Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա կնշանակի էթնիկ զտման արդարացում։ Ականներն ի՞նչ կապ ունեն, դուք փորձելու եք գտնել արդարացում նրանց հարձակման համա՞ր»․ Ռուբինյանը՝ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի բանաձևի հետ կապված ադրբեջանցիների առաջարկների առիթով

Հոկտեմբեր 12,2023 21:57

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։

Բանաձևի քննարկումն անցավ լարված մթնոլորտում, որովհետև ադրբեջանական պատվիրակության անդամները մի շարք փոփոխությունների առաջարկներ էին արել։ Նշենք, որ բանաձևն ընդհանուր առմամբ դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։

Սակայն ադրբեջանական պատվիրակության անդամներն իրենց առաջարկություններից մեկով ցանկանում էին փոփոխություն անել և որ բանաձևում նշվի, որ «իրավիճակը սրվել է ականի պայթյունից ադրբեջանցի քաղաքացիական անձանց և իրավապահների սպանությունից հետո»։

Այս առիթով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Դեմ եմ այս փոփոխությանը, քանի որ սա կնշանակի էթնիկ զտման արդարացում։ Իրավիճակը սրվել է, որովհետև Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց ուժ կիրառել և հարձակվել Լեռնային Ղարաբաղի  վրա և էթնիկ զտման ենթարկեց հայ ազգաբնակչությանը։ Ականներն ի՞նչ կապ ունեն սրա հետ։ Արդյոք դուք փորձելու եք գտնել արդարացում նրանց հարձակման համա՞ր։ Սա ամբողջովին անընդունելի է, և ես առաջարկում եմ դեմ քվեարկել»։ Այսուամենայնիվ այս փոփոխության առաջարկն ընդունվեց։

Ադրբեջանցիներն առաջարկում էին, որ փաստաթղթում նշվի, թե վեհաժողովը ողջունում է ՄԱԿ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ։ Ռուբեն Ռուբինյանը դեմ արտահայտվեց․ «Ես ուզում եմ հիշեցնել՝ ամիսներ և տարիներ շարունակ Ադրբեջանը հրաժարվում էր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին թույլ տալ մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։ Միայն ԼՂ բնակչության էթնիկ զտումից հետո նրանք թույլ տվեցին ՄԱԿ-ի առաքելությանը մուտք գործել ԼՂ։ Այս լույսի ներքո ձևակերպումը, որ Վեհաժողովը ողջունում է Ադրբեջանի հրավերը ՄԱԿ-ի առաքելության կամ Վեհաժողովը ողջունում է պայմանավորված այցը, կարծես ծաղր լինի այն մարդկանց նկատմամբ, որոնք բռնի տեղահանվել են։ Ես խստորեն դեմ եմ այս փոփոխությանը և բոլորին կոչ եմ անում դեմ քվեարկել»։ Այս առաջարկը ևս ընդունվեց։

Հայկական պատվիրակության անդամների նախաձեռնությամբ բերված առաջարկը, վախ բառի փոխարեն արձանագրել ֆիզիկական անհետացման սպառնալիք, Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության վաղեմի քաղաքականություն, քանի որ հայերը ոչ թե վախի ներքո, այլ կենսական սպառնալիքի ներքո լքեցին ԼՂ-ն, ևս ընդունվեց։

Ադրբեջանական կողմը առաջարկում էր փաստաթղթում ավելացնել այն, որ «Վեհաժողովը նաև նշում է, որ տեղում ներկա համապատասխան անկախ մարմինները, ինչպիսին են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, չեն արձանագրել Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստան մեկնող հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքեր»։ Ռուբեն Ռուբինյանն այս առիթով վրդովվեց․ «Մարդկանց էթնիկ զտման են ենթարկել, ասում են, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները չեն տեսել հայերի նկատմամբ դաժան վերաբերմո՞ւնք։ Հայերն արդեն գնացել էին, նրանք ի՞նչ են այնտեղ տեսել՝ շներին ու կատուների՞ն։ Սա ծաղրական է»։ Սակայն այս առաջարկությունը ևս ընդունվեց։

ԵԽԽՎ մի շարք պատվիրակների կողմից ներկայացվել էր առաջարկություն փաստաթղթում ներառել հետևյալ նախադասությունը «վիճարկել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը 2024 թվականի առաջին նստաշրջանում»։ Այս առաջարկությունն ընդունվեց։ Հայկական պատվիրակության անդամների նախաձեռնության առաջ բերված այն առաջարկը, որ «Ադրբեջանի հայերի» արտահայտությունը փոխարինվի «հայ փախստականներով», ևս ընդունվեց։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031