական հանգամանքները չեմ պատրաստվում բացահայտել, դա հետագայում կփորձեն շահարկել ու դրա մասին հակափաստարկներ ու պատճառաբանություններ տարածել: Արթուր Չախոյանը հասարակության կողմից հայտնի անձ է, լսարան ունի, ցանկացած պրովոկացիոն, թեկուզ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որ տարածում է, մարդիկ միանշանակ հավատում են ու այդ ուղղությամբ քննարկումներ սկսում իրականացնել: Բայց խորհուրդ կտամ այդ լսարանին ուշադիր հետեւել այդ գործով հայտնի տեսագրությանը, որտեղ հստակ երեւում է, թե ով ում է հայհոյում, ով ում է խոշտանգում, ում մոտ է գտնվում դանակ ու ով է ի վերջո գտնվում դանակահարված վիճակում»:
Մեր հարցին՝ իսկ ումն է դանակը, փաստաբանն ասաց՝ չի կարող ասել, բայց ամեն դեպքում Էդգար Կուչուկյանի մոտ դանակ չի եղել:
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն հանգամանքին, որ իր վստահորդը երկու անգամ դանակահարության համար ազատազրկման է դատապարտվել՝ փաստաբանը ճշգրտեց. «Դանակահարության համար երկու անգամ չի ազատազրկվել, մի անգամ է եղել, այն էլ այդ դեպքի փաստական հանգամանքները, բնականաբար, էականապես տարբերվում են այս դեպքից, բացի այդ՝ անձի կատարած արարքը հետագայում վերագրել, որ եթե մի անգամ արել է, երկրորդ անգամ եւս հիմնավոր է մեղադրանքը, բնականաբար, առնվազն իրավաչափ չէ»:
Ինչ վերաբերում է այն տեղեկությանը, թե Էդգար Կուչուկյանը, իմանալով, որ Չախոյանը ադրբեջանցիներին տեղեկատվություն ու տեսանյութեր է տրամադրել, ու ինքը այդ հարցով ցանկացել է հանդիպել Չախոյանին, փաստաբանը պարզաբանեց, որ Կուչուկյանը լրիվ այլ գործով գտնվել է դեպքի վայրում ու ճանաչելով Չախոյանին՝ այդ հանգամանքների վերաբերյալ փորձել է խոսել, հետագայում ստեղծվել է իրավիճակ, որը Կուչուկյանի վերահսկողությունից ու կամքից դուրս է եկել:
Էդգար Կուչուկյանը քրեական վարույթի շրջանակում ո՛չ տուժողի, ո՛չ մեղադրյալի կարգավիճակ չունի: Փաստաբանն ասաց, որ դեպքի վայրում իր պաշտպանյալը գտնվել է միայնակ:
Ինչ վերաբերում է Չախոյանի նշած փախուստի դիմած եւս երկու անձանց մասին տեղեկությանը, փաստաբանն ասաց՝ տեղեկություններ չունի այդ մասին. «Այս պահի դրությամբ, ավելի քան վստահ ենք, որ եւս երկու անձ չի եղել, վարույթ իրականացնող մարմինը գուցե գործողություններ կատարի նրանց հայտնաբերելու ուղղությամբ, բայց ամեն դեպքում նման տեղեկատվություն չունենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ