Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի պետական մարմինների ղեկավար անձնակազմի հետ կնքել հուշագրեր և կառուցել իրատեսական փոխհարաբերություններ, ներառելով՝ կարգավիճակի, սոցիալական ապահովվածության հարցերի լուծումները»

Հոկտեմբեր 13,2023 16:56

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում մեծ թիվ են կազմում իրավապահ համակարգում, ուժային կառույցներում, ինչպես նաև դատական ատյաններում աշխատող արհեստավարժ և պարկեշտ մասնագետները։ Տարիներ ի վեր անվտանգային անասելի սպառնալիքների ներքո իրենց մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարած, օրենքին և արդարադատությանը ծառայած նվիրյալները այսօր դարձել են վտարանդի և, առավել քան երբևէ, կարիք ունեն համարժեք գնահատման և սրտացավ աջակցության։

«Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական ընկերությունը կոչ է անում իրավասու անձանց և մարմիններին` գործուն քայլեր ձեռնարկել պետությանը նկատելի ծառայություններ մատուցած այս մասնագետների սոցիալ-տնտեսական իրավունքների իրացման, ըստ անհրաժեշտության՝ նաև աշխատանքային գործունեությունը Հայաստանում ապահովելու համար։ Ընդ որում՝ լուծումները պետք է լինեն հնարավորինս սեղմ ժամկետներում և կրեն համակարգային բնույթ։

Առաջարկում ենք Արցախի պետական մարմինները ներկայացնող ղեկավար անձնակազմի հետ հանգամանորեն քննարկել և կնքել համապատասխան հուշագրեր և դրանց շրջանակում կառուցել իրատեսական փոխհարաբերություններ, ներառելով՝ կարգավիճակի, սոցիալական և նյութական ապահովվածության հարցերի համալիր լուծումները։ Մեր մասնագիտական թիմը պատրաստ է իրավական աջակցություն ցուցաբերել և պատկան մարմինների հետ համալիր քննարկել Արցախից բռնի տեղահանված մեր գործընկերների կարգավիճակի հարցերը լուծելու առնչությամբ։

Առաջարկներից մի քանիսը՝ ստորև

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իրավունքի անալոգիայի հիմքով Արցախի դատավորները պարտադիր ընդգրկվում են ռեզերվ և կատարվում է ոչ միայն աշխատավարձի ու հավելավճարի վճարում, այլև պահպանվում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը, մինչև 65 տարին լրանալը: Ընդ որում, հաշվի առնելով ստեղծված ծանր սթրեսային անցումային վիճակը, ծայրահեղ անհրաժեշտության հիմքով առաջիկա գոնե 6 ամիսը որևէ նոր թափուր պաշտոնում չեն առաջարկում։ Այս առաջարկությունը չի ենթադրում որևէ սահմանադրական փոփոխության խնդիր:

Օրենսդրությամբ հնարավորինս սեղմ ժամկետում կատարվում են համապատասխան փոփոխություններ և առնվազն 10 տարվա ստաժ ունեցող Արցախի դատավորները և դատախազներն իրենց դիմումի համաձայն, անցնում են կենսաթոշակի:

Մինչև իրավական կարգավորումների և այլ ընթացակարգերի ավարտը, բոլոր դատավորներին, դատախազներին և աշխատակազմին տրվում է ամենամսյա ֆինանսական օգնություն՝ համապատասխան աշխատավարձի առնվազն 50 տոկոսի չափով: Վճարումները դադարեցվում են աշխատանքի անցնելու պահից:

Մեր ընկերությունը մշակել է նաև բազում այլ առաջարկություններ, որոնք վերջնական տեսքի կբերվեն և պատրաստ կլինեն հրապարակման՝ Արցախի մեր գործընկերների հետ համապատասխան քննարկումների արդյունքներով:

Միաժամանակ «Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական ընկերությունում պատրաստվում ենք Արցախի իրավաբանների (փաստաբանների) համար նախաձեռնել իրավաբանի մասնագիտությամբ ինտեգրվելու համապատասխան ծրագիր, այդ թվում՝ հեռավար կարգով:

Արցախցի մեր գործընկերների բոլոր հարցերին սպառիչ պատասխանելու համար կմասնակցեն ինչպես մեր ընկերության, այնպես էլ հրավիրյալ բարձրակարգ և գործնական աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետները։ Նախատեսում ենք նաև կազմակերպել մեր ՓԲԸ-ի ֆրայչեյզինգի տրամադրում, այսինքն՝ որոշ մարզերում կվարձակալենք տարածք, կտրամադրենք գույք և տեխնիկական միջոցներ (այդ թվում համակարգիչ), հնարավորություն ստեղծելով օգտվելու մեր ընկերության գործընկերների ընթացիկ խորհրդատվությունից և այլն։ Ցանկացող իրավաբանները մարզերում կկարողանան մեր կազմակերպության անվան տակ իրականացնել փաստաբանական գործունեություն՝ հոնորարը իրենց պահելու պայմանով։

Ակնկալում ենք պատկան մարմինների և Արցախի մեր գործընկերների արձագանքները:

«Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական ընկերություն

«Երդվյալ ատենակալներ» ժողովրդավարության աջակցության ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031