«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր ձեւաչափով զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
– Դուք միշտ հանդես եք եկել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների օգտին։
– Ես հիմա էլ եմ նույնը անում։ Հայաստանը կարիք ունի դաշնակիցների, եւ ոչ թե ամբողջ աշխարհի հետ թշնամանալու։ Հայաստանը ճիշտ քաղաքականության դեպքում կարող է շատ լավ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ Արեւմուտքի։ Մեր երկրի շահը դա է պահանջում։ Ամբողջ աշխարհը խառնվել է իրար, ամեն տեղ պատերազմ ու աղետ է։ Հիմա այս պայմաններում, մեր այս վիճակով մենք մի հատ էլ նո՞ր հակառակորդ ենք ուզում՝ ի դեմս Ռուսաստանի։ Ես միշտ հանդես եմ եկել նաեւ Արեւմուտքի հետ լավ հարաբերություններ ունենալու օգտին, ու իմ հիմնավորումը, կարծում եմ, շատ հասկանալի է. հայ ժողովրդի մի զգալի մաս ապրում է Արեւմուտքում, մի շատ մեծ մաս էլ՝ Ռուսաստանում եւ այլուր։ Սա է մեր ժողովրդի ճակատագիրը, մենք սա հաշվի առնելով՝ պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը, որի առանցքը իրական լավ հարաբերություններն են, ոչ թե մեկի հաշվին մյուսին լավություն անելը։
– Պարո՛ն Ծառուկյան, Բաքվի բանտերում են գտնվում հայ պետական գործիչներ, նախկին նախագահները։ Ի՞նչ է պետք անել։
Կարդացեք նաև
– Բաքվի բանտերում են գտնվում Արցախի համար իրենց կյանքը դրած մարդիկ, պետական գործիչներ, հասարակական խոշոր գործիչներ, լուրջ զինվորականներ, նաեւ մեծ թվով հայ զինծառայողներ ու Արցախից առեւանգված քաղաքացիներ։ Սա մեզ համար ազգային արժանապատվության խնդիր է, սա այն հարցն է, որի վրա գիշեր-ցերեկ պետք է գրագետ աշխատել։ Քանի Բաքվի բանտում կա գեթ մեկ հայ, այդ աշխատանքը դադարացնելու իրավունք մենք չունենք։ Ես պատրաստ եմ օգնել միջազգային լավագույն իրավաբաններին ներգրավելու հարցում, ինձնից կախված ամեն ինչ պատրաստ եմ անել։ Պետությունը պարտավոր է այդ հարցը դնել միջնորդների եւ դաշնակիցների առաջ։ Նորից եմ կրկնում՝ դա ազգային արժանապատվության հարց է։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։