Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախից ձեռքերս դատարկ՝ հեռանում էինք, իսկ իրենք ծիծաղելով՝ հաջող էին անում»․43-ամյա տղամարդու հիշողությունները

Հոկտեմբեր 13,2023 21:44

Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում կամ ինչպես առավել հայտնի է Գանձասարում ծնված 43-ամյա Աշոտ Լազարյանը, որն իր կնոջ ու երեք անչափահաս զավակների հետ ժամանակավոր բնակություն է հաստատել  Շիրակի մարզ Աշոցք խոշորացված համայնքի  Թորոսգյուղի «Աղաջանյան» ճամբարում, Արցախից հեռանալիս՝ իր հետ վերցրել է ծննդյան ամենաթանկ նվերը՝ փայտյա նարդի, որի մի կողմում Գանձասարն ու Ղազանչեցոց եկեղեցին են, մյուսում՝ Արցախի զինանշանն  ու  «Դեդո-բաբո» հուշարձանը։ Նարդին բացելիս՝ բացվում է Արցախի քարտեզը։

Աշոտ Լազարյանն  Արցախում թողել է իր ամենաթանկ մարդկանց՝  նահատակված ընկերներին, ծանր է տանում նաև Գանձասարի վանական համալիրն այլևս չտեսնելը։

Ասում է՝ տունը սեփական ձեռքերով էր կառուցել, բայց չի ափսոսա, եթե փլուզվի, նորը հնարավոր է կառուցել, ամենածանրը հարազատ, թանկ մարդկանց կորուստն է։

Կինը՝ Լուսինե Լազարյանը, որը լուռ, մտախոհ նստած՝լսում էր մեր զրույցը՝ հանկարծ միջամտում է՝ ասելով, թե հեռանալիս  տան դռները չեն փակել, բանալին պահում է իր մոտ։ Սեղանի վրա դառը հիշողություններ արթնացնող  կտրոններ են՝ հացի, շաքարավազի ու այլ ապրանքների։

Կինն ամեն օր, ողջ գիշեր՝ ժամ 1․00-ից մինչև  լուսաբաց 7․00-ն հերթ է կանգնել, որ երկու սև հաց ձեռք բերեր, որոնք ուտելու համար պիտանի չէին, մյուս ապրանքներն էլ մեծ դժվարությամբ կամ ընդհանրապես չեն ճարել։

Մի անգամ Աշոտ Լազարյանը փորձել է 140 հազար դրամով 20 լիտր բենզին ձեռք բերել, որպեսզի կարողանա մեքենայով գնալ ալյուր ճարելու, բայց փողը վերադարձրել են, թե 150 հազար դրամով մեկ ուրիշն արդեն ձեռք է բերել։

Հիշում են հերթերի ժամանակ մարդասպանության դեպքեր են եղել․ հերթի ժամանակ մի կնոջ  խփել են, «լեղապարկը տրաքել է» մահացել է, մի տուփ ծխախոտի համար էլ մարդ էին դանակահարել, նա էլ է մահացել։ Ըստ մեր զրուցակցի, հացի սև ու ուտելու համար ոչ պիտանի լինելը տանելի էր, անտանելին չպաշտպանվելն էր։

Հարձակման ժամանակ ամենաշատ զոհեր տված գյուղերից մեկը, ըստ Աշոտ Լազարյանի, Վանքն է, 1540 բնակչից մոտ 20-ը տուժել են, 11-ը զոհվել են, կան անհետ կորածներ, վիրավորներ։

Աշոտ Լազարյանը պայմանագրային զինվորական է եղել, վերջին շրջանում աշխատել է զորամասում՝ որպես վարորդ։

Զորամասում պատրաստ են եղել կրակելու, բայց հրաման չեն տվել, այդուհանդերձ ճանապարհի մեջտեղում ինքնաձիգով մարտեր ընթացել են, թշնամին թե՛ դիմացից , թե՛ հետևից է հայտնվել։

Իրենք երբեք չեն մտածել,  թե  Արցախն ամբողջապես կհայաթափվի։

Մեր զրուցակիցը չի պատկերացնում Ադրբեջանի վերահսկողության տակ ապրելը։

«Ո՞նց կլինի, իրենք զենքով, դու առանց զենք, գնաս, ապրես, ղեկավարը իրենք լինեն, քո ընտանիքը տանես, ապրես անպաշտպան, ո՞նց մնաս․․․ Կմնաս, բայց իրենց կազմի մեջ՝  բնականաբար՝ ոչ։

Ասում են՝ զենքդ գցի, գցեցի մեքենայի մեջ, իրենք զինված, նստած, ծիծաղում էին մեր վրա։Ինչքան պիտի անջատված լինես, որ գնաս զինված թշնամուդ մոտ, իրենք մի բան ասեն, դու չկարողանաս պատասխանել։

Մենք ֆիզիկապես կանք, բայց բոլոր հոգեպես մահացած ենք, ամեն ինչ թողեցինք, ձեռքերս դատարկ հեռացանք, իսկ իրենք ծիծաղելով քեզ հաջող էին անում։ Դու չես կարող իրենց վրա ծիծաղել, իսկ իրենք ծիծաղելով անցնում էին», -ասում է մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031