Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցով պետական տուրքի վճարումից չէր ազատվել

Հոկտեմբեր 13,2023 13:00

Ռոբերտ Գրիգորյանը 2023 թվականի մայիսի 18-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ խնդրելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասը, այնքանով, որքանով չի սահմանում ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման հետեւանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցով հայցվորների պետական տուրքի վճարումից ազատված լինելու իրավունքը, ճանաչել Սահմանադրությանը հակասող եւ անվավեր:

2018 թվականի ապրիլի 22-ին Ռ.Գրիգորյանը ձերբակալվել է: ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի որոշմամբ՝ 2018 թվականի ապրիլի 23-ին Ռ. Գրիգորյանն ազատ է արձակվել: Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 10-ի որոշմամբ հաստատում է Ռ.Գրիգորյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը եւ վերջինիս իրավունքների խախտումը: Այդ որոշումը չի բողոքարկվում եւ մտնում է օրինական ուժի մեջ:

Ռ.Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հայցով մտնում է դատարան, պահանջում է 500.000 ՀՀ դրամ, որպես ոչ իրավաչափ ձերբակալման հետեւանքով պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցում: Դատարանը 2022 թվականի մայիսի 26-ին վճռում է Ռ.Գրիգորյանի հայցը մերժել եւ հայցվորից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես 500.000 ՀՀ դրամի չափով ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման պահանջը դատարանում քննության առնելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով վճարման ենթակա պետական տուրքի գումար: 2023 թվականի օգոստոսի 11-ին Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարում է մասնակիորեն, վճիռը բեկանվում է եւ գործն ուղարկվում նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության: Ըստ ՍԴ դիմողի, վիճարկվող օրինադրույթով սահմանվում են դատարաններում պետական տուրքի վճարումից ազատման իմպերատիվ հիմքերը: Այն նաեւ սահմանում է արդարացված մեղադրյալների համար արտոնություն՝ դատարան դիմելիս պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու վերաբերյալ, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ խոշտանգման հետեւանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցերով պետական տուրքի վճարումից ազատում:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթն իր համար բացասական իրավական հետեւանք է առաջացրել այն պատճառով, որ այն չի նախատեսում համանման արտոնություն հիմնարար իրավունքների խախտման եւ անարդարացի դատապարտման հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով եւս՝ ստեղծելով օրենքի կարգավորման բաց, որը հակասում է իր՝ Սահմանադրության 61 եւ 63-րդ հոդվածներով ամրագրված՝ դատական պաշտպանության եւ դատարանի հասանելիության իրավունքներին: Պատասխանող Ազգային ժողովի առարկմամբ՝ պետական տուրք վճարելու պարտականություն սահմանելը հետապնդում է լեգիտիմ նպատակ, այն է՝ փոխհատուցել պետության՝ արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխել դատարան դիմելու իրավունքի չարաշահումը…

Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 10-ին գործը կարճելու որոշում է կայացրել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031