Լրահոս
Օրվա լրահոսը

Կիսատ-պռատ օգնություն. արցախցիների համար նախատեսված քաղցրավենիքից հյուրասիրվում են քաղաքապետարանի աշխատակիցները. Արցախից տեղահանված

Հոկտեմբեր 13,2023 14:39

Արցախից բռնի տեղահանված Անաիդա Հայրապետյանը որդու, հարսի, թոռների ու հարսի ազգականների հետ այսօր ապրում է Հոկտեմբերյանում: Այստեղ նրանք իրենց միջոցներով բնակարան են վարձել:

«Սեփական տուն է, դե ոչինչ էլի: Դատարկ տուն է, երկու մահճակալ կա միայն, ընդհանրապես վերմակ, բարձեր չունենք, երկու գիշեր է՝ հարսս ու տղաս տափին են քնում, երեխայի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Անաիդան:

Այս ընտանիքը Արցախից բռնի տեղահանվելուց հետո Արտաշատում էր բնակարան գտել, սակայն այդ տանը տեղավորվելուց մի հինգ օր անց տանտերը խնդրել է ազատել բնակարանը՝ բացատրելով, որ տանտերերը արտասահմանից գալիս են: Այս ընտանիքը ստիպված տեղափոխվել է Աբովյանի գիշերօթիկ դպրոց, որտեղ այս օրերին պետությունը անտուն արցախցիներին է տեղավորում: Մեր զրուցակցի խոսքով՝ այստեղ չեն եղել նորմալ պայմաններ եւ իրենք ստիպված դուրս են եկել այդտեղից ու բնակարան փնտրել:

Մեր զրուցակիցը պատմեց, որ Արտաշատում գտնվելու օրերին համայնքապետարանից են մի անգամ որոշակի օգնություն ստացել:

«Էնտեղ կանգնած էինք, հաշիվ հաշվարկ էին անում մինչեւն ինձ գրանցեին, էն կողմից աշխատակիցները ափսեներով եկել էին քաղցրավենիք լցնում, տանում: Հետո, որ օգնությունը ստացել ենք, այնտեղ բանան է եղել, լավաշ, «մառոժնու» մեծ ամանի մեջ կաթնաշոռ, որ մեզ չտվեցին: Աշխատակիցները ափսեներով քաղցրավենիքը հանում, տանում էին իրենց աշխատասենյակ: Դրա համար հուզվեցի էլի, ասացի տուն ու տեղ թողել, եկել ենք, ուրիշի ձեռքին ենք նայում, մի հատ էլ կիսատ-պռատ օգնություն»,- պատմեց տիկին Անաիդան:

Երբ տիկին Անաիդայի նշած կիսատ-պռատ օգնության վերաբերյալ պարզաբանում ցանկացանք ստանալ Արտաշատի քաղաքապետարանից, մեզնից խնդրեցին տիկին Անաիդայի հեռախոսահամարը՝ հայտնելով, որ կգնահատեն այդ ընտանիքի կարիքներն ու հարկ եղած դեպքում կօգնեն: Սակայն, ինչպես տեղեկացանք, քաղաքապետարանից զանգել են տիկին Անաիդային ու մի լավ հանդիմանել, թե ինչու է դժգոհություն հայտնել՝ նրան մեղադրելով, որ միակ մարդն է, որը դժգոհել է:

Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանն էլ ասաց, որ Արտաշատում Արցախից բռնի տեղահանված 5000-ից ավելի հայրենակիցներ կան, նրա խոսքով՝ ամեն մեկը մի բնավորությամբ, բայց բոլորին բարձր մակարդակով ընդունել ու ճանապարհել են. «Ինչ վերաբերում է քաղցրավենիքին, դա ընդհանրապես օգնության հետ կապ չունի, իմ նախաձեռնությամբ մեր նախասրահում, որտեղից գալիս, օգնությունն են ստանում, ես եմ ամենօրյա ռեժիմով ապահովում այդ քաղցրավենիքն այդտեղ, որ մեր հայրենակիցները գալու, սպասելու լինեն, ինչ-ինչ պայմաններով կանգնած կամ նստած լինեն, օգտվեն քաղցրավենիքից: Այդ թվում նաեւ մեր սպասարկման գրասենյակում ամենօրյա ռեժիմով աշխատող մեր աշխատակիցները, որոնք նույնպես իմ ուշադրության կենտրոնում են»:

Մեր հարցին՝ այդ թվում կաթնաշոռ ու բանա՞ն եք ապահովում հյուրասիրության համար, քաղաքապետը պատասխանեց. «Չէ կաթնաշոռ չէ, բանանը բաժանել ենք մեր հայրենակիցներին, ամեն օր էլ բաժանում ենք: 5000-ից ավելի բռնի տեղահանված ունենք, ինձ համար զարմանալի էլ է, որ մեզ մոտից բողոք կա, անհարմար էլ եմ զգում»:

Երբ արդեն քաղաքապետարանից զանգել ու կշտամբել էին տիկին Անաիդային իր դժգոհության համար, քաղաքապետից հետաքրքրվեցինք՝ ազնի՞վ է, որ լրագրողից հեռախոսահամար են ուզում, որ տեղահանված արցախցուց հաշիվ պահանջեն, ի պատասխան պարզաբանեց. «Խնդիր չունեմ՝ ինչով պետք է օգնեմ այդ ընտանիքին: Թող ասեն, ինչով է պետք օգնել, օգնեմ: Մինչեւ դուք այդ հեռախոսահամարը կփոխանցեիք, տիկին Անաիդան զանգել էր մեր սոցբաժնի պետին՝ Աննային Հովհաննիսյան, ասել է՝ շնորհակալ եմ ամեն ինչի համար, խնդրում եմ՝ մեզ հաշվառումից հանեք, մենք տեղափոխվել ենք այսինչ տեղը: Հետո, որ հեռախոսահամարը փոխանցել եք, իմ մամլո խոսնակին եմ ասել՝ զանգի, որ իմ անունից հարցնի՝ ի՞նչ խնդիրներ կան, այդ խնդիրներին լուծում կտանք էլի: Ասել է մամլո խոսնակին, որ եկել եմ, էդտեղ աշխատակիցները քաղցրավենիքից օգտվում էին, բայց կրկնում եմ՝ քաղցրավենիքը բոլորին հյուրասիրելու համար է եղել: Հեսա կասեմ, նորից կխոսեն այդ ընտանիքի հետ, որեւէ խնդիր չկա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել