ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի եւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Մարիա Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի անվտանգային միջավայրը եւ առկա մարտահրավերները, խոսել դրանց լուծման ճանապարհներից: Պատգամավորն անդրադարձել է նաեւ մեր երկրի արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականություններին:
Մարիա Կարապետյանը հյուրերին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետեւանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձել դրա հետեւանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին` ընդգծելով այդ հարցում միջազգային գործընկերների հետ փոխգործակցության անհրաժեշտությունը:
Խոսելով Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունից` «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը կարեւորել է հոկտեմբերի 5-ին ընդունված «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի» մասին բանաձեւը, որը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված եւ չարդարացված ռազմական հարձակումը:
Կարդացեք նաև
Զրուցակիցները կարեւորել են Հարավային Կովկասում տեւական խաղաղության եւ կայունության հաստատումը, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ՀՀ ԱԺ