Լրահոս
Օրվա լրահոսը

Քովիդ-19-ը մեծացնում է աուտոիմունային հիվանդությունների վտանգը․ նոր հետազոտություն

Հոկտեմբեր 13,2023 09:30

Հարավային Կորեայում անցկացված նոր հետազոտության համաձայն՝ Քովիդ-19-ով վարակվելուց հետո մեծանում է շարակցական հյուսվածքի աուտոիմունային և աուտոբորբոքային հիվանդությունների վտանգը, ինչպիսիք են ալոպեցիան (մազաթափություն), Կրոնի հիվանդությունը, փսորիազն ու վիտիլիգոն։

Հետազոտողներն ուսումնասիրել են 2020 թ․-ի հոկտեմբերից 2021 թ․-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Քովիդ-19-ով հիվանդացած ավելի քան 350 000 պացիենտների տվյալներ։ Նրանք նաև օգտագործել են 6,1 միլիոնից ավելի մարդուց կազմված վերահսկվող խմբի տվյալները։ 2 խմբում էլ մասնակիցների միջին տարիքը եղել է 52-ը և գործել է սեռային հավասարության սկզբունքը։

«Նկատելի էր որոշ հիվանդությունների կապը Քովիդ-19-ի բարդացած դեպքերի հետ»,- գրում են հետազոտողները․ «Ենթադրություններ կան, որ Քովիդ-19-ը կապվում է աուտոիմունային հիվանդությունների հետ, քանի որ ըստ երևույթին SARS-CoV-2-ը խաթարում է աուտոտոլերանտությունը և խաչաձև ռեակտիվության միջոցով առաջացնում է աուտոիմունային ռեակցիաներ, ինչը կարող է հանգեցնել աուտոիմունային հիվանդությունների զարգացման»։

Մինեսոտայի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների հետազոտության և քաղաքականության կենտրոնի տվյալներով, Քովիդ-19-ով պացիենտների շրջանում ավելի մեծ է օջախային ալոպեցիայի, ամբողջական ալոպեցիայի (ճաղատություն), վասկուլիտի, Կրոնի հիվանդության և սարկոիդոզի վտանգը։

Ինչպես նշվում է կենտրոնի զեկույցում․ «Ամբողջական ալոպեցիայի, փսորիազի, վիտիլիգոյի, վասկուլիտի, Կրոնի հիվանդության, խոցային կոլիտի, ռևմատոիդ արթրիտի, Շյոգրենի համախտանիշի, անկիլոզացնող սպոնդիլիտի և սարկոիդոզի ռիսկերը երկարաժամկետ հեռանկարում կապվում են Քովիդ-19-ի բարդությունների հետ»։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Լուսանկարը՝ Kateryna Kon / Shutterstock.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031