30 տարի է անցել այն օրվանից, երբ կապանցի Մերի Մեժլումյանը ադրբեջանցիների հրետակոծության պատճառով կորցրեց երկու ձեռքերը։ 1993թ․ հուլիսի 23-ն էր․ բարեկամներով այգի էին գնացել։ Երեխաներով խաղում էին, 8 տարեկան Մերին այգու շան հետ էր խաղում։ Միշտ ուզում էր այդ շնիկին տուն տանել, բայց հայրը չէր համաձայնվում, այդ օրը խոստացավ Մերիին, որ կթողնի տուն տանի շնիկին։ Շան հետ վազվզում էր, երբ կանչեցին՝ ճաշելու: Մերին գնաց լվացվելու: Այդ պահին էլ ադրբեջանական օդուժի ինքնաթիռը սկսեց ռմբակոծել Կապանը:
«Ռումբը պայթեց, ընկա ջրի մեջ: Հիշում եմ` երբ ուշքի եկա, ձեռքերս դրեցի գետնին` ջրի մեջ` հալվեց, մի կտոր էլ չմնաց: Կասետային ռումբ էր, հալեցնում է, դրա համար շատ տուժեցի»,- տարիներ առաջ ինձ հետ հարցազրույցում նշել էր Մերին: Այդ օրը նաեւ ոտքից է վիրավորել։
Իր իսկ ձեւակերպմամբ՝ «պատերազմը պրծավ, բայց իմ կռիվը սկսեց դրանից հետո»։ Պայքարեց․դպրոցն ավարտեց, բուհը՝ նույնպես։ Ամուսնացավ՝ տղա ունեցավ։ Հիմա որդին՝ Կարենը 3 տարեկան է։ Աշխատում է Կապանի լեռնահարստացման կոմբինատում։ Չնայած օգնական ունի, բայց Կարենը սիրում է, որ մայրն է իրեն կերակրում։ Զրուցում է Մերին մեզ հետ եւ տորթ տալիս տղային։
Կարդացեք նաև
Աջակցության համար մարզպետարան էր գնացել, զրուցեցին եւ խոստովանեց, որ իր երազանքն է սեփական բնակարանը ունենալ։
Հիմա բնակարանամուտ է։ Մեկ սենյականոց բնակարանն անձամբ է գտել․ քաղաքի կենտրոնում է, մանկական զբոսայգու հարեւանությամբ, մոտ է նաեւ մանկապարտեզին եւ դպրոցին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ 12 մլն դրամով գնեցին բնակարանը։ Չնայած տան բանալին այս տարվա մայիսին էին հանձնել Մերիին, բայց բնակարանամուտը ամիսներ անց է։
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին Մերիին ու նրա որդուն շնորհավորելու են եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը, կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ։ «Թող ժպիտն անպակաս լինի ու բալիկդ էլ առողջ մեծանա»,-մաղթում է Արթուր Նիկողոսյանը։
38-ամյա Մերի Մեժլումյանը շնորհակալ է բոլորին, ովքեր իրենց պարգեւեցին բնակարանը; Արդեն կարող է իր սեփական ջերմ անկյունում ապրել։ «Չէ, փոքր չի, մեզ հերիք է»,-ասում է Մերին՝ մաղթելով, որ Արցախից բռնի տեղահանվածներն էլ ունենան իրենց տանիքը։
Նույն օժանդակության շրջանակում բնակարանը նորոգվել է, կահավորվել անհրաժեշտ գույքով ու կենցաղային տեխնիկայով։
«Դու չես դադարել պայքարել ու կյանքի նկատմամբ քո վերաբերմունքը, որ պիտի ապրես, պիտի առաջ գնաս, նաև Կարենի ներկայությունն այստեղ քո կերպարը պայքարի, ազատության, անկոտրում կամքի խորհրդանիշ են դարձրել»,-շնորհավորելով Մերիին՝ ասաց Սյունիքի մարզպետը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ