Հայաստանում ընթանում է «HOPE-2023» որոնողափրկարարական դաշտային ուսումնավարժանքը, որի գործնական փուլը սկսվեց հոկտեմբերի 10-ին: Պատահական չէ, որ ուսումնավարժանքի թեման երկրաշարժն է:
Ըստ սցենարի՝ վաղ առավոտյան Հայաստանը ցնցվել էր ավերիչ երկրաշարժից։ Երկրաշարժի օջախը Գառնիից 8 կիլոմետր հյուսիս-արևելք էր, ցնցման ալիքը` 8-9 բալ ուժգնությամբ, հիպոկենտրոնը` մակերևույթից 10 կիլոմետր խորության վրա: Առավելապես մեծ ավերածություններ են առաջացրել Կոտայքի մարզում։
ՆԳՆ փրկարար ծառայության ուժերը, Արտակարգ իրավիճակների կառավարման տեղական մարմինը, Երևանի քաղաքապետարանը և Կոտայքի մարզպետարանը սկսում են արձագանքման միջոցառումները։
Նման երկրաշարժերի դեպքում ավերածությունները սովորաբար զգալի են լինում, և ոչ մի երկիր ի վիճակի չէ միայն սեփական ուժերով օգնություն ցույց տալու տուժած բոլոր համայնքներին:
Կարդացեք նաև
Արտաքին գործերի նախարարության միջոցով մարդասիրական օգնության միջազգային կոչ է ուղարկվում և ակտիվացվում է Բնակչության պաշտպանության եվրոպական մեխանիզմի Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող կենտրոնը։ 24 ժամվա ընթացքում Բնակչության պաշտպանության եվրոպական թիմը, ինչպես նաև Կիպրոսի, Վրաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի և Հյուսիսային Մակեդոնիայի թիմերը օդային և ցամաքային ճանապարհներով ժամանում են Հայաստան։
Փրկարար ուժերն Արտակարգ իրավիճակների կառավարման տեղական մարմնի հետ միասին ժամանող խմբերին դիմավորում են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ու նրանց ուղղորդում Կոտայքի մարզի «Լուսակերտի» գործողությունների կենտրոն։
Քաղաքային որոնողափրկարարական աշխատանքները սկսվում են տեղի ուժերի հետ համագործակցությամբ։
Կոտայքի մարզի Արգել և Արզնի բնակավայրերում վաղ առավոտից մեկնարկում են աղետի գոտում միջազգային թիմերի ծավալման, որոնողափրկարարական միջոցառումների նպատակով հրամանատարաշտաբային հավաքների կազմակերպման աշխատանքները:
Արգել գյուղում՝ գործողությունների ծավալման բազայում, բացի տեղական ուժերից, քաղաքային որոնողափրկարարական 6 խմբեր ծավալում են վրաններ և արտակարգ իրավիճակների կառավարման տեղական մարմինների հետ իրականացնում փրկարարական գործողություններ:
Արզնու ձորում տեղակայված 3 ուսումնական հրապարակներում միաժամանակ մեկնարկում են ակտիվ աշխատանքներ՝ փլատակների կառուցատարրերի քանդման և բացման, կինոլոգիական խմբերի օգնությամբ տուժածների որոնման, ավտոմեքենաներից հիդրավլիկ գործիքների կիրառմամբ տուժածներին արգելափակումից դուրսբերման, առաջին օգնություն ցույց տալու ուղղությամբ:
Որոնողափրկարարական աշխատանքներն ուղեկցվում են անօդաչու թռչող սարքերով անցկացվող հետախուզությամբ, իսկ ծանր վնասվածքներ ստացած տուժածին ձորից դուրս բերելու համար աշխատանքներին է միանում ՊՆ ուղղաթիռը:
Պայմանական երկրաշարժից տուժել են նաև Երևան քաղաքում գտնվող պատմամշակութային հուշարձաններ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Փլատակներում մնացած այցելուներին անհրաժեշտ առաջին օգնություն ցույց տալու գործում աջակցում են Հայկական Կարմիր Խաչը և «ԼՈՌԷ» կամավորական կազմակերպությունը: Միաժամանակ փրկարարներն աշխատակիցների օգնությամբ տարհանում են թանգարանային նմուշներ:
Ըստ սցենարի` «Մարի Իզմիրլյանի» անվան մտավոր և ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում երկրաշարժի հետևանքով առաջանում է հրդեհ, երեխաներին և անձնակազմին անվտանգ տարհանելու և հոգեբանական օգնություն ցույց տալու համար տեղում աշխատում են ԵՓՎ ստորաբաժանումների և ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները։
Ակտիվ որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են նաև ողջ գիշեր՝ Աբովյան և Չարենցավան քաղաքներում տեղակայված կետերում, դրանց մասնակցում են միջազգային և տեղական փրկարարական թիմերը, կինոլոգիական ջոկատները:
Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ փակման արարողությունը, որի ժամանակ ղեկավար կազմը շնորհավորեց մասնակիցներին ու կազմակերպիչներին` ուսումնավարժանքը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ և հանձնեց մասնակցության հավաստագրեր:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն