Այսօր Բաքվում Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունն էր: Հրապարակված լուսանկարներում ու կադրերում նա սրբում է արցունքները ու անզորությունից կախում հայացքը:
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանի ուժայինների կողմից առևանգվել էր Լաչինի միջանցքում տեղադրված անցակետից այս տարվա հուլիսին։ Նրա գործը քննում է Բաքվի զինվորական դատարանը՝ դատավոր Ջամալ Ռամազանովի նախագահությամբ։ Բաքուն Վագիֆ Խաչատրյանին վերագրում է մի շարք ծանր հանցանքներ, գործով իբր տուժող է ճանաչվել 59 անձ։
Aravot.am-ը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին հարցրեց՝ ժամանակին, երբ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դատից հրապարակվել էին նմանատիպ լուսանկարներ՝ ծաղկավոր խալաթով, հայաստանյան դաշտի մի շարք իրավապաշտպաններ, նաեւ դուք բողոքի ցույցեր էիք անում, ասում էիք՝ սա անհանդուրժելի է, հիմա ինչո՞ւ բողոքի ալիք չեք բարձրացնում, ձեր զգացողությունները նո՞ւյնն են, նվաստացած չե՞ք զգում, սովորակա՞ն է դարձել այդ պատկերն ընդհանրապես մեզ համար:
Նա պատասխանեց. «Բաքվի՝ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը որեւէ կերպ, ըստ իս, չի տարբերվում Մոսկվայի բռնապետական ռեժիմից ու սկզբունքային տարբերություն չկա, արտահայտչամիջոցները կարող են տարբերվել, այդքան բան: Ինչ-որ մեկը զարմացե՞լ է, որ Բաքվում նման կերպ են վարվում գերիների հետ, կամ ապօրինի ձերբակալվածների հետ: Ի՞նչ եք ակնկալում հիմա, իմ զգացողությունը ձեզ ի՞նչ է տալիս: Ծաղկավոր, առանց ծաղիկ՝ նվաստացուցիչ ու անմարդկային վերաբերմունքը անմարդկային վերաբերմունք է՝ Բաքվում կլինի, Մոսկվայում կլինի, թե Ճապոնիայում կլինի, ինչ խոսք»:
Կարդացեք նաև
Խնդիրն այն է, որ այն ժամանակ, երբ ՌԴ-ում դատում էին մեր հայրենակցին՝ Հրաչյա Հարությունյանին, նրա վարած «Կամազ»-ը Պոդոլսկում հարվածել էր ավտոբուսի, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, 30 մարդ վիրավորվել, իսկ Վագիֆ Խաչատրյանին լրիվ անմեղ տեղը, բուժման գալիս առեւանգել են ճանապարհից ու մեր կառավարության անդամները, ասես ոչինչ չի եղել, ուրարտական ոճով երդմնակալության ծես են կազմակերպել Երեւանի քաղաքապետարանում, նշում են Տիգրան Ավինյանի նոր պաշտոնը: Եթե այն ժամանակ ասում էին՝ Պուտինը «ծաղկավոր խալաթ հագցրեց» Սերժ Սարգսյանին, հիմա Ալիեւը ի՞նչ է անում Փաշինյանի հետ:
Հիմա մենք՝ որպես քաղաքացիներ եւ իրավապաշտպանները պահանջելու, բողոքելու բան չունե՞ն կառավարությունից: Լեւոն Բարսեղյանն ասաց. «Ես ո՛չ Հրաչյայի, ո՛չ էլ պարոն Վագիֆի գործերի քննությանը ծանոթ չեմ: Ծանոթ եմ երկուսի, այսպես ասած, մեղադրանքներին: Երկու դեպքում էլ, ու ոչ միայն Վագիֆ Խաչատրյանի, մյուս բոլոր ռազմագերիների նկատմամբ, անմարդկային վերաբերմունքի արժանացած մարդկանց դեպքում էլ ինձ համար բացատրությունը պարզ է՝ հակամարդկային բռնապետական ռեժիմը իր դեմքը ցույց է տալիս՝ ահաբեկելով ոչ միայն այդ մարդկանց, այլեւ լսարանին»:
Ինչ վերաբերում է բողոքելուն՝ Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «Ես ոչ անցած անգամ եմ բողոքի ցույցեր կազմակերպել… Մասնակցել եմ: Եթե տեսնեմ նման բան կազմակերպում են, իմ բողոքի ձայնը կմիացնեմ, իհարկե: Ինչ-որ բա՞ն եք մտածում, որ ես համարում եմ՝ եթե Բաքվում են անում, լավ են անում, հա՞, դա՞ է մտքներովդ անցել: Ես երբեք իրավապաշտպան չեմ համարել ինձ: Մարդիկ համարել են, լրագրողները համարել են, իսկ ես որտեղ անարդար բան եմ տեսել, համախոհ եմ եղել բողոքի ցույցերին, գնացել մասնակցել եմ: Այս դեպքում էլ իմ վերաբերմունքը չի փոխվում»:
Հարցին՝ մենք ունե՞նք այստեղ անելիք, երբ տեսնում ենք մեր հայրենակիցն ինչ օրի է Բաքվի դատարանում՝ Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «Իրավապաշտպան կազմակերպությունների բողոքի հայտարարությունը մի քանի օր առաջ եղավ, 7-8 կազմակերպություն իրենց հայտարարությունը տարածեցին: Բաքվի դեսպանատուն, հյուպատոսարան Հայաստանում չկա: Անցած անգամ այդ ցույցերը կազմակերպվել էին ՌԴ-ի դեսպանատան առաջ եւ Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի առաջ: Իմացել եմ, գնացել եմ, մասնակցել եմ, լավ եմ արել, ուրի՞շ»:
Հարցրինք հիմա, եթե Բաքվի հյուպատոսարան չկա, մենք մեր կառավարությունից պահանջելու բան չունե՞նք՝ նա պատասխանեց. «Կամ դուք ինձ նոր եք ծանոթանում, երեւի չեք պատկերացնում՝ Հայաստանի իշխանություններից ինձնից ավելի շատ բան պահանջող որեւէ մեկը կա՞, ասեք՝ գնամ ծանոթանամ ես էդ մարդու հետ: Ահռելի անելիքների ցանկում դա էլ է ասվել: Կոնկրետ Վագիֆ Խաչատրյանի մասով չի ասվել, բայց մեր ռազմագերիների, ապօրինի ձերբակալվածների մասին ասվել է, այդ մարդկանց իրավունքները բնականաբար առաջին հերթին պետք է պաշտպանի Հայաստանի իշխանությունը՝ այն անգամ էլ, այս անգամ էլ ու հաջորդ անգամ էլ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
հանձնարարություն ունեք Լևոնին սևացնելու։ Ձեր դրած վերնագիրը նայեք ու հարցազրույցի որակը։ Դուք դառնում եք 5րդ ալիք, դե ռուսական կապիտալը պետք է արդարացնել երևի։