Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ պայմաններում են բնակվում արցախցիները Թորոսգյուղի ճամբարում

Հոկտեմբեր 13,2023 18:30

Աշոցքի Թորոսգյուղի «Աղաջանյան» ճամբարում Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ ընտանիքներ են բնակվում․ այս պահի դրությամբ 86 հոգի, թեև թիվն անընդհատ փոփոխվում է․ որոշ ընտանիքներ հեռանում են ժամանակավոր կացարանից, նորերին են հյուրընկալում։ Սեպտեմբերի 27-ից սկսած 100 մարդու են ընդունել, հետո թիվն ավելացել է, դարձել 154։

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Հայկական կարիտաս» բարեսիրական կազմակերպության Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրի ղեկավար Մկրտիչ Բաբայանը։

Ճամբարն ունի թե՛ քարաշեն կառույցներ և թե՛ տնակներ․ բակը մեծ է, կանաչապատ, երեխաների համար հարմարավետ դրսում խաղալու համար, սենյակները լուսավոր են, ժամանակակից կահավորված, առանձին սանհանգույցներով։

Բոլոր ծախսերը բացառապես հոգում է «Հայկական կարիտասը»՝ գիշերակացի, երեքանգամյա սննդի, կոմունալի։ Բարեսիրական այս կառույցը նաև առաջնային կարիքները հոգալու նպատակով լվացքի մեքենաներ է գնել ու տեղադրել։

«Սթրեսային իրավիճակ է, մեծ լարվածության կա այդ մարդկանց մոտ, դեռ շոկի մեջ են, առաջին պահին իրենք փորձում են տեղից տեղ գնալ, հարազատների, ընկերների, հարևանների հետ կապ ունենալով՝ ամեն մեկը փորձում է այսպես ասած ավելի բարենպաստ պայմաններ և հեռանկարային կացարաններ գտնել։ Դրա համար էլ շարժը մինչև այսօր շարունակվում է՝ գնում են, գալիս են։ Օրինակ՝ երեկ Երևանից վեց հոգանոց ընտանիք տեղափոխվեց մեզ մոտ։ Եվ մենք չգիտենք՝ վաղը ոնց կլինի»,- ասաց Մկրտիչ Բաբայանը։

Չնայած հարմարավետ պայմաններին, հոգատար վերաբերմունքին՝ ընտանիքներից շատերի մոտ անորոշ վիճակ է․ չգիտեն՝ ինչքան է շարունակվելու այս ամենը։

43-ամյա Աշոտ Լազարյանը, որը երբեք Գյումրիում, առավել ևս Թորոսգյուղում չէր եղել, կնոջ ու իր երեք անչափահաս երեխաների հետ այս ճամբար է տեղափոխվել բնակության․ Գորիսից Գյումրի են ուղարկել, Գյումրիից էլ՝ Թորոսգյուղ։Նա անչափ գոհ է պայմաններից, վերաբերմունքից, սակայն չի պատկերացնում՝ ինչպես է լինելու ապագան։ Նա զինվորական է եղել, տիրապետում է նաև արհեստների, սակայն դեռ չի կարողանում համապատասխան աշխատանք գտնել։

Աշխատավարձը, ըստ նրա, շատ ցածր է՝ 100-150 հազար դրամի սահմաններում է, որը բավարար չէ մեծ ընտանիք պահելու ու Հայաստանում դրսևորվելու համար։

«Տված օգնությունը՝ փողերը, երեք ամիս թող հերիքի, փորձում եմ աշխատանք ճարել, 100-150 հազար դրամ են առաջարկում, ես ո՞նց կարողանամ հետո տան վարձ տալ, լույսի, գազի հարց լուծեմ։ Երեխաները հո մեծանալու են, պատասխանատու ես իրենց ապագայի համար։ Երեխա են, ասենք հիվանդանան, ինչ անես։ Ես չեմ ասում Արցախում շքեղ կյանքով եմ ապրել, բայց դժգոհ չեմ եղել, տանից միայն ես եմ աշխատել, նորմալ ապրել ենք, գլուխներս պահել ենք։

Հիմա չեմ պատկերացնում՝ ինչպես է լինելու, հո չենք կարող միշտ ճամբարում ապրել,այս մարդկանց նեղություն տալ, ես սիրում եմ աշխատել, ստեղծել, այս վիճակն ինձ համար արտասովոր է»,-ասում է մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031