Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ինչ հիշում եմ՝ նկարում եմ». Բացվել է Սամվել Լաճիկյանի ցուցահանդեսը

Հոկտեմբեր 13,2023 11:34

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է Սամվել Լաճիկյանի անհատական ցուցահանդեսը։ Իր ծննդյան 70-ամյակին կազմակերպված ցուցահանդեսը գեղանկարիչը վերնագրել է «Կոչեմ ապրողաց»:

Ինչպես 1988-ի երկրաշարժից, այնպես էլ պատերազմից հետո ստեղծած գործերով՝ գյումրեցի արվեստագետը ուզում է հաստատել, որ հայ ազգն իրավունք չունի հուսալքվելու եւ ամեն ինչ դեռ առջևում է։

«Ինձ ինչ հիշում եմ՝ նկարում եմ»,-ասում է նկարիչը ու փաստում, որ 80-ականներով թվագրված իր առաջին ստեղծագործությունները թղթի վրա ջրաներկով արված գործեր են: Ապա հավելում է, որ բազմաժանր է իր ստեղծագործական աշխարհը:

Թեեւ Լաճիկյանը ստեղծագործում է գրեթե բոլոր ժանրերով, սակայն դիմանկարն առաջնային նշանակություն ունի նրա արվեստում։

Դիմանկարում է ի հայտ եկել նրա գծի վարպետությունն ու գույնի հետ այն ներդաշնակելու հմտությունը։ Այցելուներին անմիջապես գրավեց «Հայոց գորգապատում» նկարաշարը, որի մաս կազմող նկարներից յուրաքանչյուրում պատկերված ազգային գորգի կամ կարպետի, դրանց զանազան ձևերի ու ծավալների մեջ նկարիչը տեսել է մարդկային կերպարներ։

Վրձնի մեծագույն վարպետներից մեկը` Գրիգոր Խանջյանը, նկարաշարը «հայտնություն» է համարել հայ արվեստում ընդհանրապես։

Ներկայումս Սամվել Լաճիկյանը ոչ միայն շարունակում է ստեղծագործել, այլ իր փորձն ու գիտելիքներն է կիսում գյումրեցի փոքրիկների հետ։ Նա շուրջ 20 տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո վերադարձել է Հայաստան՝ այն համոզմունքով, որ լավագույն գործերը ծնվում են հայրենիքում:

Հավելենք, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 21-ը:

Լիլիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031