Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես կարող էի ամբողջ հանրապետության աչքի առաջ նրա բնակչին շահագործման ենթարկել»

Հոկտեմբեր 13,2023 13:30

«Աշխատանքային թրաֆիքինգի» գործով

Անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանի դատավճռով Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի կադրերի տեսուչը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, որը պայմանական չի կիրառվի: Դատարանը հաշվի էր առել մի քանի հանգամանքներ, հանցագործության ավարտման (2018թ.) եւ դրա բացահայտման (2020թ.), ինչպես նաեւ ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելու (2022թ.) պահերի միջեւ ժամանակային խզումը, անձը բնութագրող հանգամանքները, այդ թվում այն, որ պատիժ նշանակելու պահին ամբաստանյալը 67 տարեկան է, նրա նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատժի կիրառման արդյունքում ակնկալվող պատժի նպատակների իրագործումը հնարավոր է նաեւ առանց այն փաստացի կրելու, 5 տարով փորձաշրջան սահմանելու միջոցով:

Նախաքննության մարմնի 2020 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ՝ Բ. Խլոյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի, «նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահագործման նպատակով 2002-2018 թթ. ընթացքում, շաբաթվա 5 օրերին առավոտյան ժամը 10։00-ից մինչեւ 17։30-ն ընկած ժամանակահատվածում, առանց ընդմիջման, նույն կազմակերպության տարածքում իր կողմից բացված մթերային խանութում, հոգեկան ֆունկցիաների խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցելու հնարավորությունից զրկված Ռ. Փ.-ին, առանց աշխատանքային պայմանագրի կնքման, ընդունել է որպես վաճառողուհի եւ օգտվելով նրա վիճակից, չի վարձատրել՝ այդ կերպ նրան ենթարկելով շահագործման»։

Տեսուչը չէր ընդունել մեղադրանքը: Նա հայտնել էր, որ ընդհանրապես տուն-ինտերնատի տարածքում խանութ չի ունեցել, ձեռնարկատիրությամբ չի զբաղվել: Նա ցուցմունք էր տվել, որ «չէր կարող աշխատանքային պայմանագիր կնքել, քանի որ որեւէ ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել: Ինչ վերաբերում է բնակչին շահագործելուն՝ նշված տարիների ընթացքում՝ աշխատում է 30 տարի, ամեն տարի տուն-ինտերնատ են այցելում դատախազությունից, ՄԻՊ գրասենյակից, նախարարությունից, ստուգումներ են իրականացնում, ինչպես նախապես պլանավորված, այնպես էլ առանց զգուշացնելու այցելում են: ՄԻՊ գրասենյակից գնացել են տուն-ինտերնատ եւ օրերով մնացել այնտեղ, զրուցել են բնակիչների հետ: Տուն-ինտերնատը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակա հիմնարկ է, բյուջեից սնվող հիմնարկ, հետեւաբար, ինքը չէր կարող այդքան տարիների ընթացքում ամբողջ հանրապետության աչքի առաջ նրա բնակչին շահագործման ենթարկել, եւ չլիներ որեւէ մեկը, որ բռներ իր ձեռքը եւ հարցներ, թե ինչ է անում: Ինքն ընդամենն աշխատել է՝ որպես կադրերի տեսուչ եւ բնակիչների հետ անմիջական շփում չի ունեցել»:

Նրա ցուցմունքից նաեւ հայտնի դարձավ, որ տուն-ինտերնատի տարածքում որեւէ մեկը խանութ, կրպակ չի ունեցել, քանի որ ինքը չի տեսել: Եթե զբաղվեր ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես առաջադրել էր գլխավոր դատախազությունը, ապա «ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկերից խուսափելու համար իրեն որեւէ անգամ մեղադրանք կառաջադրվեր»: Ենթադրյալ տուժողին ճանաչել է ոչ անձամբ, բայց բոլոր բնակիչներին ճանաչում է, քանի որ ամռանը բոլորը դրսում են լինում, ինքն էլ Ռ. Փ.-ին տեսել է նրանց մեջ: Նա հայտնել էր նաեւ, որ մյուս տնօրենների ժամանակ (8 տնօրեն է ունեցել Վարդենիսի տվյալ հիմնարկը-Ռ.Մ.) այդ տարածքում խանութ չի գործել, եթե աշխատեր՝ կիմանար: Իսկ հակասությունները նախաքննության ժամանակ տված ցուցմունքների ու դատարանում հայտնածի, բացատրել էր հետեւյալ կերպ. «Նախաքննությամբ ցուցմունք տալիս իր մտքերը չեն եղել: Ինքն է գրել, իր ձեռագրով, բայց իր մտքերը չեն եղել, երեւի պատճառն այն է եղել, որ չի շփվել իրավական համակարգի հետ, մտածել է, որ ճիշտը դա է: Այդ ցուցմունքներում որեւէ նախադասություն կամ միտք չկա, որը պնդում է, խնդրում է հիմք ընդունել դատարանում տված ցուցմունքը»:

Նախաքննության ժամանակ տուժողը ցուցմունք էր տվել, որ խանութ կար, օրական տասը հազար դրամի առեւտուր է արել, խանութում սննդամթերք են միայն վաճառել, հաց, սուրճ, քաղցրավենիք, ալկոհոլ չի եղել: Ի դեպ, տուժողի հարցաքննությանը մասնակցել է հոգեբույժը: Տուժողին, երբ դատարանը հարցրել է, կաշկանդվա՞ծ ես ցուցմունք տալիս, նա ասել է. «չգիտի կաշկանդվածը ինչ է», եւ առհասարակ, ինքը առեւտրի հետ ինչ գործ ունի…

Այս գործով բազմաթիվ վկաների նկատմամբ դատարանը կայացրել է բերման ենթարկելու մասին որոշումներ, անգամ արտագնա նիստ է հրավիրել Վարդենիսում:

Վկաներից ասել են, որ ինչ աշխատել են այդտեղ, խանութ է եղել… առաջին անհրաժեշտության իրեր են այնտեղից ձեռք բերել: Այս գործով 20-ից ավելի վկաներ կան:

Այս գործով ուշադրություն գրավեց փորձագետներից մեկի ցուցմունքը, համաձայն որի՝ «տուժողն այդ հոգեվիճակով կարող էր կատարել աշխատանքներ: Այդ ախտորոշմամբ նա կարող էր կատարել ինտելեկտուալ աշխատանք, իսկ ֆիզիկական բնույթի, համապատասխան կրթություն պահանջող աշխատանք՝ չէր կարող կատարել: Փորձաքննվողի մոտ աբստրակտ մտածողությունը զարգացած չէ, օրինակ՝ եթե ասում ես գումարիր, բաժանիր, բազմապատկում կատարիր, չի պատկերացնում, իսկ եթե այդ ամենը առարկայականի ես վերածում, նա կարողանում է հաշվել, օրինակ՝ երբ տեսանելի ինչ-որ առարկայի ես վերածում, օրինակ՝ արկղերի, պարկերի, կարողանում է: Օրինակ, եթե նրա դիմաց լինի 1000 ՀՀ դրամ գումար, նա կարող է կատարել գործողություն: Փորձագիտական եզրակացության մեջ մանրամասն արտացոլված է, որ հիշողության որեւէ բաղադրիչի խանգարում չի հայտնաբերվել: Հիշողությունը փուլային գործընթաց է, մի քանի փուլ է անցնում եւ բոլոր փուլերը նրա մոտ պահպանված են: Ինչ վերաբերում է այն հարցին, թե նա կարող է որոշակի գործողություն կատարել, օրինակ՝ ծաղիկ ջրել, առեւտուր անել եւ չհասկանալ դա ինչ է իրենից ներկայացնում, թե ոչ՝ ապա դա հիշողության հետ կապ չունի։ Ինչպես նշվել է եզրակացության մեջ՝ տուժողը ոչ թե չի հասկանում, թե ինչ է անում, այլ այս դեպքում գործ ունենք իրավագիտակցության ցածր մակարդակի հետ, ինտելեկտուալ հնարավորությունների, իր գործողությունների, շրջապատի գործողությունների բնույթի, նշանակության, դրանց իրավական հետեւանքների, քաղաքացիական որոշումներ կայացնելու, իրագործելու, իր իրավունքները պաշտպանելու սահմանափակման հետ, նա չի կարող կանխատեսել, զգալ դրանք: Չի կարող ասել՝ նա կարող էր միայնակ աշխատել խանութում, թե ոչ, բայց գումարային գործողություններ կարող էր մեխանիկական անել: Հոգեբանության ոլորտում հայտնի աշխատանքային թերապիան շատ լավ է, սակայն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային թերապիա կարգավորող նորմ գոյություն չունի: Այսինքն, աշխատանքային թերապիա տեսականորեն կա, բայց կարգավորող ոլորտ գոյություն չունի: Ինքն անձամբ տեղյակ չէ հոգեբուժական, նյարդահոգեբանական հաստատություններում նման թերապիա անցկացնելու վերաբերյալ: Չի կարող ասել, թե նման աշխատանքների ներգրավելու համար ինչ փաստաթղթեր են հարկավոր, որպեսզի հոգեկան հիվանդը, կլինիկայի բուժում ստացող անձը, ստանա այդ բուժումը, կամ որքան ժամանակ է հարկավոր, քանի որ ոլորտը կարգավորող որեւէ իրավական, օրենսդրական ակտեր չկան»:

Բժշկի կողմից աշխատանքային թերապիայի որեւէ նշանակում չի եղել: Աշխատանքային թերապիան կարող է ներառել աշխատանքային օրենսգրքով սահմանված ժամանակը: Նախկինում բոլոր դեպքերում բուժող բժշկի, հոգեբույժի կարծիքն անհրաժեշտ է եղել անձին աշխատանքային թերապիա նշանակելու ժամանակ:

Այս տարվա ապրիլի 14-ից բողոքը քրեական վերաքննիչ դատարանում է:

Բողոք բերողը մեղադրողն է, ով միջնորդել է բեկանել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2022թ. դեկտեմբերի 14-ի դատավճիռը՝ ամբաստանյալ Բ. Խլոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակելու մասով եւ վարույթը փոխանցել առաջին ատյանի համապատասխան դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Վերաքննիչ դատարանի կազմը հայտնի է՝ Ն.Հովակիմյան, Ռ. Մխիթարյան, Կ. Մարդանյան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031