Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես Փաշինյանի եւ ԱԽ քարտուղարի խոսքերն օգտագործվեցին մեր դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարանում

Հոկտեմբեր 12,2023 20:10

Շարունակվում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի՝ «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման» կոնվենցիայի վերաբերյալ հայցի լսումները ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում:

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը դատարանում ասաց, թե հայկական կողմի մեղադրանքները այնքան անհիմն են, որ արդեն «սեփական կյանքով են ապրում»: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ԶԼՄ-ները եղել են Ղարաբաղում եւ տեսել են ամեն ինչ սեփական աչքերով. «Ադրբեջանի ղեկավարությունը՝ ամենաբարձր մակարդակով հավաստիացրել է, որ Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են եւ կարող են հավասար հիմունքներով օգտվել նույն իրավունքներից, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները:

Մենք կշարունակենք ստեղծել պայմաններ, որոնցում վերադարձը անվտանգ կլինի: Ադրբեջանը հանձնառու է բանակցություն վարել խաղաղություն հաստատելու եւ առաջիկա հանդիպումը տեղի է ունենալու Բրյուսելում այս ամսվա ընթացքում՝ ԵՄ հովանու ներքո՝ երաշխավորելու երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ հարգանքը: Հայերը եւ ադրբեջանցիները այս հակամարտության սկզբից ի վեր հանձնառու չեն եղել այս սկզբունքներին:

Սեպտեմբերի 19-ի դեպքերը տեղի են ունեցել առանցքային զարգացումների շրջանակներում, որոնք հայկական ռազմական խմբավորումները, որոնք ապօրինի կերպով գործադրել էին Ղարաբաղում, առաջադրել էին Ադրբեջանին: Չկա որեւէ վիճարկում, որ 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարության շրջանակներում Հայաստանից պահանջվում էր դուրս բերել զինված այդ խմբավորումները, բայց մոտավորապես 3 տարի անց Հայաստանը ներգրավվեց եւ շարունակեց սատարել Ադրբեջանի ինքնիշխան տարածքում գտնվող այդ ռազմական խմբավորումներին: Իրականում 2022-ի հուլիսին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է, որ հայկական զորքերը դեռեւս գործում են Ղարաբաղում եւ հայտարարվեց, որ դրանք դուրս կբերվեն մի քանի ամիս անց, ինչը այդպես էլ տեղի չունեցավ: Սեպտեմբերին Ղարաբաղում հայկական ուժերի գործունեությունը տագնապալի արագությամբ ահագնանում էին եւ բերվում էին ռազմական պատրաստության, խրամատներ էին դրվում, բացի դրանից, հետեւակային ականներ էին տեղադրվում Ադրբեջանի ռազմական կայանների մոտ եւ քաղաքացիական տարածքներում, որոնք արդեն ականազերծել էր Ադրբեջանը: Արդեն այդ օրերին երկու ադրբեջանցի քաղաքացիական անձինք եւ 4 ոստիկան զոհվեց մեկ ժամվա ընթացքում՝ ականազերծված տարածքներում: Դրանք վերջերս էի ականապատվել»:

Նա ներկայացրեց, թե իրենց այսպես կոչված «օպերացիան» սկսել են դրա համար՝ իբր միայն հայկական ռազմական կայանների նկատմամբ: Ադրբեջանի ներկայացուցիչը սկսեց թվարկել, թե իրենց օպերացիայի ընթացքում ինչքան զինամթերք, տանկ ու զինտեխնիկա, հրթիռներ են գտել Ղարաբաղում տեղաբաշխված. «Ադրբեջանը հրավիրել է ՄԱԿ-ին՝ փաստաթղթավորելու այդ ռազմական տեխնիկան, դիտարկելու հայերի ապօրինի գործողությունները: Բացի դրանից, հրավիրվել են Ադրբեջանի ռազմական կցորդները՝ ականատես դառնալու այն ռազմական տեխնիկային, որոնք վերցվել են այս օպերացիայի արդյունքում: Դատարանը պետք է գնահատի, որ Ադրբեջանի կողմից չվերահսկվող ճանապարհը Լաչինի միջանցքն էր եւ Հայաստանը աղբյուրն էր, մատակարարն էր այդ զենքերի եւ ուզում էր սպանել ադրբեջանցիներին Ադրբեջանի ինքնիշխան տարածքում: Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը բոլոր հնարավոր նախազգուշացումներն արել է, որ քաղաքացիական անձինք չվնասվեն, այդ թվում՝ sms հաղորդագրութուններով: Հայկական ուժերը իրենց ռազմական կայանները շատ մոտ էին տեղակայել բնակավայրերին, այդուհանդերձ, Ադրբեջանը դա դիտարկելով, կիրառել է բարձր ճշգրտության զենքեր»:

Նա սկսեց ներկայացնել, թե ինչ մարդասիրական աջակցություն են տրամադրել Ղարաբաղի հայ բնակչությանը, երկու օր անց հանդիպել են ԿԽՄԿ-ին, օժանդակության տրամադրմանը օգնել, 70 տոննա աջակցություն է տրամադրվել Ղարաբաղին՝ նպատակ ունենալով սնունդ ու այլ միջոցներ ապահովել հեռացողներին եւ նրանց, ովքեր ընտրում էին մնալը:

Էլնուր Մամեդովը, անդրադառնալով Հայաստանի շահերը ներկայացնողների փաստարկներին, ասաց, թե Ադրբեջանը չի խախտել դատարանի որոշումները, ինչպես ներկայացնում էին դատարանում, մոռանում են, թե հայերը հունիսի 15-ին իբր բաց ռազմական գործողություն են իրականացրել անցակետի մոտ եւ լուրջ վիրավորում են հասցրել ադրբեջանցի սահմանապահին. «Ադրբեջանը ստիպված էր ժամանակավորապես անցակետը փակել, որպեսզի թույլ չտար վիրավորումներ: Այդ անցակետի վրա հարձակումը Հայաստանը չի ընդունում, չի ընդունում նաեւ պարբերաբար այլընտրանքային ճանապարհով Ադրբեջանի մարդասիրական աջակցության առաջարկությունը»:

Ըստ նրա, Ադրբեջանը պահպանում է հայերի մշակութային ժառանգությունը՝ թույլ չտալով մասնավորապես գերեզմանների պղծումը. «Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկում պահպանելու Ղարաբաղի մշակութային կոթողներն ու հուշարձանները՝ տեղակայելով դրանց պահպանության համար ոստիկանական ծառայողներ: Այսօր առավոտյան, որ ձեզ ներկայացնում էին պատկերներ Ղարաբաղի հայերի կրած տառապանքներից, դրանք ներկայացվում էին Ադրբեջանի տարածքային պահանջներով պայմանավորված իրավիճակի համատեքստում: Բայց ես կխնդրեմ դատարանին դիտարկել, որ զանգվածային զոհերը այս մասշտաբով տեղի չէին ունենա, եթե լինեին քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակումները: Հայաստանը չունի որեւէ մեղադրանք, որ տեղի է ունեցել քաղաքացիական անձանց նկատմամբ հարձակում: Խոշոր մասշտաբով շրջակա միջավայրին, շենքերին վնասներ չեն հասցվել, ինչը կլիներ, եթե հարձակումներ լինեին բնակավայրերի վրա: Հայաստանը կարողացել է այսօր միայն մեկ եզակի տեղից երկու լուսանկար ցույց տալ նյութական վնասի, որովհետեւ միայն այդ դեպքն է եղել»:

Մամեդովը նշեց, որ այսօր ԵԽ-ի ընդունած բանաձեւը որեւէ փաստական հիմք չունի, ինչպես որ այսօր առավոտյան Ղարաբաղի շենքերից երկու լուսանկարը չեն ներկայացնում ամբողջ Ղարաբաղի իրադրությունը օբյեկտիվորեն: Դատարանը չպետք է հիմնվի միայն Հայաստանի կողմից ներկայացված ապացույցների վրա, որովհետեւ ՄԱԿ-ի առաքելությունը եղել է այնտեղ. «ՄԱԿ-ի հանձնակատարը նշել է, որ չկա վատ վերաբերմունքի որեւէ դեպք, որեւէ մեկը չի նշել այդ մասին: ՄԱԿ-ի առաքելությունը չի նկատել որեւէ վնաս քաղաքացիական հանրային ենթակառուցվածքների, այդ թվում հիվանդանոցների, դպրոցների, կրոնական, մշակութային կառույցների»:

Ինչպես եւ սպասվում էր, Ադրբեջանի ներկայացուցիչը օգտագործեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեր դեմ ասելով, որ նա իր սեպտեմբերի 21-ի ուղերձում ասել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը, ավելի ուշ էլ ասել է՝ «մեր գնահատումն այն է, որ չկա սպառնալիք ԼՂ քաղաքացիական բնակչության համար»: Նույնը կրկնել է հաջորդ օրը՝ ասելով, որ այդ գնահատումը մի փոքր լավարկվել է, չկա ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչության համար: Ադրբեջանի ներկայացուցիչը ներկայացրեց այն պաշտոնական հղումները, որտեղ հայերեն եւ անգլերեն լեզուներով կարող են տեսնել Փաշինյանի այդ խոսքը:

Մամեդովը նշեց, թե հայերը կարող են վերադառնալ ու ապրել Ղարաբաղում. «Մենք ոչ միայն երաշխավորում ենք, այլ անկեղծորեն հավատում ենք, որ նրանք կվերադառնան եւ կյանքը Ղարաբաղում կարող է տարբերվել Հայաստանի կողմից պատկերված խեղաթյուրված ընկալումներից»:

Անդրադառնալով այսպես կոչված «մեծ վերադարձի» իրենց ծրագրին՝ նա ասաց. «Մեծ վերադարձի ծրագիրը չի նշանակում, որ հայերի տները պետք է խլենք իրենցից, սա մեկնարկել է դեռեւս 2020-ի վերջին՝ իրականացնելով ականազերծման գործողություններ, ձեռնարկել վերանորոգման աշխատանքներ, վերականգնում ենք հողը, որը Հայաստանի 30 տարվա օկուպացիայից տուժել է եւ նպատակ ունենք թույլ տալ 90-ականներին Հայաստանի կողմից տեղահանված 1 մլն-ից ավելի ադրբեջանցիներին վերադառնալ իրենց տներ: Բացի այդ, այսօր ցույց տրվեց քարտեզի պատկերներ, որոնք ներառում են արդեն ադրբեջանական անուններով վերանվանված փողոցները «Խանքենդիում»: Խանքենդիում ոչ մի փողոց չի վերանվանվել, սոցիալական մեդիայի գրառումը, որը օգտագործել է Հայաստանը, արվել է 2021-ի օգոստոսին՝ հայցի հիմքում ընկած իրադարձություններից երկու տարի առաջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031