Այսօր՝ հոկտեմբերի 13-ին մեկնարկեց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 21-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, ընդհանուր մանկաբուժությանը, մանկական ներզատաբանությանը եւ նեոնատոլոգիային: Համաժողովով մեկնարկեց Հայկական ակնաբուժության նախագծի 63-րդ բժշկական առաքելությունը, որի շրջանակներում Հայաստան են այցելել ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից ականավոր բժիշկներ՝ հայ գործընկերների հետ բժշկական բարդ դեպքեր քննարկելու եւ վիրահատություններ իրականացնելու նպատակով:
Համաժողովի բացմանը ելույթ ունեցան Հայկական ակնաբուժության նախագծի փոխնախագահ Ջոն Հովանսեյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին եւ Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
«1992թ.-ին, երբ Հայաստանի կառավարության խնդրանքով առաջին անգամ Հայաստան այցելեցինք, Հայաստանը պատերազմական վիճակում էր, օգնության մեծ անհրաժեշտություն ուներ: Այսօր նույնպես երկիրը բարդ դրության մեջ է, եւ ես ուրախ եմ տեսնել, թե ինչպես են մեր բժիշկ կամավորները շարունակում այցելել Հայաստան եւ իրենց հայ գործընկերների հետ իրականացնել բժշկական առաքելություն», – առցանց ողջույնի խոսքում ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը, ով կազմակերպության ավելի քան 30 տարվա գործունեության ընթացքում առաջին անգամ չկարողացավ միանալ իր գործընկերներին Հայաստան այցելության ընթացքում:
«Մեզ համար անգնահատելի է «Հայկական ակնաբուժական նախագծի հետ մեր բազմամյա համագործակցությունը, նրանց հայրենանվեր աշխատանքը, որը դրսևորվել է մի շարք ոլորտներում և իրականացված ծրագրերում, մասնավորապես, ուզում եմ նշել «Մանկական կուրության գերազանցության կենտրոնի» ստեղծումը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ կանխարգելել մեր անհաս ծնված երեխաների կուրությունը, ԱՄՆ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ կատարելով այնպիսի վիրահատություններ, որոնց համար նախկինում մեր երեխաները ստիպված էին մեկնել արտերկիր: Հատուկ ուզում եմ նշել մեր մասնագետների` մանկաբույժների, նեոնատոլոգների, ակնաբույժների մասնագիտական կարողությունների զարգացման, կրթման, ինչպես նաև մարզային մակարդակում ակնաբուժական ծառայությունների ամրապնդման ծրագրերի իրականացման մեջ ունեցած ներդրումը: Վստահ եմ, այս հերթական առաքելությունը շատ սպասված և պահանջված է մեր բուժաշխատողների շրջանում և իր ներդրումը կունենա մեր երկրում բժշկագիտության զարգացման, որակի բարելավման մեջ, ծառայելով մեր երկրի բարօրությանը», – ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
«Աշխարհում մարդիկ աղոթում են այն բոլոր հայերի համար, ովքեր կորցրեցին տուն ու երկիր, բայց ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը կհաղթահարի այս մարտահրավերը արժանապատվորեն: Հայկական ակնաբուժության նախագիծը նայում է դեպի ապագա՝ հույսով, որ կկարողանանք մեր այսպիսի կրթական նախաձեռնություններով՝ ինչպիսին այս համաժողովն է, կանխարգելել կուրությունը ողջ երկրում», – ասաց Հայկական ակնաբուժության նախագծի փոխնախագահ Ջոն Հովանսեյանը:
«Արդեն 14 տարի է՝ շարունակաբար գալիս եմ Հայաստան, եւ տեսնում եմ, թե ինչպես է ամեն տարի երկիրը հզորանում իր մասնագետներով: Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի սկզբունքն է, որ մեր բոլոր երեխաները պետք է բժշկական ծառայությունների հավասար հնարավորություններ ունենան: Ուրախ եմ տեսնել, թե որքան նվիրված են հայ բժիշկներն իրենց պացիենտներին եւ որքան մոտիվացված են՝ հայ երեխաներին այդպիսի հավասար հնարավորություններ ընձեռելու համար: Այս երկիրը շատ մեծ ապագա ունի, եւ մենք պատրաստ ենք շարունակել մեր համագործակցությունը», – ասաց Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին:
«Հայկական ակնաբուժության նախագիծը վերջին տարվա ընթացքում երկու մեծ ծրագիր է ամփոփել՝ առաջինը երեխաների շրջանում ակնային զննումների եւ բուժման լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում շուրջ 45.000 երեխայի ակնային զննում եւ անհրաժեշտության դեպքում բուժում ենք իրականացրել, իսկ երկրորդ ծրագիրը՝ շաքարային դիաբետ ունեցողների համար, հնարավորություն է տվել ոչ միայն պացիենտների ընդլայնված զննում եւ բուժում իրականացնել, այլ նաեւ ներդրում ունենալ առողջապահական քաղաքականության մշակման, մասնավորապես՝ դիաբետի ազգային ռազմավարության, գործելակարգերի եւ բժշկական ալգորիթմների ստեղծման գործում: Այս երկու ծրագրերն էլ շարունակության եւ ընդլայնման հեռանկար ունեն», – ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Միջազգային համաժողովի ընդգրկուն ծրագիրը նախատեսում է բազմաթիվ զեկույցներ, մասնագիտական քննարկումներ եւ աշխատաժողովներ ակնաբույժների, մանկաբույժների, նեոնատոլոգների, մանկական ներզատաբանների, այլ մանկական մասնագետների եւ ընտանեկան բժիշկների համար: Զեկույցները ոչ միայն Հայաստանից են, այլ նաեւ ԱՄՆ-ի , Ավստրալիայի եւ Եվրոպայի համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից եւ համալսարաններից:
Ակնաբուժական համաժողովը կշարունակվի վաղը, մանկաբուժական համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 20-ից 21-ը, մանկական ներզատաբանության նվիրված համաժողովը՝ նոյեմբերի 1-ին, նեոնատոլոգիային նվիրված համաժողովը՝ նոյեմբերի 3-ին:
Միջազգային համաժողովին ներկայացված բոլոր նյութերը մասնագիտական շրջանակի համար հասանելի կլինեն անվճար՝ ՀԱՆ-ի եւ ԼԱՄՀ-ի ստեղծած Մանկաբուժական առցանց կրթական հարթակում (OPEN): Այն կծառայի որպես ինքնակրթության եզակի հնարավորություն աշխարհի տարբեր անկյուններից հարթակին միացած բժիշկների եւ առողջապահության ոլորտի այլ մասնագետների համար:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ