Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում այս պահին հրատապ ընթացակարգով անցկացվում է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» թեմայով քննարկումը։ Զեկույցի ներկայացումից հետո ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի խոսնակները դատապարտեցին Ադրբեջանին ուժի գործադրման համար։
Սոցիալիստների խմբի խոսնակ Ֆրանկ Շվաբեն ասաց, որ Ադրբեջանը անցել է բոլոր կարմիր գծերը․ «Այս խորհրդարանը տալիս է հստակ ուղերձ՝ ոչ մի անդամ երկիր իրավունք չունի անցնել կարմիր գծերը։ Ադրբեջանը հիմա կարմիր գծի վրա է։ Մեկ քայլ առաջ դեպի ՀՀ ինքնիշխան տարածք, կնշանակի, որ Ադրբեջանը անցել է բոլոր կարմիր գիծը։ Մենք այլևս սա չենք հանդուրժելու։ Մենք օգտագործելու ենք բոլոր մեր գործող մեխանիզմները, սա է այս քննարկման և ընդհանրապես այս ամբողջ շաբաթվա ուղերձը»։
Ֆրանկ Շվաբեն օգտագործեց էթնիկ զտում բնորոշումը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հայերի հետ կատարվածին ու ասաց․ «Երբեք մեզ համար պատերազմական գործողությունները ընդունելի չեն եղել։ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, մարդկանց մոտ այնպիսի զգացողություն առաջացրեց, որ այդ տարածքում չկա ապագա, ստիպեցին հայերին դուրս գալ այդտեղից։ Մենք պահանջում ենք Ադրբեջանին ապահովել, որ ԼՂ հայերն ունենան հասանելիություն իրենց ունեցվածքին, տներին, պետք է պահպանի հայկական մշակութային ժառանգությունը և ապահովի, որ ԼՂ հայերը վերադառնան իրենց տները։ Մենք ԵԽ Նախարարների կոմիտեին, ԵԽ գլխավոր քարտուղարին ահազանգել ենք օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները։ Մենք նաև պատրաստ ենք վիճարկել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը որքան հնարավոր է շուտ։ Վիճարկել ոչ թե բոլոր հարցերի համար, այլ նրանց պատասխանատվության համար այն հարցով, որ համազեկուցողներին թույլ չի տրվել մուտք գործել ԼՂ։ Նրանք հնարավորություն չեն ունեցել գնալ ու այցելել ռազմագերիներին։ Ճանապարհը մեկն է՝ կամ երկիրը համաձայնում է և գործում մեր կազմակերպության սկզբունքների հետ մեկ գծով, կամ տվյալ երկիրը պետք է լքի այս կազմակերպությունը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ