Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարոն Շահրամանյանը պարտավոր է լինելու հաշիվ տալ, թե ինչ պայմաններում եւ ինչ նպատակով է այդ ապօրինի փաստաթուղթը ստորագրել»

Հոկտեմբեր 13,2023 14:00

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։

– Կան պնդումներ, որ աշխարհում չկա պետության ինքնալուծարման ինստիտուտ, եւ հետեւաբար Արցախի նախագահի հրամանագիրը հակատրամաբանական եւ հակասահմանադրական է, ու Արցախի ԱԺ պատգամավորները պետք է դիմեն Արցախի Գերագույն դատարան՝ այդ հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու համար։ Սա արդյունավե՞տ եւ իրատեսակա՞ն ճանապարհ է։

– Նախ Արցախի պետական մարմինները՝ Նախագահը, Կառավարությունը, Ազգային ժողովն ու, այդ թվում, նաեւ ձեր հիշատակած դատական ատյանը, պետք է հայտարարեն իրենց գործունեությունը շարունակելու որոշման մասին։ Դրանից հետո հնարավոր կլինի ճշտել, թե իրավական ինչպիսի ընթացակարգեր պետք է գործի դրվեն։ Անկախ ամեն ինչից, նույն պարոն Շահրամանյանը պարտավոր է լինելու հաշիվ տալ, թե ինչ պայմաններում եւ ինչ նպատակով է այդ ապօրինի փաստաթուղթը ստորագրել։ Զավեշտն այն է, որ ադրբեջանական կողմի՝ պետությունն ինքնալուծարելու հրամանագիր ստորագրելու պահանջն իրականում լեգիտիմացնում է Արցախի Հանրապետության գոյությունը հռչակման պահից։

– Ի՞նչ գործընթացներ հանգեցրին նրան, որ Արցախում տեղի ունեցավ այն, ինչ եղավ։ Դա անխուսափելի՞ էր։

– Բացի նրանից, որ Բաքուն հետեւողական գտնվեց իր իրավաքաղաքական մոտեցումներն առաջ մղելու եւ խնդիրը պատերազմով իր օգտին լուծելու հարցում, պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը զլացան իրատեսական, մեր շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովող քաղաքական օրակարգ ձեւավորել, թեեւ այդ հնարավորությունն ունեին։ Ընդ որում, այդ հնարավորությունն ունեին Հայաստանում իշխանության եկած բոլոր քաղաքական թիմերը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ներառյալ։ Եվ դա հակառակ այն բոլոր նախազգուշացումների, որ հրապարակավ արվել են։ Հետեւողականորեն գործը հանգեցրեցին Արցախի կործանմանն ու անդունդի եզրին կանգնեցրին Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա էլ բոլորս տգեղ գզվռտոցի ականատեսն ենք՝ դիտում ենք կատարվածի համար պատասխանատուների փոխադարձ հայհոյանքների ու մեղադրանքների այս թատրոնը։

– Ի՞նչ իրավիճակ ունենք Գրանադայի հանդիպումից հետո։ Մասնագետներն ահազանգում են Ադրբեջանին անկլավների վերադարձի անխուսափելիության մասին, իշխանական թեւը պնդում է, որ Գրանադայում ստացանք այն, ինչ ցանկանում էինք։

– Մենք դեռեւս փաստացի պատերազմական վիճակում ենք։ Տարածքային բոլոր հարցերը կարող են լուծվել կամ երկկողմ պայմանավորվածությունների, կամ պատերազմական գործողությունների վերսկսման արդյունքում։ Գրանադան ոչ պատերազմի վերսկսման վտանգն է զրոյացրել, ոչ էլ երկկողմ պայմանավորվածություններ է արձանագրել Բաքվի ու Երեւանի միջեւ։ Մեր դեպքում առաջնորդների խոսքն ու իրականությունը շատ քիչ համընկնումներ ունեն։

– Մի առիթով նշել եք՝ Ֆրանսիայի ռազմական աջակցությունը դեռեւս անորոշ է եւ դրա մեջ այս պահին մխիթարանք փնտրել չարժե։ Ինչո՞ւ։ Ֆրանսիայի ԱԳ նախարարի մակարդակով հայտարարվեց, որ պայմանավորվածություն կա առաջիկայում պայմանագիր կնքել։

– Իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Լավ է, որ Ֆրանսիայի արտգործնախարարը հնարավոր է համարում անորոշ ապագայում ռազմական համագործակցության վերաբերյալ պայմանագրի կնքումը, բայց ինքնապաշտպանական միջոցների կարիքը մենք հենց այս պահին ունենք։ Մինչդեռ, անգամ եթե այսօր այդ պայմանագիրը կնքվի, տեւական ժամանակ է պահանջվելու Ֆրանսիայից Հայաստան համապատասխան մատակարարումները կազմակերպելու համար, իսկ եթե խոսքը վերաբերի բարդ զինատեսակներին, ապա ամիսներ կքաշի դրանք սպասարկող անձնակազմերի ուսուցումը հավուր պատշաճի կազմակերպելը։

– Արցախի կապիտուլյացիայից հետո մտավախություն կա, որ Ադրբեջանը հարձակվելու է հենց ՀՀ-ի վրա։ Այդպիսի վտանգ իրատեսական համարո՞ւմ եք։ Կկարողանա՞ն այսպես կոչված՝ «հավաքական Արեւմուտք»-ը կամ ՌԴ-ն զսպել Ադրբեջանին։

– Ռուսաստանն էլ, ԱՄՆ էլ ցանկության դեպքում կարող են կասեցնել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները։ Այլ հարց է, թե արդյոք կցանկանա՞ն դա անել եւ ի՞նչ պայմաններով։ ՀՀ իշխանությունների խնդիրն է պարզել, թե ինչ պայմաններ կատարելու դեպքում հնարավոր կլինի որեւէ գերուժից ՀՀ սահմանների անձեռնմխելիության երաշխիքներ ստանալ։ Անկեղծ ասած, ներկա աշխարհաքաղաքական զարգացումների փուլում նման երաշխիքների անխախտությանը ես չէի վստահի, թեեւ այս ուղղությամբ հարկավոր է անել առավելագույնը; Շատ կարեւոր եմ համարում մեր պաշտպանական արդյունաբերության զարգացմանը զարկ տալ ու խորացնել համագործակցությունը արտադրողների ու հայկական բանակի միջեւ։

– Իսրայելում տեղի ունեցողն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության վրա։

– Կարծում եմ, որ Գազայի հատվածում հակաահաբեկչական գործողությունն ավարտելուց հետո Իսրայելն իր դաշնակիցների հետ միասին կկենտրոնանան Իրանի կղերապետության կազմաքանդման խնդրի լուծման վրա։ Գուցե անգամ մեկը մյուսի հետ զուգորդվի՝ չմոռանանք, որ Իսրայելում արդեն իսկ 300.000 պահեստազորային է զորակոչվել։

– Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն այս փուլում նկատո՞ւմ եք։

– Գործող իշխանությունները փորձում են մանեւրել, եւ այժմ հայ-ռուսական քաղաքական հռետորաբանությունում որոշակի սրացումներ են նկատվում։ Վեկտորի փոփոխության հավանականությունը չեմ բացառի, սակայն այդ ուղղությամբ արված քայլերը հարաբերությունների վերջնական խզում չեն նախատեսում, թեեւ իշխող վերնախավերի փոխադարձ դժգոհության աստիճանը գնալով մեծանում է։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031