Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի բռնապետների նկատմամբ ժամանակին, քանի դեռ չափազանց ուշ չէ. Արուսյակ Ջուլհակյան

Հոկտեմբեր 13,2023 15:06

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հոկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

Պատգամավորն իր ելույթում նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,
Եվրոպայի խորհուրդը համարվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության փարոսը: Խորհրդի առաքելությունն է պահպանել այս արժեքներն իր անդամ պետություններում՝ դրանով իսկ զգալիորեն նպաստելով հակամարտությունների կանխարգելմանը: Բայց արդյո՞ք մենք այսօր կարող ենք արձանագրել, որ Եվրոպայի խորհուրդը հաջողել է իր այս առաքելության հարցում: Տիրող խառնաշփոթը, խաղաղության բացակայությունը, Եվրոպայի խորհրդի տարածքում սանձազերծված պատերազմներն ինքնին ապացուցում են հակառակը: Կարծում եմ՝ Եվրոպայի խորհուրդը ճգնաժամ է ապրում, քանզի մենք մոռացել ենք մեր համախմբման նախնական նպատակը:

Եվ ուրեմն ի՞նչ պետք է անի Եվրոպայի խորհուրդը հակամարտությունները կանխելու համար: Պատասխանը պարզ է: Եվրոպայի խորհուրդը պետք է խթանի, անհրաժեշտության դեպքում պարտադրի ժողովրդավարացման գործընթացներ իր անդամ երկրներում: Քանի որ հայտնի փաստ է, որ ժողովրդավարական պետությունները հակված չեն հակամարտություններ հրահրելուն: Եթե անդամ պետությունը հրաժարվի համապատասխանել ժողովրդավարական կանոններին, Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի, քննարկի վերջինիս հետագա անդամակցության հարցը:

Գործընկերնե՛ր, թույլ տվեք, այդուհանդերձ, վերաձեւակերպել հարցը: Ի՞նչ պետք է չանի Եվրոպայի խորհուրդը հակամարտությունները կանխելու համար:

Առաջին՝ Եվրոպայի խորհուրդը չպետք է փոխզիջման գնա ավտորիտար ռեժիմների, բռնապետների հետ: Բռնապետները չեն հասկանում փոխզիջման լեզուն: Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի բռնապետների նկատմամբ ժամանակին, քանի դեռ չափազանց ուշ չէ:

Երկրորդ՝ Եվրոպայի խորհուրդը չպետք է լինի չեզոք եւ բալանսավորված: Այս վեհաժողովում ամենաշատը լսածս նախադասությունը հետեւյալն է. «Մենք պետք է լինենք չեզոք եւ բալանսավորված»:

Ո՛չ, հարգելի՛ գործընկերներ, չպետք է: Սա քաղաքական կազմակերպություն է, եւ մենք պետք է հստակ քաղաքական դիրքորոշում հայտնենք անդամ պետությունների կողմից մեր կանոնների աղաղակող խախտումների յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ:

Մենք երկար ժամանակ չեզոք եւ բալանսավորված ենք եղել մեր որոշ գործընկերների նկատմամբ, մինչեւ պարզվեց՝ չափազանց ուշ է:

Մենք չեզոք եւ բալանսավորված ենք եղել Լեռնայի Ղարաբաղի հարցի առնչությամբ, մինչեւ պարզվեց՝ ուշ է: Եվ մենք չենք կարող չեզոք եւ բալանսավորված լինել Հայաստանին կամ այլ անդամ պետություններին առնչվող իրադարձությունների նկատմամբ, եւ մի օր ապագայում արձանագրենք, որ չափազանց ուշ է:

Խոսելով Հայաստանի մասին` հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսվում էր հնգակողմ հանդիպում Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ: Նախատեսվում էր, որ հինգ առաջնորդները հայտարարություն կստորագրեն, որով Հայաստանը եւ Ադրբեջանը կճանաչեին միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը, կպայմանավորվեին հայ-ադրբեջանական սահմանի` Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն սահմանազատում անելու, տարածաշրջանային կապուղիները երկրների ինքնիշխանության եւ իրավազորության, ինչպես նաեւ հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին: Ադրբեջանի առաջնորդն ամենավերջին պահին հրաժարվեց մասնակցել այդ հանդիպմանը: Ավելին` երեկ նախագահ Ալիեւը Բիշքեքում մեղադրել է Հայաստանի վարչապետ Փաշինյանին արեւմտյան միջնորդությամբ ինչ-որ անհասկանալի հանդիպման մասնակցելու նպատակով 6 ժամ Գրանադա թռչելու համար: Ալիեւը հայտարարել է, որ եթե Հայաստանը հրաժարվի մասնակցել Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններին, Ադրբեջանը երկար կմտածի արեւմուտքի միջնորդությամբ բանակցություններին մասնակցելուց առաջ: Կարծում եմ, որ այսօր մենք` որպես Եվրոպայի խորհուրդ, պետք է հարց տանք Ադրբեջանին` ինչո՞վ ձեռնտու չէ արեւմտյան հարթակը»:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031