Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության և նրանց ինտեգրացիայի հարցերն էին ընդգրկված Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի՝ հոկտեմբերի 12-ին կայացած նիստի օրակարգում։
Օրեր առաջ ՀԱԳՄ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ իր անդամներին, Միությունից դուրս բոլոր հայաստանյան և սփյուռքահայ գործարարներին, ինչպես նաև արտասահմանյան գործընկեր կազմակերպություններին կոչ անելով գործուն մասնակցություն ունենալ Արցախին պատուհասած արհավիրքի հետևանքների վերացման, բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների կենսական կարիքների բավարարման գործընթացին։ Նիստի մասնակիցները նախ ներկայացրեցին, թե իրենց ընկերություններն ինչ ուղղություններով ու ծավալներով են օժանդակություն ցուցաբերել, այդ թվում՝ սննդի ու կենցաղային միջոցների, հագուստի, կեցավայրի, աշխատատեղերի ապահովում։
Շնորհակալություն հայտնելով ձեռնարկված միջոցառումների համար՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հատկապես առաջնային խնդիրներից մեկը համարեց բռնի տեղահանվածներին աշխատանքով ապահովումը, որը, նրա խոսքով, արցախահայության՝ Հայաստանում ինտեգրվելու և հաստատվելու կարեւոր գրավականն է։ «Մենք չենք կարող թույլ տալ անցյալ դարի 90-ականների սխալը, երբ Ադրբեջանից եկած փախստականների զգալի մասը հեռացավ Հայաստանից։ Ամեն ինչ պետք է անել, որ արցախյան գենոֆոնդը պահպանվի, չփոշիանա»,-նշեց ՀԱԳՄ նախագահը։
Խորհրդի անդամները ներկայացրին իրենց մոտեցումները, դիտարկումները, հանդես եկան առաջարկներով։ Նպատակահարմար գտնվեց ամբողջացնել ինչպես տեղահանվածների կադրային շտեմարանը, այնպես էլ Միության անդամ ընկերությունների թափուր աշխատատեղերի ու մասնագիտական կարիքների ցանկը՝ հնարավորինս արագացնելով մարդկանց զբաղվածությամբ ապահովումը։
Կարդացեք նաև
Առաջարկվեց մեխանիզմներ մշակել նյութական, սոցիալական, կեցավայրով ապահովման, մասնագիտական վերապատրաստման աշխատանքները համակարգված կազմակերպելու նպատակով։ Հնչեցին գյուղական համայնքներում տեղահանվածների համար ամբողջական բնակավայրեր ձևավորելու ծրագիր մշակելու և իրականացնելու, մարզերում կիսակառույց շենքերի շինարարությունն ավարտելու ու արցախցիներին տրամադրելու, աջակցության աշխատանքները համակարգող խմբի ստեղծման և այլ առաջարկներ։ Նպատակահարմար գտնվեց պարբերական հանդիպումներ կազմակերպել Արցախից տեղահանված ձեռներեցների հետ՝ համատեղ գործարար ծրագրեր կազմելու և իրականացնելու համար։
Նիստում աշխատանքային խմբին հանձնարարվեց կարճ ժամկետներում ամբողջացնել հնչած առաջարկները, անհրաժեշտության դեպքում կազմել ճանապարհային քարտեզ։ Որոշվեց քննարկում ունենալ նաև գործադիր իշխանության պատկան կառույցների հետ՝ հրատապ կարիքների գնահատման, իրականացվելիք ծրագրերի համակարգման նպատակով։
Միության խորհրդի նիստին ներկա էր ու արցախահայ գործարարների դիրքորոշումները ներկայացրեց Արցախի արդյունաբերողների և գործարարների միության նախկին նախագահ Սամվել Հակոբյանը։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն