Հոկտեմբերի 7-ին Երեւանում վայրէջք է կատարել ԵՄ մարդասիրական բեռով ինքնաթիռը։ Մոբիլիզացնելով իր մարդասիրական պաշարները՝ ԵՄ-ն մատակարարել է հիգիենայի պարագաներ, խոհանոցային հավաքածուներ, ծածկոցներ, արեւային լուսադիոդներ եւ արեւային լապտերներ։ Սա ԵՄ հումանիտար գործընկերներին կօգնի տեղում աջակցել կարիքավոր մարդկանց ապաստանի եւ կացարանի առաջին անհրաժեշտության պարագաներով:
Հոկտեմբերի 6-ին Հայաստան էր ժամանել Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը՝ համակարգելու Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային գաղթի լույսի ներքո երկրին ԵՄ-ի կողմից ցուցաբերված օգնությունը: Հանձնակատարի այցը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից անմիջապես հետո, որտեղ նախանշվել են ԵՄ աջակցության մի շարք միջոցառումներ։
Հայաստան կատարած այցի ընթացքում Լենարչիչը հանդիպել է նաեւ Փաշինյանին եւ այցելել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ապաստարաններ։
Հանձնակատարը քննարկել է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով մոբիլիզացված վերջին աջակցությունը, որն ակտիվացվել է սեպտեմբերի 29-ին Հայաստանի խնդրանքով։ Ավստրիան, Գերմանիան, Լիտվան, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան եւ Շվեդիան առաջարկել են հրատապ անհրաժեշտության ապաստարանային սարքավորումներ, սնունդ եւ բժշկական պարագաներ: Բելգիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան եւ Շվեդիան բժշկական օգնություն են առաջարկել Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունից տուժածներին օգնելու համար։
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 5-ին Փարիզում վայրէջք է կատարել Հայաստանից Ֆրանսիա բուժման նպատակով հիվանդներին տեղափոխող առաջին ինքնաթիռը։
EU NEIGHBOURS east