Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում վերջին 3 տարիներին ունենք ինքնավնասումների ու մահացության դեպքերի աճ. Անդրանիկ Եղոյան

Հոկտեմբեր 13,2023 22:02

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել են ոչ մարտական պայմաններում բանակում մահվան դեպքերի և կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրները, վարժական հավաքների գործընթացում անձանց իրավունքների վիճակը, ինչպես նաև մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների համատեքստում:

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի աջակցությամբ կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Եվրոպայի խորհրդի, Ազգային ժողովի, Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Փաստաբանների պալատի, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Եվրոպայի խորհրդի Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականցման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ  զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների և ընդհանրապես Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերն իր առաջնահերթություններից են։

«Ինձ հասցեագրված անհատական բողոքները, թեժ գծին ստացվող ահազանգերը, զորամասեր և զինվորական մյուս հաստատություններ մեր այցերը, ինչպես նաև զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների հետ անընդհատ շփումները հնարավորություն են տալիս վեր հանել համակարգային ու ընթացիկ խնդիրները և դրանք դարձնել քննարկումների առարկա` նպատակ ունենալով գտնել խնդիրների լուծման կառուցակարգեր»:

Նիստի ընթացքում ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը ներկայացրել է խաղաղ պայմաններում մահվան դեպքերը և բանակում կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրները. «Զինված ուժերի մարտունակությունն ուղիղ կապված է զինվորական կարգապահության հետ։ Բանակում վերջին 3 տարիներին ունենք ինքնավնասումների ու մահացության դեպքերի աճ, ինչը խիստ մտահոգիչ է:

Պաշտպանի աշխատակազմում այս պահին ակտիվ վարույթներում են գտնվում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով մի շարք դիմում֊բողոքներ և քննարկման ընթացակարգեր: Այս բոլոր խնդիրները մենք դասակարգում ենք ինչպես թեժ գծի ահազանգերի, գրավոր և բանավոր բողոքների, ԶԼՄ հրապարակումների, այնպես էլ՝ զորամասեր մշտադիտարկման այցերի և զինվորականների հետ առանձնազրույցների հիման վրա»:

Խորհրդի նիստում քննարկվել են նաև վարժական հավաքների գործընթացում անձանց իրավունքների պաշտպանության վիճակը, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի իրականացրած տարբեր մշտադիտարկման այցերի ընթացքում վերհանված խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Մասնակիցները հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնել են ոլորտին վերաբերող համակարգային հարցերը: Տեղի է ունեցել խորհրդի նիստի աշխատանքների ամփոփում և հետագա անելիքների վերաբերյալ մտքերի փոխանակություն։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի, իրավասու պետական մարմինների և քաղաքացիական հասարակության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը, որի արդյունքում հերթական անգամ արդյունավետ հարթակ ստեղծվեց առկա խնդիրները համատեղ քննարկելու համար:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031