«Այնքան ժամանակ, որքան մենք շփվել ենք, Արցախը նախապես լքելու կամ ամենաառաջիններից մեկն Արցախից դուրս գալու մտադրություններ, համենայնդեպս, նախկին նախագահների մոտ չի եղել: Իսկ վերջին մեկ-երկու օրվա իրադարձությունները, թե ի՞նչ հանգամանքներում են դրանք տեղի ունեցել, անկեղծ ասած, ես արդեն Արցախում չեմ եղել ու ականատեսի աչքերով չեմ կարող ասել:
Բայց որ եւ Բակո Սահակյանի, եւ Արկադի Ղուկասյանի մտքով որեւիցե մեկ անգամ չի անցել՝ թողնել Արցախի բնակիչներին Արցախում՝ անորոշ իրավիճակում, իրենք դուրս գան եւ փրկեն իրենց կյանքը, նման բան նրանց մտքի ծայրով երբեւիցե չի անցել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:
Հակոբ Հակոբյանն, արցախցիների բռնի տեղահանման օրերին, Արցախը վերջիններից մեկն է լքել եւ Արցախում իր գտնվելու ընթացքում միշտ շփումների մեջ է եղել Արցախի նախկին նախագահների հետ:
«Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դեռ շաբաթներ առաջ փորձել են Արցախից դուրս գալ՝ ռուս խաղաղապահների ուղղաթիռով Ստեփանակերտից Սիսիան: Ռուսները, սակայն, դա չեն կարողացել ապահովել, քանի որ Ստեփանակերտի օդանավակայանում դեռ վաղուց ներկայություն ունեն ադրբեջանական հատուկ ծառայությունները, որոնք վերահսկում էին խաղաղապահների թռիչքները Սիսիանից դեպի Արցախ: Վերջին օրերին Արցախի նախկին նախագահները օդանավակայանում էին՝ ռուսների վերահսկողության տակ: Նրանք հավատում էին, որ ուր որ է ուղղաթիռը իրենց դուրս կբերի Հայաստան/Ռուսաստան: Ձերբակալության և առևանգումից կարճ ժամանակ առաջ ռուսները նրանց թողել են հեռանալ Ստեփանակերտ, որտեղից էլ նրանք ձերբակալվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և տարվել Բաքու: Ադրբեջանի հետ բանակցելու Հայաստանի հորդորները անտեսելով՝ Արցախի ղեկավարները նախընտրեցին կատարել ռուսների պահանջն ու սպառնալիքները՝ չգնալ Սոֆիա և այլ տեղեր: Նրանք մինչև վերջ հավատացին ռուսներին և փաստացի ռուսների թողտվությամբ առևանգվեցին Ադրբեջանի կողմից»,-օրերս նման գրառում էր կատարել լրագրող Թաթուլ Հակոբյանը:
Կարդացեք նաև
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն էլ հակադարձել էր. «Թաթուլ Հակոբյանը սուտ է խոսում։ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը շաբաթներ առաջ ցանկություն չեն ունեցել փախչել/գնալ Հայաստան։ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը մինչև վերջին օրը մնացել են Արցախում, մի քանի օր գտնվել են խաղաղապահների մշտական պաշտպանության տակ։ Այնուհետև դուրս են եկել խաղաղապահների բազային, գնացել են Ստեփանակերտ, պետական շենքերից մեկ, որտեղ ինքնակամ հանձնվել են Ադրբեջանի ԱԱԾ-ին, քանի որ Ադրբեջանը պահանջել է իրենց հանձնվել, հակառակ դեպքում սպառնացել են Բաքու տանել մի քանի տասնյակ փաստացի պատանդ պահած արցախցիներին, չնայած բոլոր հորդորներին՝ չանել այդ քայլը, և ռուսների կողմից, և իրենց մոտ շրջապատից»։
ՌԴ-ի կողմից Արցախն ու Արցախի նախկին նախագահներին հանձնելու մասին, օրերս, «Հրապարակի» հետ զրույցում խոսել է նաեւ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։ «Ես շատ վիրավորված եմ։ Անձամբ ես վիրավորվում եմ, որ Արցախի ղեկավարությունը գնում է ռուսական բազա, պատսպարվում է այնտեղ, իսկ ռուս ղեկավարությունը նրանց հանձնում է Ադրբեջանին։ Շատ վիրավորված եմ»։
Հակոբ Հակոբյանը նման հայտարարություններին հակադարձում է. «Այն ուժերն ու այն մարդիկ են խոսում այդ մասին, ովքեր ցանկանում են վարկաբեկել եւ ՌԴ-ին, եւ ռուս խաղաղապահներին ու հանուն դրա, նրանք ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնում. օգտագործում են ներկայումս Բաքվում պատանդի կարգավիճակով գտնվող Արցախի հանրապետության նախկին նախագահներին նույնպես: Տարատեսակ պատմություններ են հնարում՝ ցույց տալու համար ռուսների անկարողությունը կամ մեզ ոչ բարեկամ լինելու հանգամանքը ու դրանք իրականության հետ ոչ մի աղերս չունեն»:
Նկատեցինք՝ այնուհանդերձ, եթե մի քիչ ավելի պարզ ձեւակերպենք, ռուսական կողմը՝ նաեւ իր խաղաղապահ առաքելությամբ, չպաշտպանեց հայերին, չկանգնեց հայերի կողքին ու դրանով իսկ օգնեց Ադրբեջանին եւ ունենք այն, ինչ ունենք: Բացի այդ համացանցային տիրույթում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ իննամսյա շրջափակման օրերին ռուս խաղաղապահները «հաջող բիզնես» են արել՝ տարբեր ապրանքներ վերավաճառելով հայերի վրա, ապա, արցախցիների բռնի տեղահանումից հետո, կադրեր հրապարակվեցին, թե ինչպես են խաղաղապահները թալանում տեղահանված հայերի տները եւ այլն:
Հակոբ Հակոբյանն արձագանքեց. «Այս բոլոր իրադարձությունները բազմաշերտ են եւ տարբեր մակարդակներում ունեն իրենց պատճառներն ու պայմանները: Ուստի, հաշվի առնելով նաեւ ներկայիս իրավիճակի բավական զգայուն լինելու հանգամանքը, կարծում եմ, մենք դեռ կունենանք առիթ եւ ժամանակ, այս ամենն ավելի հանգամանալից վերլուծելու, դրանից հետեւություններ անելու՝ ինչո՞ւ, ո՞ւմ պատճառով ու ինչպե՞ս այս ամենը տեղի ունեցավ: Նման հապշտապ հետեւություններ անել եւ փորձել ինչ-որ լույս սփռել մի պատմության վրա, որտեղ տարատեսակ մակարդակներում կան եւ մեղավորներ եւ պատասխանատուներ, հիմա այդքան էլ տեղին չէ»:
Այս օրերին քննարկման նյութ է նաեւ Արցախի վտարանդի կառավարություն ստեղծելու հարցը: Սամվել Բաբայանի կուսակցությունը ներկայացնող Մարսել Պետրոսյանն էր այդ մասին հրապարակային խոսել, բայց առաջարկը լայն արձագանք չէր ստացել: Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում դրան:
«Այս պահին ամենահրատապ եւ խիստ դրված հարցը ՀՀ-ում գտնվող արցախցիների սոցիալական եւ կենցաղային հարցերն են. դրանք օր առաջ պետք է լուծվեն: Արցախցիները գտնվում են իրենց հայրենիքում եւ իրենք պետք է զգան, որ իրենց խնդիրը բոլորի խնդիրն է: Իսկ ընդհանրապես, Արցախի ճակատագրի, Արցախի հետագայի հետ կապված հարցը ոչ միայն ԱՀ քաղաքական գործիչների կամ պետական ապարատի աշխատողների գործն է, այլ համայն հայության:
Այդ հարցերով ողջ հայ ազգը պետք է զբաղվի՝ որոշումներ կայացնի եւ իրականացնի: 30 տարի շարունակ Արցախի եւ Հայաստանի համար պայքարել են ոչ թե Արցախում արցախցիները, Հայաստանում հայաստանցիները, այլ այդ տարիները եղել են հայի բաղձալի երազանքների իրականացման մի փուլ: Ներկայիս հանգրվանում ունեցած իրավիճակի հետագա լուծումները նույնպես պետք է համազգային կարգով դրվեն, որոշումները համազգային ձեւով կայացնեն. հետագա գործողությունները ցույց կտան, թե մենք ի՞նչ եւ ինչպե՞ս արեցինք»,- եղավ պատասխանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ