Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այսպիսի «ճարպկությամբ» Մոսկվան ուզում է «վստահելի գործընկեր» ու «հուսալի դաշնակից» երեւա՞լ

Հոկտեմբեր 13,2023 12:00

Ադրբեջանում էին Նիկոլայ Պատրուշեւն ու Հաքան Ֆիդանը. հիմա ի՞նչ դավեր են հյուսվում ընդդեմ Հայաստանի` Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ձեւաչափում

Դատելով ՌԴ իշխանությունների հայտարարություններից` նրանք հայտնվել են պատային իրավիճակում: Նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության ընդունումից հետո Արցախում ադրբեջանական ապօրինություններին համարժեք գնահատականներ հնչեցնելուց խուսափելու քաղաքականության արդյունքում Արցախը հայաթափված է, մինչդեռ ռուս խաղաղապահները «ցանկանում» են մնալ այնտեղ:

100 հազարից ավելի արցախցիների զանգվածային տեղահանումից հետո ՌԴ ՊՆ-ն Արցախում ռուս խաղաղապահների «բուռն» գործունեության վերաբերյալ հաղորդագրություններ ու տեսանյութեր է տարածում այն մասին, թե ինչպես են նրանք դատարկված Արցախում «փորձում կայունություն» հաստատել:

Մի կողմից ՌԴ նախագահն ասում է` Արցախում հայ չի մնացել, իսկ ռուս խաղաղապահներն Արցախում, պարզվում է, անվտանգության, կայունության ապահովման աշխատանքներ են իրականացնում:

Այս ամենին կարելի էր վերաբերվել որպես` կեղծիքի, ստի ու զավեշտի շարքից ռուսական անկարողության հերթական պոռթկումների, սակայն որքան էլ Հայաստանում ռուսական շահերի սպասարկողները շարունակեն պնդել, թե` «Արեւմուտքը ձգտում է Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղել», իրականում, Մոսկվայի քաղաքականությունը ճիշտ հակառակի մասին է վկայում` ՌԴ-ն ամրապնդվում է տարածաշրջանում:

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը պատրաստ է օգնել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը, մինչդեռ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն անկայունություն են սերմանում, գրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ամբողջական պահպանումն ու փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության եւ կայունության բանալին են» հոդվածում։ Լավրովը նախ շեշտել է, որ Բրյուսելը, «հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունները», իր «միջնորդական ծառայություններն» է պարտադրում Ադրբեջանին եւ Հայաստանին: «Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկաս։ Այժմ, երբ Երեւանի եւ Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման եւ վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստելու դրան», գրել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը պնդում է, թե ռուս խաղաղապահներն անելիք ունեն Հարավային Կովկասում: Ռուսական անգործության պայմաններում Արցախը դատարկվեց, իսկ Մոսկվան դեռ սեւեռված հայտարարում է, որ Բրյուսելն ու Վաշինգտոնն են ապակայունացնում Հարավային Կովկասը: Մոսկվայի համար, ինչպես նկատվում է, անընդունելի են Վաշինգտոնից, եվրոպական երկրներից Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին հայտարարությունները, ըստ ամենայնի, դրանք խառնում են Մոսկվայի խաղաքարտերն ու հաշվարկները եւ դրանք Մոսկվայի համար «ապակայունացնող» ազդակներ են:

Լավրովն, օրինակ, չի անդրադառնում իր երկի ղեկավարի օրերս հնչեցրած հայտարարությանը, թե` «Լեռնային Ղարաբաղում արդեն հայ չի մնացել՝ հազար կամ հազար հինգ հարյուր մարդ լինի…»։

Որքան էլ ՌԴ պետական քարոզչամեքենան չքմեղացած «պարզաբանի», թե` «այդպես ստացվեց, որ հայերը նախընտրեցին լքել Արցախը», դրանից իրականությունը չի փոխվում: Այսօր էլ Մոսկվայի ծրագրերն արդեն պարզորոշ երեւում են:

Ահա ապացույցը: «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցությունների, տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման թեմային, խոսել է Մեղրիի երթուղու մասին, նշելով հետեւյալը. «Այնուամենայնիվ, խոսքը Հայաստանի տարածքով երկաթուղու մասին է, ուստի ես ինձ թույլ տվեցի օգտագործել Մեղրիի երթուղի անվանումը: Այո, Ադրբեջանում դա կոչվում է «Զանգեզուրի միջանցք»։ Այսպես ասենք, որ այդ ձեւակերպումը գոհացնի բոլորին։ Մենք ակտիվորեն օգնում ենք մեր ադրբեջանցի եւ հայ գործընկերներին համաձայնության հասնելու հարցում։ Կարծում ենք, որ այդ պայմանավորվածությունը շատ կարեւոր գործոն կլինի Հարավային Կովկասում ընդհանուր կայունացման համար։ Այն կնպաստի Հարավային Կովկասի բոլոր պետությունների տնտեսական զարգացմանը, որովհետեւ Հայաստանն այդ դեպքում հնարավորություն կստանա դառնալ տրանսպորտային-լոգիստիկ հանգույց, կամրապնդի եւ կընդլայնի իր տրանսպորտային կապերը եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի, եւ Ռուսաստանի հետ։ Ադրբեջանը կստանա երկրի երկու հատվածների միջեւ անխափան, ռիթմիկ տրանսպորտային հաղորդակցության հնարավորություն։ Եվ Հարավային Կովկասում իրավիճակի ընդհանուր կայունացումը կծառայի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագայի համար վստահության հիմքերի ամրապնդմանը։ Այնպես որ, մենք տրամադրված ենք շարունակել առաջ տանել այդ խորհրդակցությունները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»։

Իսկ ռուսական կողմը ՀՀ ինքնիշխան տարածքին վերաբերող հարցերին ինչո՞ւ է խառնվում, մանավանդ որ, ՌԴ իշխանությունները «չգիտեն», թե որտեղից է սկսվում Հայաստանի Հանրապետությունը եւ որտեղ է ավարտվում, ու այդ «անտեղյակության» հիմքում էլ, պարզվեց, չեն պաշտպանում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչը ՀՀ-ՌԴ համաձայնագրերով ամրագրված պարտավորություն է:

Հիմա Հայաստան-Ադրբեջան խնդիրներում մխրճվելու ձգտումներով, ռուսական կողմը նույնիսկ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ աշխատելու պայմանների մասին է ակնարկում: Ռուսաստանը, Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն կարող են համատեղ աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միայն այն դեպքում, եթե Արեւմուտքը հաշվի առնի Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, նշել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նույն հարցազրույցում:

Այսինքն, Մեղրիի երկաթուղու եւ այլ «միջանցքների» հարցով ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պետք է ընդունե՞ն Մոսկվայի մոտեցումները: Այո՛, Մոսկվան ակնարկում է, թե հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջակետ դրված չէ, եւ հետեւաբար հանգուցալուծումն էլ պետք է լինի Մոսկվայի մոտեցումներին համահունչ:

Գալուզինի կարծիքով՝ կոնֆլիկտային իրավիճակին դեռ վերջակետ դրված չէ. «Եվ այստեղ արդիականություն է պահպանում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Խոսքը այնպիսի կարեւորագույն բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին է, ինչպիսիք են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Ադրբեջանի ու Հայաստանի հասարակական գործիչների, փորձագիտական հանրությունների, խորհրդարանականների միջեւ շփումների հաստատումը։ Այս ամենը պետք է հանգեցնի կարգավորման փոխընդունելի պայմանների, որոնք ամրագրվելու են ապագա պայմանագրում։ Եվ Ռուսաստանը՝ որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային եւ դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի աջակցել, որպեսզի կայուն եւ հավասարակշռված պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու հարեւանների միջեւ»։

Գալուզինն էլ իր հերթին շեշտել է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի դերը Լեռնային Ղարաբաղում պահանջված է, եւ այն հետագայում եւս անհրաժեշտ կլինի. «Գետնի վրա իրավիճակը բավականին արագ է զարգանում։ Ղարաբաղի շատ բնակիչներ իրենց համար ծանր որոշում են կայացրել լքել այդ վայրերը։ Բայց միեւնույն ժամանակ ես ելնում եմ նրանից, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի առաքելությունը մնում է ավելի քան պահանջված»։

Ռուսական զորախմբի «պահանջված դերի» մասին ռուսական կողմը կարող է հարցեր ուղղել հենց արցախցիներին, որոնց աչքի առջեւ է եղել այդ առաքելության եռամյա գործունեությունը:

Իսկ հիմա, որպեսզի ռուս խաղաղապահների գործունեության շարունակման անհրաժեշտության վերաբերյալ Մոսկվայի պնդումներն այդքան անհեթեթ ու ծիծաղելի չթվան, ռուս պաշտոնյան այսպիսի հիմնավորում է առաջ քաշում. «Չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից դուրս եկածներից ոմանք ինչ-որ փուլում որոշում կայացնեն վերադառնալ։ Եվ խաղաղապահների առկայությունն այդ մարդկանց համար կդառնա հանգստության լրացուցիչ գործոն։ Այնպես որ, ես չէի ասի, որ Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունն իրեն սպառել է։ Հարցը, թե ինչպիսին կարող են լինել այդ զորախմբի՝ հետագայում այնտեղ գտնվելու եղանակները, քննարկվելու եւ որոշվելու է Մոսկվայի եւ Բաքվի միջեւ՝ համապատասխան խողովակներով»։

Այսինքն, արցախցիներն ու ողջ աշխարհը տեսան, թե ինչպես ռուսների պատասխանատվության գոտում Արցախի նախկին ղեկավարները, ռազմական գործիչները «գերի ընկան», իսկ ավելի ճիշտ, ռուսների, առնվազն` իմացությամբ հանձնվեցին Բաքվին, ու այս պայմաններում Մոսկվայում դեռ կարծում են, որ արցախցիներն Արցախ վերադառնալու հնարավորություններ ունե՞ն…

Հիմա, իհարկե, կարելի է ամեն շաբաթ հիշեցնել, որ «գերի ընկածները ՌԴ քաղաքացի չէին»: Իսկ ՌԴ պատասխանատվության գոտում ինչո՞ւ են խաղաղ բնակիչներ սպանվել, ինչո՞ւ էին մարդիկ ամիսներով շրջափակման մեջ պահվում` սովի մատնված, կարծես պատանդներ, իսկ վերջում էլ նրանց դեմ ռազմական գործողություններ իրականացվեցին: Այս ամենը ռուս խաղաղապահներին չէ՞ր վերաբերում: Չէր վերաբերում, ուրեմն նրանց ընդամենը անհրաժեշտ էր եւ հիմա էլ է անհրաժեշտ ֆիզիկական ներկայություն ԼՂ տարածքում:

Հիմա ռուսական կողմը պետք է, այսպես ասած` «շահի» հայերի սիրտը: Պուտինը դարձյալ արդարացրել է Փաշինյանին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հանձնել Լեռնային Ղարաբաղը, ասել է Ռուսաստանի նախագահը «Վալդայ» ակումբում. «Չեմ կարող համաձայնել, որ վարչապետ Փաշինյանն իշխանության է բերվել դրսից՝ ինչ-որ մեկի կողմից՝ Ղարաբաղը հանձնելու համար: Ամեն դեպքում դա հայ ժողովրդի ընտրությունն էր»,-ասել է Պուտինը: Նա վստահեցրել է, որ սերտ շփում է ունեցել Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում եւ այդ պատճառով չի կարող պնդել, որ Հայաստանի վարչապետը հանձնել է այն. «Նա անկեղծ ձգտում էր, որ պահի, պահպանի իրավիճակը: Չեմ ասում՝ արդյոք ճիշտ էին որոշումները: Բայց ասել, որ նա նպատակաուղղված հանձնել է Ղարաբաղը, անարդար եմ համարում»:

Որպեսզի խիստ ակնառու չլինի ռուսական խաղաղապահ առաքելության ձախողումն ու տապալումն Արցախում, Մոսկվայի քաղաքականության հետեւանքները «մաքրելու» սուրբ գործն իր վտիտ ուսերին է կրում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որն օրերս մեկնաբանեց Մոսկվայի հնարավորությունները՝ Ադրբեջանի կողմից գերեվարված, այդ թվում 44-օրյա պատերազմի ժամանակ, հայ գերիների ազատ արձակմանն աջակցելու հարցում: «Եթե մենք խոսում ենք Ռուսաստանի քաղաքացիների մասին, անկախ նրանից, թե որտեղ են նրանք հայտնվել ու բախվել ողբերգական իրադարձությունների կամ հայտնվել են դժվարին իրավիճակում, իհարկե, մենք նրանց օգնություն կտրամադրենք մեր հնարավորությունների չափով։ Եթե խոսքը Ռուսաստանի քաղաքացիների մասին չէ, իսկ այս դեպքում դուք խոսում եք Լեռնային Ղարաբաղի հետ կապված տարածքի մասին, ապա այս հարցն ավելի լավ է ուղղել Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին»,- նշել է նա։

Աճպարարությունն, իհարկե, բավական պարզունակ է` ոչ թե քննարկել հարցը ինչպե՞ս են ՌԴ խաղաղապահների աչքի առաջ Ադրբեջանին հանձնվել Արցախի նախկին իշխանության ներկայացուցիչները, այլ տիրաժավորել թեման, որ այդ մարդիկ ՌԴ քաղաքացիներ չեն ու «ակամայից» հայտնվեցին Բաքվի բանտերում:

Ու այս «ճարպկությամբ» Մոսկվան մտադիր է աշխարհին «վստահելի գործընկեր» կամ «հուսալի դաշնակից» երեւա՞լ…

Ի դեպ, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն օրերս Բաքվում էր, որտեղ հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, նրանք քննարկեցին տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարեւորեցին տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ու կայունության ապահովմանը վերաբերող թեմաները, բնականաբար, ռուս-ադրբեջանական խորը ու փոխշահավետ համագործակցությանը նվիրվածություն հայտնեցին։ Ուշագրավ է, որ ճիշտ նույն օրն Ադրբեջանում էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, որը Շուշիում մասնակցում էր Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստին։

Հետաքրքիր է, հիմա ի՞նչ դավեր են հյուսվում ընդդեմ Հայաստանի` Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ձեւաչափում…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031