Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում հրատապ ընթացակարգով անցկացված «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» թեմայով քննարկման ընթացքում «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևի հեղինակ Դոմագոյ Հայդուկովիչը հայտարարեց․ «Ցավալի էր տեսնել հայ բնակչության զանգվածային արտագաղթը (նա օգտագործեց exodus բառը,-հեղ․), որը սնուցվում է անվստահությամբ և վախով, որը կուտակվել է 30 տարվա հակամարտությունների և 10 ամիսների հումանիտար ճգնաժամի ընթացքում»։
Նա ընդգծեց՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի հստակ, իրական և անհապաղ գործողություններ՝ ցույց տալով իր պատրաստակամությունը՝ ապահովելու վերադառնալ ցանկացող հայ բնակչության անվտանգ վերադարձը և իրավունքների պաշտպանությունը․ «Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, և որպես այդպիսիք՝ պետք է օգտվեն պաշտպանությունից և իրավունքներից, ինչպես Ադրբեջանի ցանկացած քաղաքացի»։
Քննարկման ժամանակ սուր ելույթներ ունեցան ԵԽԽՎ քաղաքական բոլոր խմբերի խոսնակները։
ԵԺԿ խմբի խոսնակ Բորիանա Աբերգը հայտարարեց․ «Վերջին 30 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղն առաջ է գնացել ժողովրդավարության ոլորտում, ազատ ընտրություններով, անկախ դատական համակարգով և մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտով։ Ժողովրդավարություն, որը հակասության մեջ է Ադրբեջանում գոյություն ունեցողի իրավիճակի հետ, երբ երկիրը Ալիևների ղեկավարման ներքո է 1993-ից ի վեր»։ ԵԺԿ խմբի խոսնակը, փաստելով, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, չի կատարում ՄԻԵԴ որոշումները, հարցրեց․ «Արդյոք կարո՞ղ է ԵԽ անդամ մի պետություն ստիպել էթնիկ փոքրամասնությանը սովամահ լինել՝ նրան պահելով շրջափակման մեջ և շարունակել մնալ Եվրոպայի խորհրդում։ Արդյոք կարո՞ղ է անդամ պետությունը ներգրավվել էթնիկ զտման մեջ և շարունակել լինել ԵԽ անդամ։ Եթե Ադրբեջանը չի կարողանում ապահովել ԼՂ հայերի իրավունքը՝ վերադառնալու իրենց տները և խաղաղության մեջ ապրելու, դա նաև մեր վեհաժողովի ձախողումն է»։
ALDE խմբի խոսնակ Յուլիան Բուլայը, դիմելով Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ֆահրադին Իսմայիլովին, ասաց․ «Ադրբեջանի հարգելի դեսպան, պարոն Ֆահրադին Իսմայիլով, ALDE խմբի անունից խնդրում եմ հետևյալ ուղերձը փոխանցել ձեր կառավարությանը։ Ցանկացած ռազմական գործողություն, ներառյալ հռետորաբանությունը, պետք է դադարեցվի։ ԵԽ անդամ երկրի կողմից սահմանի ցանկացած խախտում անընդունելի կլինի։ Եվրոպայի խորհրդի բոլոր առաքելությունները պետք է լինեն տեղում և ստանան լիարժեք համագործակցություն բոլոր մակարդակներում: Զանգվածային տեղահանման հարցը պետք է հրատապ լուծում ստանա, և մենք հստակ ճանապարհային քարտեզի կարիք ունենք։ Լեռնային Ղարաբաղի ողջ ազգաբնակչությունը պետք է ստանա Լեռնային Ղարաբաղ վերադառնալու լիարժեք երաշխիքներ։ Եթե այս ամենն արձագանք չստանա, մենք պատրաստ ենք օգտագործել մեզ հասանելի բոլոր գործիքները՝ կոնկրետ հետևանքներ առաջացնելու համար»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ