Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի դեռ Ադրբեջանն ունի հնարավորություններ, կշարունակի գործել ուժի դիրքերից, բայց դա անսպառ ռեսուրս չէ. Սիրանուշ Սահակյան

Հոկտեմբեր 12,2023 23:23

«Այն, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը, ամենեւին չի արդարացնում միջազգային մեխանիզմներին չդիմելը»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցի քննությանը ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ Ըստ պահանջի, Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է Լեռնային Ղարաբաղից մնացած էթնիկ հայերին դուրս մղելուն կամ նրանց համար հետեւանքներ ունենալուն, կամ խոչընդոտում է վերջին ռազմական հարձակման ժամանակ տեղահանված անձանց, այդ թվում ՝ Հայաստան կամ երրորդ պետություններ փախչողներին անվտանգ և արագ վերադարձին իրենց տները, միաժամանակ թույլ տալով նրանց, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, դա անել անարգել։

Սիրանուշ Սահակյանի խոսքով. «Ավելին՝ միջազգային իրավական մեխանիզմներում, այո, հանդես ենք գալիս հենց իրավունքի դիրքերից եւ որոշումներն էլ պետք է արտացոլեն իրավունքը: Դրա համար ես արդարացված եմ համարում նախ այդ մեխանիզմներից օգտվելը, եւ, բնականաբար, իրավական փաստարկներ ներկայացնելը: Այլ հարց է, որ հիմա շատ ավելի կտրուկ փոփոխություններ կան ու կարծես թե պետությունները բացարձակ ուժի դիրքերից են հանդես գալիս, սակայն համակարգեր կան, որոնք չեն կորցրել իրենց կենսունակությունը: Միգուցե արդյունավետությունը քննարկվում է ու հատկապես հիմա, երբ նույնիսկ անարխիստական ձեւով են խախտում իրավունքը, բայց կարծում եմ, որ սա ոչ միայն միջպետական հարաբերությունների միտում է, այլեւ ներպետական, երեւի թե հասարակական հարաբերությունների զարգացման նոր որակական ցիկլ կարող ենք համարել»:

Նրա խոսքով, ՄԱԿ-ի դատարանի որոշումների մեխանիզմներ կան եւ դրանց գոյության պայմաններում շատ ավելի հեշտ է քաղաքական ճնշում գործադրելը, ուստի անպայմանորեն պետք է պայքար տանել, որ այդ որոշումները լինեն, որից հետո այդ որոշումների հիման վրա պետք է աշխատանք տարվի, որ ինտենսիվանա քաղաքական ճնշումն ու, ինչու ոչ, կոշտ դրսեւորումներ ստանան, ինչպիսին կարող է լինել թե՛ պաշտոնատար անձանց, թե՛ հենց պետության նկատմամբ պատժամիջոցների կիրառումը. «Սա չկատարելը բացթողում կմեկնաբանվի ու հետագայում ավելի կլեգիտիմացնի Ադրբեջանի հակաիրավական վարքը, հատկապես, որ Հայաստանը ուժաքաղաքական դիրքերից հանդես չի գալիս արտաքին հարաբերություններում: Այն, որ մենք գործ ունենք հրապարակային գործընթացի հետ, արդեն իսկ կարեւոր է ու դա իմիջային վնաս կարող է պատճառել, հատկապես որ լսելի է դառնում: Իսկ եթե այդ փաստարկների ուժի ներքո նաեւ իրավական մեխանիզմներն են արձանագրում խնդիրները, սա պարտավորեցնում է, որի կատարումից հրաժարվում է Ադրբեջանը: Սա վնասող վարքագիծ է ու որոշակի առումով իր հետեւանքը թողնում է, իհարկե, քանի դեռ պոտենցիալն ու հնարավորություններն ունի, կշարունակի գործել ուժի դիրքերից, բայց կարծում եմ սա անսպառ ռեսուրս չէ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031