ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Լուսինե Ղարախանյանը եւ «Գոյ» մարդասիրական հիմնադրամի խորհրդի նախագահ Ազատուհի Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին:
Քննարկվել են Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտմանն ու դրա հետեւանքներին վերաբերող հարցեր:
Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման եւ միջազգային ճանաչման հարցը, ինչպես բազմիցս է նշել, այլընտրանք չունի եւ խնդրել է դեսպանին գործուն քայլեր իրականացնել հարցը միջազգային հարթակներում լսելի դարձնելու ուղղությամբ:
Պատգամավորը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից ժողովրդի բռնի տեղահանությունից հետո, ի թիվս այլ հրատապ հարցերի, անհրաժեշտություն է առաջացել խթանել Հայաստանում արցախահայության ադապտացմանը, նրանց ապահովել աշխատանքով, ինչպես նաեւ պահպանել ԼՂ մշակութային արժեքները:
Կարդացեք նաև
«Լեռնային Ղարաբաղի նախագահը երկրի լուծարման մասին փաստաթուղթը ստորագրել է ճնշման տակ, իսկ մենք գիտենք, որ ճնշման ներքո ստորագրված փաստաթուղթն իրավազորություն չունի: Մենք մի օր պետք է վերադառնանք մեր հայրենիք»,- ասել է Թագուհի Թովմասյանը:
ԼՂ պաշտոնյաներն էլ նշել են, որ Ադրբեջանը ԼՂ-ում ցեղասպանություն է իրականացրել՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, թույլ չտա, որ ոչնչացվեն մշակութային արժեքները:
Դեսպան Ջոն Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունը մշտապես Հայաստանի կողքին է: Նա կարեւորել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը:
ՀՀ ազգային ժողով