Համացանցային զեղծարարների երեւակայությունը նոր հորիզոններ է գրավում. օդից գումար աշխատողների թիրախում այժմ էլ երիտասարդներն են: Ցանցահենները շիկահեր գեղեցկուհիների էջերով նամակներ են գրում հայ տղաներին ու ո՛չ ավել, ո՛չ պակաս թատրոն հրավիրում: «Մեկ էլ հանկարծ պարզվում է՝ հայ երիտասարդությունը սկսել է թատերարվեստով հետաքրքրվել: Իրականում սակայն ոչ թե մշակույթի, այլ շիկահերների գայթակղությանն են տրվում հայ տղաներն ու հայտնվում օնլայն խաբեբաների ծուղակում: Ինչպե՞ս են «տղա կպցնում» շիկահերների անվան տակ ներկայացող զեղծարարները: Նախ շփվում են երիտասարդի հետ, մտերմանում ու առաջարկում՝ հանդիպել: Հանդիպման համար էլ առաջարկում են կինո կամ թատրոն գնալ: Ի դեպ, որպեսզի կասկածի տեղիք չտան ու էլ ավելի շահագրգռեն ու գցեն իրենց ծուղակը՝ ֆիլմն առաջարկում ոչ թե դահլիճում, այլ առանձնացված խցում դիտել»,-«Ազգ»-ի հետ զրույցում ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ռուս աղջիկների անվան տակ ներկայացող ցանցահենները հանդիպման շտապող հայ երիտասարդին ներկայացնում ու առաջարկում են մշակութային երեկոյի ամբողջական փաթեթը. «Ուղարկում են երեւանյան թատրոններից մեկի պաշտոնական կայքի նման կայք, որն, ի դեպ, ավելի սիրուն է պատրաստված լինում, քան՝ իրականը: Եվ «ռուս աղջիկն» առաջարկում է «իքս» ներկայացման համար տոմս գնել: Ոգեւորված երիտասարդը, բնականաբար, միանգամից համաձայնում է, լրացնում է բանկային քարտի բոլոր տվյալներն, ու զեղծարարները ստանում են բանկային քարտի բոլոր տվյալները, ինչն էլ հետագայում կարողանում են օգտագործել ու տնօրինել դրա վրա առկա գումարը»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: