Շարունակվում է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: ԱԺ պատվիրակությունն աշխատանքային քննարկում է ունեցել ԳԴՀ Առեւտրաարդյունաբերական պալատի Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Անդրե Ֆրիչեի հետ:
Գեւորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված հումանիտար իրավիճակը` արձանագրելով, որ զարգացած ու ամուր տնտեսությունը հնարավորություն կտա հաղթահարել բոլոր խնդիրները: Նա նշել է, որ Հայաստանն ունի մեծ հետաքրքրություն գերմանական բիզնես միջավայրի նկատմամբ:
Գերմանական կողմը, մեջբերելով լրահոսում տարածված նյութերը, հետաքրքրվել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակով, Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար խնդիրներով` փաստելով, որ իրականում արաբա-իսրայելական պատերազմի ֆոնին Հայաստանի խնդիրները միջազգային լրահոսում ստորադասվել են, բայցեւայնպես ուշադրության արժանի են: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը, նշել, որ այս պահին Հայաստանն արժանապատվորեն հաղթահարում է իր առջեւ դրված խնդիրները: Նա հավելել է, որ Հայաստանը կարիք ունի միջազգային աջակցության եւ որ ժամանակն է պատժամիջոցների լեզվով խոսել Ադրբեջանի հետ, քանզի համոզվեցինք, որ զուտ մարդասիրական միջազգային արձագանքն ու կոչերն արդյունքում չկանխեցին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը:
Հայ խորհրդարանականները հանդիպել են նաեւ Միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի դաշնային գործադիր խորհրդի անդամ Անդրեաս Յահնի հետ:
Կարդացեք նաև
Ողջունելով հայկական պատվիրակությանը` գերմանական կողմը նշել է, որ լավատեղյակ են եւ հետաքրքրված տարածաշրջանում ստեղծված իրավիճակով:
ՀՀ պատվիրակության ղեկավար Գեւորգ Պապոյանը, հաստատելով այն միտքը, որ Հայաստանի ժողովրդավարությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունն արտաքին ուժերի ազդեցությամբ վտանգված են, ընդգծել է, որ Հայաստանը, ավելի քան երբեւէ, կարիք ունի Գերմանիայի աջակցության: Նա շեշտել է, որ Հայաստանի ժողովրդավարությունն անբեկանելի իրողություն է: Գեւորգ Պապոյանը գերմանական կողմի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ Հայաստանի պատվիրակությունն այսօր Գերմանիայում է, իսկ դա խոսում է այն մասին, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Գերմանիայի հետ փոխգործակցության ընդլայնմանը եւ տնտեսական համագործակցության զարգացմանը: Անդրադարձ է կատարվել տնտեսական սեկտորներին, որտեղ կարելի է նկատելի արդյունքների հասնել, մասնավորապես, էներգիայի բնագավառում: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանն արեւոտ երկիր է, տարվա մեջ կա երեք հարյուր արեւոտ օր, ուստի կարեւորում է արեւային էներգիայի դերը: Նա նշել է, որ այսօր Հայաստանն էներգիայի քսանհինգ տոկոսը ստանում է արեւից: Գեւորգ Պապոյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել գերմանական ցանկացած ներդրումային գաղափարի իրականացմանը:
Անդրեաս Յահնը, խոսելով իրենց առաջնահերթությունների մասին, եւս կարեւորել է Հայաստանի բիզնես սեկտորի հետ շփումները: Նա տեղեկացրել է, որ մարտ ամսին կազմակերպվում է մեծ միջազգային բիզնես միջոցառում եւ հրավիրել է Հայաստանին` ներկա լինել ամենաբարձր մակարդակով:
Գերմանական կողմը միեւնույն ժամանակ հետաքրքրվել է նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրներով:
Հանդիպումներին ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Նարեկ Գրիգորյանը, Արուսյակ Մանավազյանը, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:
ՀՀ Ազգային ժողով