Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին ժողովրդավարության անշրջելիությունը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 13,2023 12:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը։

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Բարձրագույն դատական խորհրդի մեծարգո նախագահ,
Անվտանգության խորհրդի, գործադիր իշխանության հարգելի անդամներ,
Հարգելի պատգամավորներ,
Դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ,
Տեղական ինքնակառավարման մարմիների հարգելի ներկայացուցիչներ,
Հոգևոր հայրեր,
Հարգելի ներկաներ,

Նախ՝ ուզում եմ Տիգրան Ավինյանին շնորհավորել Երևանի քաղաքապետ ընտրվելու առիթով: Սա իսկապես շատ մեծ պատասխանատվություն է ոչ միայն Տիգրան Ավինյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, այլև բոլոր այն մարդկանց համար և այն մարդկանց առաջ, ովքեր մասնակցել են Երևանում ավագանու ընտրություններին, այդ առիթով արտահայտել են դիրքորոշում:


Մարդիկ որևէ մեկի օգտին քվեարկելիս՝ անկախ նրանից, թե ում օգտին են քվեարկել, մի ակնկալիք են ունեցել՝ տեսնել ծաղկուն Երևան և երջանիկ երևանցի: Սա թվում է, թե բարդ, բայց կատարման համար անխուսափելի խնդիր է: Եվ այս խնդիրը լուծելն ամենևին էլ միայն քաղաքապետի գործը չէ, այլ նաև Երևանի ավագանու ամբողջ կազմի: Եվ ուզում եմ նաև շնորհավորել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով խմբակցություն ձևավորած բոլոր կուսակցություններին, մաղթել նրանց պտղաբեր աշխատանք՝ հանուն Երևանի և հանուն երևանցիների:

Այս ընտրությունները մի շատ կարևոր բան ցույց տվեցին՝ ժողովրդավարության անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Ընտրական ամբողջ գործընթացն անցավ, իհարկե, լարված, բայց Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական էությունը որևէ կերպ չստվերվեց: Եվ սա շատ կարևոր արձանագրում է:

Շատ կարևոր է արձանագրել, որ այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին մեր անբեկանելի հավատարմությունը 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին, որի առաջնային նպատակը ժողովրդին, ՀՀ քաղաքացուն անբեկանելի իշխանությամբ օժտելն էր՝ ձևավորելու իշխող ինստիտուտներ և մարմիններ: Եվ այս ընտրություններն ապացուցեցին այդ տրամաբանության անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում:

Շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության, ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում կառավարման նոր մոդել է փորձարկվելու, երբ մայրաքաղաքի կառավարումն իրականացնելու են գործադիր հատվածում երկու ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը: Այս պատասխանատվության առիթով շնորհավորում են նաև «Հանրապետություն» կուսակցությանը և հաջողություն եմ մաղթում: Սա, իսկապես, կառավարման համագործակցության նոր մշակույթ պետք է բերի: Ես հույս ունեմ, որ այս մոդելը, իսկապես, կարդարացնի իրեն:
Բայց մյուս կողմից ուզում եմ ասել, որ Երևանի մասին օրենսդրության համաձայն, ըստ էության, Երևանը կառավարվում է ամբողջ ավագանու կողմից: Պետք է արձանագրենք, որ ընտրություններն՝ ընտրություն, բայց Երևանի ավագանու, քաղաքապետի և քաղաքապետարանի գործունեությանը հետևելիս՝ մարդիկ մի հարցի պատասխան են ցանկանալու լսել, տեսնել և զգալ՝ ինչքանո՞վ են իրենց ձայներով ավագանի ձևավորած ուժերը նվիրված Երևանի և երևանցու խնդիրների լուծմանը: Ես համոզված եմ, որ այս ճանապարհին մենք, իսկապես, կլինենք հետևողական:

2018 թվականին մեր քաղաքական թիմը Երևանի կառավարման պատասխանատվությունը ստանձնելով՝ էական, տեսանելի և շոշափելի փոփոխություններ է իրականացրել մայրաքաղաքում: Համոզված եմ՝ այս նոր փուլում, այս նոր շրջափուլում այդ փոփոխություններն ավելի տեսանելի և շոշափելի կլինեն: Ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է լինել Երևանի քաղաքապետի, Երևանի ավագանու կողքին՝ հանուն Երևանի և հանուն երևանցու:

Հարգելի պարոն Ավինյան,
Երևանի ավագանու հարգելի անդամներ,

Շնորհավորում եմ բոլորիդ այս պատասխանատվության առիթով և մաղթում, որ պատասխանատվության առիթով շնորհավորանքն արդարանա նաև հաջորդ ընտրական շրջափուլից առաջ, և մենք կկարողանանք իրար աչքերի մեջ նայել ու ասել, որ պատվով կրեցինք Երևանի և երևանցիների՝ մեր ուսերին դրած պատասխանատվությունը, ձեր ուսերին դրած պատասխանատվությունը, Երևանի ավագանու բոլոր անդամների, բոլոր պաշտոնյաների՝ Երևանի քաղաքապետի, քաղաքապետարանի ուսերին դրած պատասխանատվությունը:

Այս ճանապարհին մենք պետք է լինենք անհոգնել, հետևողական, սկզբունքային և ազնիվ:
Համոզված եմ՝ այդպես էլ կլինի:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Շնորհակալ եմ»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031