Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում հրատապ ընթացակարգով անցկացված «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» թեմայով քննարկման ընթացքում ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Փոլ Գավանը հիշեցրեց՝ հունիսին, երբ ԼՂ հարցով զեկույց էր ներկայացնում այս վեհաժողովում, եկել էր այն եզրակացության, որ Ադրբեջանի նպատակն է վտարել հայերին այդ տարածքից։
Ըստ նրա՝ վերջին իրադարձությունները դրա ապացույցն են։ Նա նաև հիշեցրեց, որ այն ժամանակ ադրբեջանական ռեժիմը պնդում էր, թե որևէ շրջափակում չկա, նաև իր մուտքն էին արգելում Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների․ «ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամների հավաստիացումները, թե իրենց կառավարությունը ոչ մի կապ չունի, թե իբր հարյուր հազարավոր մարդիկ հանկարծակի լքեցին իրենց նախնիների հողը, պետք է դիտարկել այս համատեքստում։ Սա մի ռեժիմ է, որը շարունակաբար իր քաղաքացիներին հավաստիացնում է, թե Լեռնային Ղարաբաղ անունով վայր չկա, սա մի ռեժիմ է, որը տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից քննադատվել է, թե ինչպես է վերաբերվում իր սեփական քաղաքացիներին։ Քաղբանտարկյալներ, վատ վերաբերմունք ազատազրկված անձանց նկատմամբ և այլն։ Եթե Ալիևի ռեժիմն այսպես է վերաբերվում իր քաղաքացիներին, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանի հայ բնակչության հետ»։
Նա փաստեց՝ հայերն այս տարածաշրջանում ապրում են հազարավոր տարիներ։ Առաջին հայկական եկեղեցին Լեռնային Ղարաբաղում Ամարասի վանական համալիրն է, որը թվագրվում է 4-րդ դար։ Փոլ Գավանն օգտագործեց նաև «էթնիկ զտում» արտահայտությունը և եզրափակելով ասաց․ «Եթե դուք շարունակեք աչք փակել ԼՂ հայ բնակչության հանդեպ սարսափելի այս գործողությունների վրա, եթե անդամ երկրները, Նախարարների կոմիտեն շարունակեն լռություն պահպանել և գործուն քայլեր չձեռնարկեն, նրանք կանաչ լույս են վառելու Եվրոպայի տարածքով նմանատիպ գործողությունների կրկնողության համար։ Եթե այս վեհաժողովն ուզում է պահել իր վստահությունը, վերջապես պետք է հաշիվ պահանջենք Ալիևի ռեժիմից»։
Կարդացեք նաև
ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի խոսնակ Քրիստոֆ Շոփն էլ Լեռնային Ղարաբաղում կատարվածի հետևում տեսնում է ՌԴ-ին․ «Այսպես կոչված Մինսկի խումբը թույլ տվեց Ռուսաստանին, որ խոչընդոտի հակամարտության խաղաղ լուծմանը։ 2020-ի նոյեմբերին ՌԴ-ն համաձայնեց իր խաղաղապահ ուժերին բերել ԼՂ, բայց սեպտեմբերի 19-ին նրանք մի կողմ քաշվեցին՝ թույլ տալով ազերիներին մտնել այդ տարածք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ