Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանվածների քիչ տոկոսն է այս պահին աշխատանքով ապահովված. Միասնական սոցիալական ծառայության բաժնի պետ

Հոկտեմբեր 13,2023 14:30

Արցախից բռնի տեղահանվածներն, այս օրերին հաշվառվում են Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններում, գնահատվում է նրանց մասնագիտական կարիքները, որից հետ ուղղորդվում են դեպի աշխատաշուկա: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այս պահին հիմնականում գնահատվում են այն անձանց մասնագիտական և որակական կարողությունները, որոնք արդեն մշտական բնակության վայրեր ունեն:

Անդրադառնալով հարցին, թե աշխատաշուկայի հետ կապված ինչ գլոբալ խնդրի են բախվում բռնի տեղահանված մեր հայրենակիցները՝ Հակոբյանն ասաց. «Այս պահին խնդիրն այդքան էլ աշխատաշուկայի հետ չի կապված, քանի որ կազմակերպությունները, տնտեսվարողները տարբեր սոցիալական հարթակներում տեղեկացնում են թափուր աշխատատեղերի մասին, ավելին՝ նոր աշխատատեղեր են ստեղծում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար, նաև շատ տարբեր միջոցառումներ են իրականացնում, այդ թվում՝ աշխատանքի տոնավաճառներ: Իհարկե, այս փուլում ոչ բոլորն են ի վիճակի աշխատել, բայց աշխատաշուկայում առաջարկներ կան»:

Աշխատանքի տեղավորվածների մասին վիճակագրություն հրապարակելը Հակոբյանը վաղ համարեց, քանի որ բռնի տեղահանվածների ընդհանուր թվից շատ քիչ տոկոսն է այս պահին աշխատանքով ապահովված: «Իհարկե, հաշվառված և աշխատանքի տեղավորվածների թիվը մեծ է, սակայն, երբ զուգահեռներ ենք տանում հաշվառվածների ընդհանուր թվի և աշխատանքի տեղավորվածների միջև՝ որևէ լուրջ պատկեր չի ներկայացնում», – հավելեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցները հիմնականում աշխատանք են փնտրում առևտրի, շինարարության, հրուշակեղենի արտադրության, անվտանգության ոլորտներում: Միասնական սոցիալական ծառայություններում հավաքագրված թափուր աշխատատեղերի գրեթե 95 տոկոսը ներկայացնում է մասնավոր հատվածը: Հակոբյանը հավաստիացրեց, որ մինչ օրս աշխատանքի տեղավորված արցախցիներից որևէ դժգոհություն չեն ստացել աշխատավարձի հետ կապված:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031