Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում ԱՊՀ-ի նկատմամբ: Այս մասին Բիշքեկում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի կարծիքով՝ անհրաժեշտ է ավելի քննադատաբար մոտենալ ԱՊՀ-ի շուրջ ստեղված իրավիճակին և «գլուխը չթաքցնել ավազում»։
«Հիշեցնեմ, որ ԱՊՀ-ի ստեղծման հիմնական նպատակը եղել է Խորհրդային Միության փլուզումից հետո կապերի խզումը կանխելը, ինչը ձեռնտու չէր և այսօր էլ ձեռնտու չէ մեր մրցակիցներին՝ Արևմուտքին, որն առ այսօր չի դադարեցնում մեզ թուլացնելու, խարխլելու, իր շահերին ենթարկելու փորձերը։ Սկզբում մեր միությունից դուրս եկավ Վրաստանը, դե-ֆակտո մեզ հետ չէ Ուկրաինան։ Շատ հարցեր կան Մոլդովային ուղղված։ Միշտ չէ, որ իրեն գործընկերոջ նման է պահում, ցավոք, Հայաստանը»,-ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի առաջնորդը միևնույն ժամանակ ընդգծել է, որ ԱՊՀ տարածքում երկարամյա մի շարք հակամարտություններ հաջողությամբ կարգավորվել են, մյուսների դեպքում՝ լուծման ուղիներ են ուրվագծվել, բայց չի մանրամասնել՝ որ հակամարտությունն է «հաջողությամբ լուծվել»։
Լուկաշենկոն նաև նշել է, որ Խորհրդային Միությունում ծնված և մեծացած քաղաքական գործիչների ներկայիս սերունդն է, որ պետք է լուծի առկա խնդիրները։