«Մենք նմանատիպ առեւտրի մեջ չենք մտել եւ չենք պատրաստվում մտնել»,-այս մասին այսօր քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ քաղաքապետ է ընտրվել, քանի որ «Հանրային ձայն» խմբակցությունը մասնակցեց ավագանու առաջին նիստին, ինչով էլ ապահովեց քվորումը, ինչը, ըստ մամուլի, պայմանավորվածության արդյունք է: Երեկ պարզ դարձավ, որ կալանքի մեջ գտնվող «Հանրային ձայն»-ի ղեկավար Արտակ Գալստյանի կինը ազատ է արձակվել։
Ավինյանի խոսքով՝ «Քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց վերաբերյալ հարցերը մենք չենք կարող առեւտրի առարկա դարձնել, մենք այդ դաշտ չենք մտնում։ Այն, ինչ տեղի է ունենում դատական, իրավական համակարգում, տեղի է ունենում անկախ այն պրոցեսներից, որոնք տեղի են ունենում քաղաքական դաշտում եւ ավագանու նիստերին։ Նիստերին մասնակցել- չմասնակցելու հետ կապված՝ տարբեր ուժեր իրենց դիրքորոշումները հայտնել են հանրայնորեն։ Այդտեղ մենք ոչ ներազդել ենք, ոչ առեւտուր ենք արել որեւէ մեկի հետ։ Հատուկ շեշտել ենք, որ կան ուժեր, ուժերի տեսակ, որոնց հետ մենք որեւէ գաղափար չենք կիսում եւ իրենց հետ քննարկելու բան չունենք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ